Իմ կարծիքով, Պաղեստինի ճանաչումը ճիշտ որոշում է

Իմ կարծիքով, Պաղեստինի ճանաչումը ճիշտ որոշում է

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը:

- Ինչո՞ւ հանկարծ Հայաստանը որոշեց ճանաչել Պաղեստինի անկախությունն ու որքանով դրա հետ կապ ունի Էրդողան- Փաշինյան հեռախոսազանգը:

- Նախ շատ պարադոքսալ բան պիտի ասեմ, բայց վերջապես ինչ-որ ճիշտ որոշում կայացրեցին, երևի առավոտից սխալվել էին, բայց պատահական ճիշտ որոշում ընդունեցին: Շատ ողջունելի է, որովհետև Պաղեստինում տեղի է ունենում ցեղասպանություն, որը ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից, որը կատարվում է Միացյալ Նահանգների օժանդակությամբ, Միացյալ Նահանգների զենքով և փողով և Իսրայելի ուժերով, իսկ Իսրայելն այն պետությունն է, որի զենքով սպանեցին մեր տղաներին՝ հինգ հազար տղա սպանվեց Իսրայելի զենքով: 70 տոկոսն Իսրայելի մատակարարած զենքերն էին, և Իսրայելի ազդեցությունն է, որն ուզում է, որ մեր տարածաշրջանում տարածվի Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցությունը՝ ի վնաս Իրանի և ի վնաս Հայաստանի: Այսինքն, դա ճիշտ քայլ էր, ողջունելի է, հնարավոր է, որ Թուրքիայի կողմից ինչ-որ ազդեցություն եղել է, որովհետև Թուրքիան այդ հարցում շատ ճիշտ է իրեն պահում և խոսում է Պաղեստինի, Գազայի ժողովրդի իրավունքների մասին: Ինչպես գիտեք, մոտավորապես 35 հազար անմեղ քաղաքացիական զոհ են ունեցել, որից կեսը երեխաներ են և մայրեր, որը շատ և շատ ամոթալի է, այսպես կոչված, դեմոկրատական, մարդու իրավունքներ սիրող, դեմոկրատիա, միջազգային օրենք սիրող երկերեսանի Արևմուտքի համար:

-Պաղեստինի անկախություն ճանաչելն ինչպե՞ս կարող է հայկական կողմն իր օգտին ծառայեցնել: Օրինակ մեր հարևանները՝ Թուրքիան ու Ադրբեջանը շատ բարեհաջող այս կամ այն ուժային կենտրոնին են վաճառում իրենց այս կամ այն քայլը: Մե՞նք ինչպես կարող ենք դա ծառայեցնել մեզ:

-Ադրեջանը շատ սերտ կապեր ունի Իսրայելի հետ՝ ռազմա-ստրատեգիական դաշնակիցներ են Իսրայելի հետ: Թուրքիան երկակի դեր ունի, համ Իսրայելի հետ քիչ թե շատ նորմալ հարաբերություներ ունի, չնայած բավականին լարված, և իհարկե, դատապարտում է Պաղեստինում տեղի ունեցողը՝ իր վրա վերցնելով մահմեդական աշխարհի լիդերի դերը, բայց մյուս կողմից չի խզում հարաբերություններն Իսրայելի հետ: Ինչ վերաբերում է մեզ, կարծում եմ Իսրայելը կարող է ավելի ակտիվ ձևով օգնել Ադրբեջանին՝ զենքի մատակարարումներն ավելի ակտիվացնել: Բայց իմ կարծիքով, սա ճիշտ որոշում է. ինչպե՞ս շահարկել՝ կարծում եմ դեռ շուտ կլինի ասել, բայց գոնե միջազգային հանրությունից մենք այս հարցով գոնե չենք կտրվի՝ չնայած դա ոչ մի ռեալ բան դա մեզ չի տա:

-Ճանաչման հայտարարությունից անմիջապես հետո ՀՀ դեսպանին կանչել են Իսրայելի ԱԳՆ, իսկ Նեթանյահուն հայտարարել է, որ սա լուրջ հետևանքներ կունենա Հայաստան- Իսրայել փոխհարաբերությունների վրա, ինչպե՞ս դա կարող է արտահայտվել՝ կարո՞ղ են փորձել ճնշել Երուսաղեմի մեր հայկական համայնքին:

-Այո, Դուք ճիշտ եք, Երուսաղեմում երևի սկսեն ճնշել մերոնց, էլ ավելի ինտենսիվ ձևով երևի զենք կմատակարարեն Ադրբեջանին, չնայած իրենց արածն արդեն արեցին՝ իրենց զենքով մեզ կոտորեցին այնտեղ, իրենց հրթիռներով տակտիկական, միջազգային կոնվենցիաներով արգելված զենքերով: Ես չէի վախենա այդպիսի սպառնալիքներից: Շատ տխուր է, որ ցեղասպանություն ապրած ժողվուրդը, որն ամեն հինգ րոպե ստիպում է մեզ վերհիշել իրենց ցեղասպանությունը, իրենք մեր ցեղասպանությունը ոչ միայն չեն ընդունում, այլ օգնում են, որ մեր ժողվորդի մի մասն իր հայրենիքից դուրս գա, այսինքն, էթնիկ զտման ենթարկվի: Շատ տխուր է, որ այդ երկու երեսանի քաղաքականությունն են վարում:

-Արցախի հայաթափման, Արցախի կորստի համար պատասխանատու վարչապետն ու իր կառավարությունը ճանաչում են Պաղեստինի անկախությունը՝ կոգնիտիվ դիսոնանս չի առաջացնո՞ւմ այս հանգամանքը:

-Որոշ չափով, այո, ճիշտ եք, քանի որ եթե այնտեղ տեղի է ունենում Ցեղասպանություն, այն էլ այս սարսափելի վայրագություններով, որը, թույլ տվեք ասել, անգամ Ալիևն իրեն այսպես չի պահել Արցախում, այսպիսի սարսափելի վայրագություններ, երբ երեխաներ են սպանվում հազարներով, մայրեր են սպանվում, բժիշկներ են սպանվում, հիվանդանոցներում երեխաներին վիրահատող և նրանց կյանքը փրկել փորձող բժիշկներին մտնում են ու գնդակահարում, մասսայական գերեզմաններ են գտնում՝ սա անասելի է, բառեր չկան: Անգամ Ադրբեջանը այսպես իրեն չի պահել մեր նկատմամբ՝ բառ չկա այսպիսի ցինիկ, երկերեսանի ու դաժան քաղաքականությունը բնութագրելու համար: Իսկ որոշ կոգնիտիվ դիսոնանս, կա, այո, եթե մեզ Ղարաբաղից վռնդեցին և տեսանք, որ ո/չ Ռուսաստանը, ո/չ միջագզային հանրությունն ասելու բան չուներ, այ հիմա մենք մտածում ենք Պաղեստինի ժողովրդի մասին: Բայց դե ճիշտ որոշում էր՝ ես սատարում եմ: