Ալիեւն այս պահին բավականին դժվար իրավիճակում է հայտնվել

Ալիեւն այս պահին բավականին դժվար իրավիճակում է հայտնվել

«Հրապարակի» զրուցակիցն է իրանագետ, ԵՊՀ դոցենտ Գոհար Իսկանդարյանը։

- Իրանի նախագահի, ԱԳ նախարարի մահվան հետ կապված չնայած որեւէ հստակ բան չի ասվում, բայց թե՛ փորձագետները, թե՛ հասարակությունը համաձայն են այն տեսակետի հետ, որ սա չէր կարող պատահական լինել։ Իրանի քաղաքական, հասարակական շրջանակներում վթարի հետ կապված ինչ-որ վարկածներ շրջանառվո՞ւմ են։

- Իրանում հնգօրյա սուգ է հայտարարված, եւ կարծում եմ՝ այս պահի դրությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում առաջիկա օրերին զբաղված են լինելու լավագույնս իրենց գործառույթներն իրականացնելով։ Բայց առաջին իսկ պահից, իհարկե, նույն Իրանում էլ, ինչպես հայկական հանրությունում, կային տարատեսակ քննարկումներ, որոնց վրա իրականում չարժե այդպես խորանալ։ Ի՞նչ առումով․ որովհետեւ պետք է մասնագետներն ուսումնասիրեն եւ վերջնականապես գան եզրահանգման, հակառակ դեպքում մենք հիմա պետք է քննարկենք, այսպես ասած, բամբասանքները, թե ով ինչ է ասում։ Իհարկե, եղել են խնդիրներ, հարցադրումներ, որ սա չէր կարող պարզապես վթար լինել, եւ դա բավականին նման է եղել ահաբեկչության, բայց ահաբեկչություններն իրականացվում են երկու ձեւաչափով. նախ մեկը՝ իրականացնողը, հանձն է առնում, որ ինքը նման բան է իրականացրել, երկրորդը` մասնագետներն են պարզում, որ դա եղել է ահաբեկչություն։ Այս պահի դրությամբ մենք ո՛չ մեկը ունենք, ո՛չ մյուսը։ Մնում է ենթադրությունների ժանրից ելնելով՝ կարողանանք դա վերլուծել, ինչը, կարծում եմ, այդքան էլ արդյունավետ ճանապարհ չէ։

- Ռաիսին վերադառնում էր Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից, ու քննարկումներում նշվում է, որ Ալիեւը հայտնվել է ոչ այնքան հաճելի վիճակում։

- Իհարկե, որովհետեւ այնտեղից է եկել, եւ, կամա թե ակամա, ինքը պատասխանատու է նրա, այսպես ասած, այցի հետ կապված բոլոր խնդիրների համար, բայց միեւնույն ժամանակ պետք է արձանագրել, որ դեպքը տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության, ոչ թե Ադրբեջանի տարածքում։ Բայց, այնուամենայնիվ, ես էլ եմ կիսում այդ տեսակետը, որ Ալիեւն այս պահին բավականին դժվար իրավիճակում է հայտնվել։

- Մտավախություն կա՞, որ Իրանի ներքաղաքական դաշտում անկայուն վիճակ կստեղծվի։

- Իրանի սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն, եթե Իրանի գործող նախագահին ինչ-որ բան է պատահում, այսինքն՝ մահանում է, կամ երկարատեւ հիվանդության պարագայում առաջին փոխնախագահը փոխարինում է նրան, մինչեւ 50-օրյա ժամկետում տեղի կունենան ընտրությունները։ Հիմա այդ ընթացքում են գտնվում, որի ժամանակ ստեղծվում է խումբ, խումբը բաղկացած է լինում, փաստորեն, առաջին փոխնախագահից, Մեջլիսի նախագահից եւ դատական համակարգի ղեկավարից, նրանք կազմակերպելու են ընտրությունները։ Իհարկե, լինելու են որոշակի տարաձայնություններ, որովհետեւ հնարավորություն է ընձեռվելու․ բարեփոխականները եւս դիրքավորվելու են, բայց կարծում եմ, որ շատ լուրջ խնդիրների մենք ականատես չենք լինի։

- Եթե ներքին խնդիրների վրա կենտրոնանա Իրանը, տարածաշրջանում ի՞նչ հնարավոր փոփոխություններ կարող են լինել․ հավանակա՞ն է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականությունը որոշակի փոփոխություն կրի։

- Ես ավելի շուտ Իսրայելի վարքում փոփոխություններ կարձանագրեի, նրանց համար այս պահի դրությամբ ստեղծվում է որոշակի իրավիճակ, որպեսզի նրանք կարողանան ավելի ակտիվանալ Գազայում՝ իրենց խնդիրները լուծելու համար։ Բայց, այնուամենայնիվ, այնպես չէ, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը բոլոր գործերով անձնապես է զբաղվում։ Բնականաբար, կան ներկայացուցիչներ, որոնք ամեն մեկն իրականացնում է իր գործառույթը։ Եթե անգամ Իրանի ներքին դաշտում առաջանում են որոշակի խնդիրներ, բնականաբար, դրանով զբաղվելու են այն գերատեսչությունները, որոնք հենց այդ խնդիրներով են զբաղվում: Արտաքին գերատեսչության ղեկավարությունը զբաղվելու է արտաքին խնդիրներով։ Իհարկե, խոսքը չի գնում ֆորսմաժորային իրավիճակների մասին, երբ որ իրավիճակը դուրս գա բոլոր հնարավոր սահմաններից, բայց եթե ամեն ինչ, այսպես ասած, նորմալ հունով ընթանա, կկարողանան կազմակերպել եւ վերահսկել իրավիճակը` թե՛ ներքին, թե՛ տարածաշրջանում։

- Ի՞նչ է հայտնի Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի մասին։

- Մենք մի բան կարող ենք հստակ ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական կուրսը որոշում են հոգեւոր առաջնորդը եւ նրա գրասենյակը։ Նախագահը դրա իրականացնողն է, այս պահին՝ առավել եւս ժամանակավոր պաշտոնակատարը, ով 50 օրով է նշանակված։ Նրա հիմնական նպատակն է լինելու ընտրություններ կազմակերպելը եւ, որքան հնարավոր է՝ անցնցում իրավիճակ ապահովելն այս 50 օրվա ընթացքում։

- Իրանում անձերը որքա՞ն ազդեցություն ունեն քաղաքականության վրա։

- Իրականում Իրանն իսլամական հանրապետություն է, որի ղեկավարը հոգեւոր առաջնորդն է, եւ նա, իրականացնելով, մշակելով արտաքին քաղաքականությունը, բնականաբար, իր քմահաճույքով դա չի անում՝ դա արվում է հոգեւոր առաջնորդի գրասենյակի կողմից։ Այստեղ խորհրդակցությունների միջոցով կազմում են թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության ուղենիշները։ Սա շատ կարեւոր է, եւ դրանք արդեն իրականացնում են համապատասխան կառույցները։

- Խամենեին բավականին ծեր է, եւ խոսակցություններ կան, որ իրեն փոխարինող է տեսնում որդուն։ Արդյոք սա չի՞ կարող ներքին անհամաձայնությունների պատճառ դառնալ Իրանում։

- Իրականում հոգեւոր առաջնորդը 85 տարեկան է, բավական վատառողջ է եւ վաղուց է վատառողջ, բայց այստեղ իր կամքով չէ։ Սա արդեն ընտրությունների կարգով է լինում, ինչպես հայերենով ասում ենք` էքսպերտների խորհուրդն է ընտրությունը կատարում, իսկ էքսպերտների խորհուրդն ընտրվում է ժողովրդի կողմից։ Այսինքն՝ էքսպերտների խորհուրդն է ընտրում, թե ով պետք է լինի հաջորդ հոգեւոր առաջնորդը, իսկ դա իրականացվում է միայն հոգեւոր առաջնորդի մահից հետո։