Բաց նամակ Բագրատ սրբազանին

Բաց նամակ Բագրատ սրբազանին

Նախ ասեմ, որ 2020 թվից սկսած՝ այնքան տխուր ու ընկճված եմ եղել, որ էլ ասելու չէ: Չեմ ուրախացել ո՛չ Վազգեն Մանուկյանի փրկության շարժման, ո՛չ Իշխան Սաղաթելյանի դիմադրության շարժման ժամանակ: 2021-ի ընտրություններից առաջ էլ սիրտս զգում էր, որ մեր ժողովուրդը մի ղալաթ անելու է` գնալու է, վերջին պահին Նիկոլ ընտրի, աշխարհով մեկ մեզ խայտառակի: Չնայած շատերն այն ժամանակ էլ էին հասկանում, որ «ապագա չկա» ու չի կարող լինել, քանի դեռ սրանք են իշխանության գլխին: Ուղղակի էն միտքը, որ Արցախում կռված նախկին նախագահները պատերազմ են բերելու, շատ վախեցրեց մարդկանց: Հիմա հուսով եմ՝ շատերն են հասկացել, որ պատերազմ ոչ թե Քոչարյանն ու Սերժն էին բերելու, այլ հենց Նիկոլն է բերել: Որ պատերազմ ոչ թե կռվող, պինդ տղեն է բերում, տարիքն առած, փորձ ունեցող ղեկավարը, այլ անկայուն, հեղհեղուկ, մի օր նալին, մի օր մեխին խփող վախկոտ ջահելը, որը դեռ այնքան չէր հասունացել, որ պետություն ղեկավարեր, բայց մենք քանի որ շատ միամիտ ու վստահող ազգ ենք, հավատացինք, որ կկարողանա, ու բերեցինք իշխանության: Լավ, 2018 թիվ չհասնեմ, ինչ եղել՝ եղել է, ոչ մի բան հետ չես բերի էլ:

Հիմա գամ այսօրվան եւ Բագրատ սրբազանին: Ասեմ, որ հենց առաջին պահից ուրախացել եմ ու հավատացել եմ Տավուշի թեմի առաջնորդին: Սրբազան ջան, դու շատ կարեւոր բան ես արել` անկախ քո արածի արդյունքներից: Դու արթնացրել ես մեր ազգին եւ աշխարհին ցույց ես տվել, որ մենք անտարբեր չենք մեր պետության նկատմամբ, եւ Նիկոլ Փաշինյանն էլ էնքան հեղինակություն չունի երկրում, ինչքան ուզում է ցույց տալ: Ուղղակի փիառ անելու լավ մասնագետներ են սրանք ու հա՛մ մեր ժողովրդին են համոզում, որ ինքը ռեյտինգ ունի, հա՛մ` միջազգային կառույցներին: Այսինքն, «Քաղպայմանագիր» կուսակցության եւ նրանց ղեկավարի հորինած լեգենդները սրբազանի ձեռքով ջրվեցին, եւ մարդիկ հասկացան, որ «թագավորը տկլոր է»:

Մյուս կարեւոր բանը, որ Բագրատ սրբազանն արել է, այն է, որ մարդկանց ցույց է տվել, որ ոչ թե փողոց դուրս եկող չկա, այլ փողոց հանող չկա: Այսինքն՝ երբ մարդիկ տեսնում են մի նորմալ, վստահելի առաջնորդի, որին հավատում են, լավ էլ գնում են հետեւից: Չեմ ուզում ո՛չ Վազգեն Մանուկյանին վիրավորեմ ու իջեցնեմ իր վաստակը, ո՛չ Իշխան Սաղաթելյանին ու մյուսներին, բայց մարդիկ քաղաքական գործիչներից իրոք հոգնել են: Նրանց նոր բան պետք է առաջարկել կամ նոր ձեւերով է պետք առաջարկել: Ու մարդիկ հաստատ դուրս կգան, կպայքարեն իրենց լավ օրվա համար: Մեր ժողովուրդն իրականում շատ էլ լավ պայքարող է եւ բացարձակ անտարբեր չէ իր պետության նկատմամբ` ուրիշ ազգերի համեմատ: Ուղղակի պետք է իր հոգուն հարազատ, իր համար վստահելի, ազնիվ, անկեղծ մարդ հայտնվի: Իմիջիայլոց, Նիկոլն էլ 2018-ին հենց էդպիսին էր, ու դրա համար ժողովուրդն իր հետեւից գնաց:
Մի լավ բան էլ ասեմ ու անցնեմ վատին: Հարգելի սրբազան, դու նաեւ ցույց տվեցիր, թե ինչպես կարելի է ատելության, վայրահաչոցների ու վայնասունի մեջ լինել բարձր, անգամ ոմանց հակադարձելուց չչարանալ ու չհայհոյել, բարի ժպիտով ասել: Եվ ամենակարեւորը` հիմնականում ուշադրություն չդարձնել տարբեր սիվիկների, արփիների, արթուրների ու տարոնների ասած-գրածներին: Բարձր կանգնել էդ ամբողջ աղբից, չնկատել պուճուր մարդուկներին, բանի տեղ չդնել դրանց հիստերիան ու իրենց մի կտոր լափի համար օդ արտանետվող բարբաջանքները: Իսկական քաղաքական գործիչը, հեղափոխականը հենց այդպիսին պետք է լինի, այլ ոչ թե ամեն ֆեյքի հայհոյանքից գլուխը բռնի ու ծակը մտնի կամ իր ենթականերին ասի՝ շուտ պատասխանեք սրան:

Հիմա անցնեմ քննադատությանը։ Պայքար սկսողը, սրբազան ջան, չպետք է լսի կողքից բարբաջողներին, անգամ եթե դրանք իր համախոհներն են: Չպիտի ընկնի նրանց ազդեցության տակ: Ու ամենակարեւորը` չպետք է մտածի, որ էսա վռազ կհասնեմ հաջողության: Մեկ էլ, չգիտեմ՝ ինչքանով է ճիշտ, չպետք է ձգտի իշխանության: Դա հաջորդ փուլի խնդիր է: Որ օրն ասացիր` ես եմ վարչապետի թեկնածուն, էդ օրը փոխվեց խնդիրը: Ստացվեց, որ հավաքվել եք ոչ թե Նիկոլին ճամփելու, այլ քեզ վարչապետ սարքելու համար: Եթե հիշում եք` մինչեւ Սերժի հրաժարականի օրը ոչ մեկը չէր ասում՝ Նիկոլ-վարչապետ, առաջին անգամ դա ասացին ապրիլի 23-ին, ու ժողովրդից եղավ ասողը:
Հույս ունեմ, որ չես վհատվել, չես կոտրվել: Վստահ եմ, որ այս շարժումը դեռ շարունակություն է ունենալու:

Գարիկ Ասատրյան
Մոսկվա