Լուրջ հետևանքներ կունենա. Նեթանյահուի գրասենյակը՝ ՀՀ ԱԳՆ-ին

Լուրջ հետևանքներ կունենա. Նեթանյահուի գրասենյակը՝ ՀՀ ԱԳՆ-ին

Պաղեստինի պետականությունը ճանաչելու Երեւանի որոշումը բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ հարաբերությունների վրա։ 
Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

«Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը մրցանակ է ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար: Այս քայլը երկարաժամկետ լուրջ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների վրա»,- գրել է նա։

Հիշեցնենք, այսօր ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Պաղեստինի պետականությունը ճանաչելու մասին:
Գերատեսչությունում նշել են, որ «Երևանն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ»:
Այս հայտարարությունից հետո Իսրայելի ԱԳՆ է կանչվել այդ երկրում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը՝ զրույցի և նկատողություն ստանալու նպատակով:

«Հրապարակ»-ին տված մեկնաբանությունում էլ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրեց, որ Իսրայելում ՀՀ դեսպանը դեռ հանդիպում չի ունեցել հրեական պետության արտաքին գերատեսչությունում:

Հավելենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշման համար։

ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ ասվում է, որ շարժումը ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչման մասին հայտարարությունը.

«Սա համարում ենք կարևոր քայլ մեր ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչման համախմբման ճանապարհին, ինչպես նաև հարաբերությունների պատմության նոր էջ մեր երկու բարեկամ ժողովուրդների միջեւ»։