Այս իշխանությունների հետ ընտրությունների գնալը շատ վտանգավոր է

Այս իշխանությունների հետ ընտրությունների գնալը շատ վտանգավոր է

Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանը հանրահավաք է պատրաստվում հրավիրել, որի ժամանակ պատասխանելու է օդում կախված շատ հարցերի եւ պայքարի ճանապարհային քարտեզն է հրապարակելու: Մնաց 4 օր, եւ քաղաքական ուժերը, սրբազանին աջակցող անհատները զբաղված են նախապատրաստական աշխատանքներով: «Հայաքվե» նախաձեռնության անդամներն այս օրերին առավել քան ակտիվ են եւ որոշ ընդդիմադիր գործիչների նման «հազար տարվա մեռելները» վերակենդանացնելու, հին վեճերը հիշելու փոխարեն համախմբվել են պայքարի դուրս եկած ուժերի հետ ու իրենց հնարավորության չափով աջակցում են շարժմանը: «Հրապարակը» զրուցել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի հետ:

- Ի՞նչ սպասելիքներ ունեք առաջիկա հանրահավաքից, եւ ՀՀ քաղաքացիներն ի՞նչ սպասելիքներ ունենան: Կարո՞ղ է պայքարը հանգուցալուծվել, նոր փուլ մտնել:

- Բարձր: Մեծ սպասելիքներ ունեմ` այս շարժումը հաջողելու է: Շատ հաճախ համեմատություններ եմ լսում 2018-ի հայտնի դեպքերի հետ, բայց կարծում եմ, որ դա սխալ է, եւ պետք չէ անընդհատ դրանք համեմատել իրար հետ: Այս շարժումը ճիշտ տրամաբանությամբ գնում է՝ համախմբելով տարբեր մասնագիտական խմբերի: Հուսանք, որ կիրակի օրվա հանրահավաքին որոշակի բաներ ավելի հստակ, պարզ կլինեն՝ թե՛ առաջնորդության եւ թե՛ գործողությունների հետ կապված:

- Կան տեսակետներ, որ այս իշխանություններն այդքան էլ հեշտ զիջող չեն, պարզ ասած` Նիկոլը հրաժարական տվող չէ:

- Դե, ես էլ եմ համոզված, որ հեշտ զիջող չեն, բայց մենք ամեն գնով` ժողովրդի ճնշմամբ, պետք է նպաստենք դրան, իհարկե՝ սահմանադրական եղանակներով: Ես հավատում եմ հանրության ուժի ճշգրտությանը, որը տեղիք տա իշխանափոխության:

- Նկատի ունեք անվստահություն հայտնելո՞ւն:

- Այո:

- Իսկ դա ի՞նչ կտա:

- Քանի որ այս անվստահությունից հետո ոչ թե ընտրությունների ենք գնալու, այլ նոր վարչապետ ենք ընտրելու, մոտավորապես այնպես, ինչպես եղավ 2018 թվականին: Շատ կարեւոր, բազային հարցեր կան, որոնք պետք է լուծել, այս իշխանությունների հետ ընտրությունների գնալը շատ վտանգավոր է, քանի որ նրանք վերարտադրվելու համար ամեն ինչի պատրաստ են: Նրանց լեգիտիմությունը ձգտում է զրոյի:

- Տեսակետներ կան, որ հենց Բագրատ սրբազանը պետք է առաջադրի իր թեկնածությունը: Կո՞ղմ եք այդ ամենին:

- Ես կողմ եմ նրան, որ սրբազանն իր թեկնածությունն առաջադրի, սակայն իրավական կողմի հետ կապված` չլինելով դրա մասնագետը, ձեռնպահ եմ մնում հստակ գնահատականներ տալուց:

- Դուք ԵՊՀ-ում եք աշխատում: Ուսանողների շրջանում ի՞նչ տրամադրություններ են այժմ տիրում: Ոմանց կարծիքով` ի տարբերություն 2020-ից հետո ծավալված շարժումների, այս անգամ ուսանողությունն ակտիվ է:

- Օրեր առաջ Բագրատ սրբազանը համալսարանում էր, ուսանողները սիրով լսում էին նրա դասախոսությունը, զրուցում նրա հետ: Լիահույս եմ, որ ակտիվ գործողությունների մեկնարկը տրվելուն պես ուսանողությունը նույնպես ակտիվ կլինի, իր դերը կխաղա:

- Կարծիքներ են հնչում, որ այս շարժումն աշխարհաքաղաքական խաղացողների կողմից չունի բավարար աջակցություն, եւ դա էլ ավելի է իրավիճակը բարդացնում: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

- Նախ՝ աջակցության լինել-չլինելու ցուցիչները չենք կարող հստակ վեր հանել, ասելով` կա այն, թե չկա: Շատ հարցեր կան, որոնցից մենք կարող ենք պարզապես անտեղյակ լինել: Աջակցության ազդեցությունները տեսանելի են լինում շարժման դինամիկ փուլերում: Կարծում եմ, այդ ժամանակ նոր տեղին կլինի հստակ գնահատականներ տալ այդ առումով: Միջազգային մամուլը որոշակի անդրադարձ կատարում է: Իհարկե, ոչ այն ծավալով, ինչ արվում է Վրաստանի պարագայում, սակայն այս շարժման մասով կա հետաքրքրվածություն: