Ոչինչ չունեմ այս կյանքում կորցնելու․․․

Ոչինչ չունեմ այս կյանքում կորցնելու․․․

Բագրատ Սրբազանի խոսքերը այսօր նոր իմաստ են ստանում․ «Բացի իմ այս հագուստից, ուրիշ ոչինչ չունեմ ես այս կյանքում կորցնելու»։ Դրանք պահի համար ասված բառեր չէին, այս պայմաններում, երբ ամեն օր քրեական գործեր են հարուցվում ու առևանգումներն էլ նորություն չեն, վկայությունն է այն բանի, որ գոյը մեր ժամանակներում մարդու ամենաբարձր արժեքն է։ Գիտե՞ք ինչ դժվար է գտնել առաջնորդ, որի միակ ունեցվածքը իր հագուստն է, գտնել մի առաջնորդ, որը հավատում է, որ կյանքը այն չէ, ինչ վայելում ենք, կա հավիտենական կյանք, որը հոգու ու մարմնի փորձության պայքար է։

Նման մարդկանց աշխարհիկ մարդիկ չեն հասկանա, մոմ վառողներն էլ չեն հասկանա, հոգով մաքրվածները գուցե թե ոչ ամբողջովին, բայց հասկանան։ Ովքեր վստահել են Աստծուն,  իրենց կյանքը նվիրել Նրան, կարծում եմ Սրբազանի կյանքը դրա վկայությունն է, Աստված խոսք ունի նրանց համար․  «Քեզ դիպչողը Աստծու աչքի բիբին է դիպչում» (տե՛ս Զաքարիա ‭2․8 խոսքը‬)։ Եվ եթե շատ անհավատներ զարմանում են, թե ինչու Բագրատ Սրբազանի հետ ոստիկանները, ուժայինները չեն վարվում այնպես, ինչպես մյուսների հետ, ասեմ, որ դա Աստծո վախն ու երկյուղածությու՜նն է, ուրիշ բան չկա։ Ծնված օրից մոր կաթի պես այդ երկյուղածությունը, հարգանքը ներարկվել է նրանց մեջ, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է մամլիչով քամել երկյուղածության, հարգանքի հյութը՝ տարբեր գործիքներով,  ու նսեմացնել հայ ժողովրդի գոյությունը դարերով ապահոված հավատն ու եկեղեցին, նրա ծառաներին։ Մոտիկ մի ոստիկանի հետ եմ զրուցել այդ հարցով։ Հարցրել եմ՝ եթե հրամայեն, Սրբազանի վրա կգնա՞ք․․․ Ասաց կարճ՝ ես ընտանիք ունեմ, վախենում եմ։ Մարդը, որը զոհաբերել է իրեն Աստծուն, ժառանգ անգամ  չունի,  Աստծո կանչով ելել է սրբազան պայքարի, որ իր երկիրը փրկի, ո՞վ կարող է նրա դեմ դուրս գալ․․․ Իհարկե, միայն այն ուժը, որ չարից է։ Ես շատ մարդիկ գիտեմ, որոնք խաչքար են քանդել, մեր եկեղեցուն կամ հոգևոր հայրերին «նեղացրել են», բայց հետո զղջացել, ապաշխարել են, որովհետև իրենց մեղքի պատասխանը ստացել են Աստծուց։