Ամպերը փոփոխություններ են կրել, որոնք նպաստում են գլոբալ տաքացմանը 

Ամպերը փոփոխություններ են կրել, որոնք նպաստում են գլոբալ տաքացմանը 

Չինացի եւ գերմանացի գիտնականները հայտնաբերել են Երկիր մոլորակը պարուրող ամպերի շերտերում ասիմետրիկ փոփոխություններ։ Այդ փոփոխությունները, պարզվել է, որ կապված են գլոբալ տաքացման ուժգնացման հետ։ Նշենք, որ օրվա ցերեկային ժամերին ամպերը արեւային լույսը արտացոլում են հետ դեպի տիեզերք, իսկ գիշերային ժամերին գործում են ծածկոցի նման՝ պահպանելով ջերմությունը։

Նորագույն հետազոտությունները պարզել են, որ ամպային ծածկույթի կառուցվածքը փոփոխվել է այնպես, որ վերջինիս հովացնող էֆեկտը նվազել է ցերեկվա ընթացքում եւ մեծացել է գիշերվա ժամերին։ Հետազոտություններն իրականացվել են արբանյակային դիտարկումների եւ ապա արդեն ստացված տվյալների հիման վրա իրականացված մոդելավորման հիման վրա։ Գիտնականները նշել են, որ ամպային ծածկույթի կառուցվածքային նման փոփոխությունը առաջացել է հենց գլոբալ տաքացման հետեւանքով։ Միաժամանակ նաեւ նշել են, որ իրավիճակն այնպիսին է, որ ամպային ծածկույթը փոփոխություն կրելով, սկսել է նպաստել գլոբալ տաքացման ուժգնացմանը։