Ադրբեջանը լրջորեն աշխատում է ՀՀ տնտեսական հենասյուների դեմ

Ադրբեջանը լրջորեն աշխատում է ՀՀ տնտեսական հենասյուների դեմ

Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի նկատմամբ իրականացնում է «տեղեկատվական ահաբեկչություն»՝ փորձելով միջազգային կառույցներին ներկայացնել, թե Հայաստանում գործող հանքարդյունաբերական ընկերությունները աղտոտում են շրջակա միջավայրը եւ հատկապես` գետերը, որոնք անցնում են նաև Ադրբեջանի տարածքով: Հայաստանը՝ որպես տարածաշրջանը աղտոտող ներկայացնելով թիրախավորում է ՀՀ հանքարդյունաբերությունը։ 

Թե որքանով կարելի է այս հարձակումները լուրջ ընդունել, եւ արդյոք դրանց մեջ վտանգ կա՞, այս թեմայի շուրջ NEWS․am-ը զրուցել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված այդ հարցազրույցից:

-Պարոն Ջհանյան, Ադրբեջանի կողմից ՀՀ հանքարդյունաբերության թիրախավորումը ոչ միայն չի թուլանում, այլ նաև ստանում է նոր երանգներ։ Վերջերս Ադրբեջանում գործող Environmental Protection First (EPF) «ոչ կառավարական» դաշինք կոչված միավորումը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հանքահումքային պաշարները» քարտեզը, որը կազմված է ադրբեջաներեն, անգլերեն և հայերեն լեզուներով։ Դուք այստեղ վտանգ տեսնում ե՞ք։

- Չէի ցանկանա, որ մենք հանքարդյունաբերության հարցում պաշտպանվողի դերում լինենք։ Դուք հարցնում եք՝ վտանգ տեսնո՞ւմ եմ։ Անկեղծ ասած՝ ես այստեղ հնարավորություն եմ տեսնում։ Բոլորիս համար սա հնարավորություն է հասկանալու հանքարդյունաբերության ոլորտի պոտենցիալը։ Ցավոք, մենք տասնամյակներ շարունակ, որպես հասարակություն դա չենք հասկացել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը լրջորեն աշխատում է ՀՀ տնտեսական հենասյուների դեմ։ Եվ հանքարդյունաբերությունն առաջին թիրախն է։ Գոնե սա պետք է ակնհայտ դարձնի պարզ ճշմարտությունը, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը մեր երկիրն իրական տնտեսական հաջողություն բերելու մեծ ու չօգտագործված պոտենցիալ ունի։

- Բայց չէ՞ որ Հայաստանում միշտ զգալի ծավալի է եղել հանքարդյունաբերությունը, իսկ արդյունքներն այնքան էլ տեսանելի չեն եղել, եւ դրանով է պայմանավորված հայ հանրության թերահավատ վերաբերմունքը դրա արդյունքների հանդեպ։

- Համաձայն չեմ։ Թերահավատ վերաբերմունքը պայմանավորված է եղել հիմնականում՝ տարածվող կեղծիքով, սկսած հանքարդյունաբերության ծավալների մասին ապատեղեկատվությունից։ Չգիտեմ՝ միտումնավոր էր այս ապատեղեկատվությունը տարածվում, թե անտեղյակության հետեւանքով, բայց տարբեր հասարակական կազմակերպություններ խոսում են, օրինակ, հարյուրավոր հանքերի մասին, իսկ մարդիկ լսում էին ու մտածում՝ իսկապես, եթե այդքան հանք կա, ինչո՞ւ արդյունքն ավելի տեսանելի չէ։ Իրականում Հայաստանում կա գործող մետաղական ընդամենը 5-6 հանք, ընդ որում խոշոր միակ հանքը ԶՊՄԿ-ն է, որ ողջ ծավալով աշխատում է։ Հայաստանում 30 տարվա անկախության ընթացքում ընդամենը մեկ նոր հանք է հայտնագործվել, այն էլ շինարարությունը կիսատ է մնացել։…

-Ադրբեջանի մեդիատիրույթը ողողված է այս տարվա նոյեմբերին կայանալիք COP29-ի թեմայով։ Ադրբեջանը ներկայացվում է որպես «կանաչ» պետություն։ Պետական մակարդակով տարվող քարոզն ավելի արժանահավատ դարձնելու համար «ներգրավվել» են նաև արտասահմանյան փորձագետներին։

- Գիտեք՝ շատ զավեշտալի է, երբ կարդում ես այդ նյութերը։ Նայելով, թե ինչքան աղտոտված է Ապշերոնյան թերակղզին՝ «կանաչ» Ադրբեջանը ավելի շուտ սև է կամ շագանակագույն։ Սակայն, ցավոք, ես ակնկալում եմ, որ հայաստանյան ակտիվիստական կազմակերպությունների շատ հրապարակումներ տեղ են գտնելու COP29-ի ադրբեջանական փորձագետների զեկույցներում։ Անշուշտ, իրենք ամեն ինչ կանեն, որ կոնֆերանսի մասնակիցներին ցույց տան ՀՀ հանքարդյունաբերության «վնասակարությունը»։ Մինչդեռ, ի տարբերություն հարևան երկրների՝ ՀՀ-ում ավելի շատ են ուշադրություն դարձնում բնապահպանական խնդիրներին պետական մակարդակով: Եվ մեր մեդիայի միջոցով մենք պետք է ցույց տանք մեր արած աշխատանքն այդ ուղղությամբ։ Տեսեք՝ Ադրբեջանը չեղածն ու չարածն է արածի տեղ մատուցում աշխարհին, իսկ մենք մեր արածները չենք կարողանում տեղ հասցնել անգամ մեր տեղական լսարանին, ինչը լուրջ խնդիր է։ Այստեղ պետությունը ևս մեծ անելիք ունի։