The show musn’t go on

The show musn’t go on

Երեք ամիս առաջ Եվրախորհրդարանը ընդունել էր բանաձև, որով առաջարկվում էր դիտարկել Հայաստանին ԵՄ անդամության թեկնածություն տրամադրելու հնարավորությունը։ Դրա առնչությամբ դիմելով եվրոպական կառույցների ղեկավարությանը՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը խնդրել էր Հայաստանը ներառնել Եվրամիության մեջ այն աստիճան, որքան հարմար է իրենց: Այնուհետև լռություն էր տիրել, և ինձ թվացել էր, թե եվրոպացիներին անհանգստացրել է մարդու իրավունքների համատարած խախտումները մեր երկրում: Եվ նրանք դադար էին տվել՝ Նիկոլին հասկացնելով, որ գործընթացը շարունակելու համար անհրաժեշտ է այդ հարցում իրականացնել որոշ տեսանելի բարեփոխումներ: Սակայն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ձևավորման ընթացքում այդ խախտումներն ավելի են սաստկացել՝ բացահայտելով երկրում հաստատված՝ նիկոլական կեղծ ժողովրդավարության իրական էությունը:

Ենթադրում եմ, որ դա թաքցնելու նպատակով է նախորդ օրը Երևանի հյուրանոցներից մեկում կազմակերպվել եռանդուն հայաստանյան արևմտամետների՝ քաղաքացիական թե քաղաքական դաշտից, հավաքը: Դրան Հայաստանում օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչների մասնակցությունը հուշում է, որ իրական կազմակերպիչը եղել է ոչ թե ինչ-որ ՀԿ, այլ հենց ՀՀ կառավարությունը: Հավաքի մասնակիցները ենթադրաբար միաձայն որոշել են, որ Հայաստանի տեղը Եվրամիությունում է: Ըստ այդմ, հնարավորինս սեղմ ժամկետում պետք է դիմում հղվի ԵՄ-ին՝ ՀՀ-ն իր շարքերն ընդունելու խնդրանքով: Կարճ (թե՞ երկար՝ պատմություն այդ առումով ոչինչ չի ասում) քննարկումից հետո մասնակիցները բանաձև են ընդունել, որով «Հայաստանի կառավարությանը կոչ է արվել համաժողովի անցկացման օրվանից չորս ամսվա ընթացքում անցկացնել Հայաստանի Եվրոպական միությանն անդամակցելու հանրաքվե»: Թե ինչու ոչ մեկ կամ երկու եռամսյակ, այլ չորս ամիս և ինչպես ռուսը կասեր, «не больше, не меньше», կրկին պատմությունը լռում է:  

Ենթադրում եմ, որ քառամսյա ժամկետը խոր մտատանջության մեջ է գցել վարչապետի պաշտոնից կառչած անձին: Եվ նա հանձնարարել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարին հենց հաջորդ օրը կազմակերպել մեկ այլ հավաք: Վերջինիս կամքը, բնականաբար, կյանքի է կոչվել, և նույն կազմը մեկտեղվել է այդ անգամ ԱԺ-ում՝ խորհրդարանական լսումների ձևաչափով: Մասնակիցներից մեկին՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Սարգսյան Արամին, էլ հանձնարարվել է իր անունից քառամսյա ժամկետը եռամսյայով փոխարինելու առաջարկ անել: Ինչն էլ վերջինս հաճույքով կատարել է՝ առաջարկելով հանրաքվեի օրը համապատասխանեցնել անկախության հանրաքվեի օրվան՝ սեպտեմբերի 21-ին: Ինչը հերթական անգամ ցույց է տալիս, որ վերը նշված անձը իր ադրբեջանական գործընկերոջից սովորել է իր կյանքում տեղ տալ թաքնագիտությանը (էզոթերիկային):

Ահա այսպիսի շոուներ, որ մեր կյանքի անբաժանելի մաս դարձան 2018-ի գարնանային օրերից: Իսկ քանի որ շոուների նպատակը ոչ թե հողի վրա, այլ վիրտուալ իրականություն կերտելն է, մեր կյանքն էլ իրականում գնում է միայն վայրընթաց ուղիով: Եվ այդ գործընթացը կանգ կառնի միայն այն դեպքում, երբ ՀՀ կառավարության կազմում կհայտնվեն ոչ թե շոումեններ, այլ ադեկվատ ու պետական մտածողությամբ օժտված անձինք: Իսկ դա այն է, ինչին ձգտում է «Սրբազան շարժումը»: Եվ ինչը վստահաբար հաջողություն է գրանցելու: Իսկ շոուներն էլ վերջապես կզբաղեցնեն իրենց համապատասխան տեղը մեր կյանքում: