Շարժումը մտել է ինքնամաքրման փուլ, ունենք Նիկոլի ջրաղացին ջուր լցնելու խնդիր․ ՀՀԿ ներկայացուցիչ

Շարժումը մտել է ինքնամաքրման փուլ, ունենք Նիկոլի ջրաղացին ջուր լցնելու խնդիր․ ՀՀԿ ներկայացուցիչ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը թեւակոխել է պասիվ փուլ, նախաձեռնողների խոսքերով՝  վերակազմակերպման փուլում են, իսկ ահա իշխանական քարոզչամեքենան էլ ակտիվորեն տարածում է շարժումը մարելու մասին տեղեկություններ, խոսում են շարժման մասնակիցների, ընդդիմության պառակտված լինելու մասին: Իշխանության ձեռագիրը չի փոխվում․ սոցցանցերում են հայտնվել ապօրինի արված գաղտնալսումներ, որով փորձում են հասարակությանն համոզել մեկ այլ իրականություն։ ՀՀԿ Շիրակի մարզի  տարածքային կառույցի ներկայացուցիչ Նարեկ Միրզոյանը hraparak.am-ի հետ զրույցում վստահեցնում է, որ շարժումը վաղ թե ուշ հաջողելու է․

«Շարժումը մտել է նոր փուլ, որը ինքնամաքրման , հնարավորությունների առավել օգտագործման  փուլն է, այն չի կարող մարել, որովհետև սա Հայաստանի պետականության պահպանման,  հետագա գոյության խնդիրն է: Հիմա պետք է հաշվի նստել բոլոր իրողությունների հետ, բոլոր մանիպուլյատիվ խոսակցություններն ավելորդ են, ունենք Նիկոլի ջրաղացին ջուր լցնելու խնդիր: Սա մեկ օրվա խնդիր չէ, սա արժեհամակարգի փոփոխության խնդիր է: Հիմա յուրաքանչյուրս մեր տեղում, մեր դիրքով պիտի պայքարենք, որ հասարակության մեծամասնությունը վերջ ի վերջո հասկանա՝ այս իշխանության մնալը մեր երկրի աղետն է՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերի հանձնումն է հաջորդելու: Մեր գլխավոր խնդիրը պայքարի շարունակությունն է, Սրբազանի խոսքից էլ պարզ է, որ պայքարը շարունակվում է, Սրբազանն այս պահին Կիրանցում է, ընդհանուր առմամբ պայքարը պետք է համաժողովրդականի բնույթ ստանա՝ իր բոլոր դրսևորումներով, այսինքն  մարզային հանդիպումներ, հասարակության այն հատվածի, որը պայքարի մեջ չէ, արթնացման պրոցես պիտի գնա, եւ համոզված եմ, որ պայքարը հաջողելու է»,-ասաց ՀՀԿ ներկայացուցիչը :