Պաղեստինի պետության ճանաչումը ժամանակավրեպ և սխալ որոշում է․ Մարուքյան

Պաղեստինի պետության ճանաչումը ժամանակավրեպ և սխալ որոշում է․ Մարուքյան

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո այն բարձրացնել Պաղեստինի կարգավիճակի հարցում առնվազն անհասկանալի է:
Իմ պատկերացրած և ջատագովված բալանսավորված արտաքին քաղաքականության համատեքստում Պաղեստինի պետության ճանաչումը ժամանակավրեպ և սխալ որոշում է:

Այո՛, Համասի գործողությունները ժամանակին պետք է դատապարտվեին, այո’, Իսրայելի պետության կողմից Գազայում կատարվող զանգվածային սպանությունները և աղետալի իրավիճակը պետք է դատապարտվի, սակայն Պաղեստինի պետության ճանաչումը, այն տեսքով, ինչ իրականացրել են փոքրաթիվ պետություններ, 
տվյալ հարցում Հայաստանի համար արտաքին քաղաքականության բալանսի էական խախտում է:

Բազմիցս պնդել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հայց ներկայացնի Արդարադատության Միջազգային Դատարան ընդդեմ Ադրբեջանի  «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի համապատասխան, Լեռնային Ղարաբաղում կազմակերպված և իրականացված էթնիկ զտման, ցեղասպանական գործողությունների հիմքով, այնպես ինչպես Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է արել ընդդեմ Իսրայելի։ Թուրքիան, Եգիպտոսը միացել են հայցին և այլ երկրներ աջակցություն հայտնել: Հայաստանի իշխանությունները հրաժարվում են նման հայց ներկայացնելու ընդդեմ Ադրբեջանի, բայց Պաղեստինի պետությունը ճանաչում են: 

Ի վերջո, ինչպե՞ս կարելի է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո նշաձող բարձրացնել Պաղեստինի կարգավիճակի հարցում:

Էդմոն Մարուքյան