Որն է գաղութացված եւ ազատ երկրների տարբերությունը

Որն է գաղութացված եւ ազատ երկրների տարբերությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայից հետո այցելել է Վիետնամ: Չնայած ամերիկացիների զգուշացումներին՝ Վիետնամի իշխանություններն ընդունել են Ռուսաստանի նախագահին, քանի որ առաջնորդվում են ոչ թե ամերիկյան դեսպանի ցուցումներով, այլ համարում են, որ իրենք են իրավասու որոշել՝ ում ընդունել եւ ում մերժել: Դա նույնն է, որ ձեր վաղեմի թշնամիներից մեկը ձեզ արգելի՝ հյուր ընդունել տարիներ շարունակ ձեզ օգնած եւ աջակցած մարդուն: Մինչեւ ՌԴ նախագահի այցը, Վիետնամում ամերիկյան դեսպանը հայտարարություն էր տարածել. «Ոչ մի երկիր չպետք է հարթակ տրամադրի Պուտինին` նրա ագրեսիվ պատերազմն առաջ մղելու համար»: Եվ սա ասում է Վիետնամում ԱՄՆ դեսպանը` մի երկիր, որի զորքը շուրջ 16 տարի կռվում էր վիետնամցիների դեմ: Ամերիկացիների ագրեսիայի զոհերի թիվը հասնում է մոտ 3 միլիոնի, մեծ մասը՝ խաղաղ բնակիչներ:

Ամերիկացիները Վիետնամի տարածքում, սովորական զինատեսակներից բացի, օգտագործում էին նաեւ քիմիական եւ կենսաբանական զենք, ինչի հետեւանքները մինչ օրս չեն վերացել․ Վիետնամում եւ հարակից երկրներում հարյուր հազարավոր հեկտար տարածքներ մինչեւ հիմա անմշակ են, գյուղատնտեսության համար անպիտան: Ագրեսիվ պատերազմի առաջմղման մասին է խոսում ժամանակակից աշխարհում ամենաշատ ագրեսիվ պատերազմներ մղած երկրի ներկայացուցիչը, մի երկիր, որն այսօր էլ շարունակում է նման պատերազմներ մղել իր տարածքից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող երկրներում:

Հայաստանը Վիետնամ չէ, այլ շարքային ամերիկյան գաղութ, որտեղ երկրի վարչապետի պաշտոնն ամենաբարձրը չէ, այն ընդամենը ամերիկյան դեսպանին ենթարկվող ադմինիստրացիա է: Ամերիկացիները ստիպեցին, որ Հայաստանի իշխանություններն արգելեն Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան, եւ Հայաստանը խելոք կատարեց նրանց կամքը` Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Հռոմի ստատուտը: Երբ այդ փաստաթուղթը վավերացվում էր ՀՀ խորհրդարանում, իշխանության ներկայացուցիչներն ասում էին, որ դա արվում է ոչ թե Վադիմիր Պուտինի դեմ, այլ Ադրբեջանի դեմ քրեական գործեր հարուցելու եւ պատասխանատվության ենթարկելու նպատակով: Հետագա ընթացքը ցույց տվեց, որ Հռոմի ստատուտի վավերացումից հետո Հայաստանն Ադրբեջանի դեմ որեւէ հայց չներկայացրեց, հետեւաբար՝ Միջազգային քրեական դատարանն էլ Ադրբեջանի դեմ ոչ մի վճիռ չկայացրեց, բայց դրա վավերացումից հետո Ռուսաստանի նախագահը Հայաստան չեկավ ու չի էլ գա:

Մեկ շաբաթ առաջ, թերեւս նորից ամերիկյան ցուցումով, Նիկոլ Փաշինյանն արգելեց նաեւ Բելառուսի նախագահի այցը Հայաստան: Նա, պատճառ բռնելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությունները, ասաց, թե ինքն այլեւս Բելառուս չի այցելի, քանի դեռ այդ երկրի նախագահը Լուկաշենկոն է, եւ արգելեց Հայաստանի պաշտոնական պատվիրակություններին այցելել Բելառուս: Բնական է, որ Բելառուսի նախագահն էլ այլեւս Հայաստան չի գա, ինչպեսեւ Բելառուսի պաշտոնական պատվիրակությունները: Իսկ ամերիկյան դեսպանի ինչի՞ն էր պետք, որ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարությամբ հանդես գա եւ խզի հարաբերությունները Բելառուսի հետ:

Ամերիկացիներն ուզում են, որ, ինչպես ՀԱՊԿ-ի դեպքում է Հայաստանը սառեցրել իր անդամակցությունն այդ կազմակերպությանը, նույնն անի նաեւ ԵԱՏՄ-ում: Մայիսին Ռուսաստանի իշխանություններին հաջողվեց Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկել Մոսկվա, որ նա մասնակցի ԵԱՏՄ հոբելյանական 10-րդ գագաթնաժողովին: Հունիսի 4-ին Մինսկում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ավարտից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաեւը հայտարարել էր, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին, Երեւանում: Ստացվում է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավվում էր ԵԱՏՄ աշխատանքներում: Իրադարձությունների՝ իրենց համար ոչ ցանկալի սցենարով զարգացումը կանխելու համար ամերիկացիները որոշեցին, որ պետք է Հայաստանը թշնամացնել ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ եւս մեկ անդամ երկրի հետ: Սագինտաեւի հայտարարությունից 10 օր չանցած՝ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հակաբելառուսական, հակալուկաշենկոյական հայտնի հայտարարություններով, չնայած դրանից առաջ էլ էր Բելառուսին մեղադրել 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցելու մեջ:

Պարզ է, չէ՞, որ առանց Բելառուսի պատվիրակության ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ Հայաստանում տեղի ունենալ չի կարող: Շատերն իրավացիորեն նշում են, որ Թուրքիան, որը 44-օրյա պատերազմում անհամեմատ ավելի մեծ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, կարելի է ասել՝ Ադրբեջանի հետ հավասար կռվել է Հայաստանի դեմ, նույն վերաբերմունքին չի արժանանում, ինչի ապացույցը մի քանի օր առաջ կայացած Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցն է: Ինչո՞ւ․ որովհետեւ ամերիկյան դեսպանը Փաշինյանին Թուրքիայի հետ թշնամանալու հրահանգ չի տվել, հակառակը` խրախուսում է Հայաստանի թրքահպատակեցումը, ինչը եւ Փաշինյանն իրականացնում է:

Ինչո՞ւ են Հյուսիսային Կորեան կամ Վիետնամն այդքան ամուր կառչած իրենց ազատությանը եւ անկախությանը եւ թույլ չեն տալիս, որ որեւէ երկիր, այդ թվում եւ իրեն աշխարհի տիրակալ երեւակայող Միացյալ Նահանգները, ոտնձգություն կատարի իրենց երկրների ինքնիշխանության դեմ, իսկ Հայաստանի իշխանություններն իրենց պահում են ամենավերջին ստրուկի պես: Հարցը միայն երկրների չափերի եւ ոչ էլ բնակչության քանակի, տնտեսական կամ ռազմական կարողությունների մեջ չէ: Հյուսիսային Կորեան եւ Վիետնամն իրենց ազատությունն ու անկախությունը նվաճել են տասնյակ տարիների համառ եւ արյունալի պատերազմների արդյունքում: Ամերիկացիները մինչեւ Հայաստանը գաղութացնելը փորձել են գաղութացնել նաեւ այդ երկրները, բայց հանդիպել են այդ երկրների ժողովուրդների եւ էլիտաների համառ դիմադրությանը: 1975 թվականին ամերիկացիներն ի վերջո ընդունեցին իրենց պարտությունը եւ հրաժարվեցին Վիետնամը գաղութացնելու գաղափարից` տալով մոտ 60 հազար զոհ, որովհետեւ հասկացան, որ իրենց ուզածն անհնար եւ անիմաստ զբաղմունք է: Մենք՝ հայերս, մեր անկախությունը գրեթե նվեր ենք ստացել, դրա համար չենք գիտակցել դրա արժեքը եւ այդ պատճառով մեր ազատ եւ անկախ լինելու իրավունքն այդքան հեշտ զիջել ենք օտարներին: Հետո էլ ուզում ենք, որ մեզ հարգեն կամ մեզ հետ հաշվի նստեն. մի՞թե կարելի է սեփական ազատությունից հրաժարված եւ ուրիշին ստրկաբար ծառայողի նկատմամբ արհամարհանքից բացի այլ վերաբերմունք ունենալ:

Ավետիս Բաբաջանյան