Վարդը լուռ է, բայց բույրը տարածվում է․․․

Վարդը լուռ է, բայց բույրը տարածվում է․․․

Բնության մեջ էլ է այդպես։ Մեկ էլ տեսնում ես «աչք մտնող մի խոտ» , որ քիչ է մնում աչքդ հանի։ Նայում ու մտածում ես՝ լավ, սա իր ո՞ր արածի համար է ուզում աչքս հանի։ Շեղբի նման սուր է, եթե ուզես պոկել կամ կտրել, ձեռքդ կկտրի․․․ Կողքին գլուխը կախ հասկիկներն են, որոնք ծաղկաբույլի մեջ պահում են հատիկը՝ համե՜ստ, հանգի՜ստ․․․ Առաջ այդ հասկերին նմանեցնում էի հասուն գլուխների՝ ինքս էլ չգիտեմ՝ ինչու։ Այսօր հասկանում եմ իմաստը։ Գործ անողը լուռ է լինում։ Գործ անողի գործն ես տեսնում, ոչ թե խոսքը։ Մեր մեծերը, երբ մեկի արածը չափի մեջ չէր լինում, ասում էին՝  «Այ մարդ, դու հո խոտ չե՞ղ կերել» կամ՝ «Խոտը բերանին հայվան»։ Որ հարցնում էի , թե ինչու՞ են հասկերը գլուխները կախ, գյուղում ասում էին՝ «Լիքը հասկի կըլոխը կախ կինի»։ Ու լիքը հասկի նման բոլորը գլուխները կախ աշխատում, հաց էին ստեղծում։ 

Մանկությունիցս է մնացել, որ ճղճղացողին, գոռացողին չեմ հավատում, որ գլուխը «ցցածներին» դատարկագլուխ եմ համարում։ Մանկությանս մի պատկեր տպավորվել է իմ մեջ։ Քաղաքական այսօրվա  մթնոլորտին շատ եմ նմանեցնում։  Մեր գյուղի ճամփեզրին ցից- ցից խոտեր էին, որոնց մոտենալ չէր լինի, ամեն մեկը մի սուր էր։ Մի անգամ նրանց կողքով անցնելուց մի անուշ բույր զգացի։ Ուշադիր նայեցի ու տեսա, որ նրանց մեջ մի փոքրիկ վարդի թուփ է, վարդն է բուրում։ Ցից խոտերն  այնպես էին  կալմեջ արել վարդին, որ նա չերևա։ Նա համարյա չէր երևում, բայց բույրը տարածվել էր։ Վազելով գնացի 90-ամյա պապիս մոտ՝ պապի արի, ցից խոտերը վարդին խեղդում են։ Պապս տմբտմբալով եկավ, հնձեց խոտերն ու․․․ վարդին ազատեց․․․ Ինչո՞վ եմ նմանեցնում այսօրվա վիճակին։ Ժողովրդական ազատագրական շարժումը ցից- ցից խոտերը խեղդում են։ Կալմեջ են արել, աջ ու ձախից հարվածում, շնչահեղձ են ուզում անել, չեն ուզում, որ այն աճի, իր շքեղությունը ցուցադրի։ Հիմա էլ ասում են մարել է շարժումը, մարել է վարդը, բայց չեն տեսնում, որ վարդը լուռ է, բայց բույրը տարածվում է․․․