Հարգելի Ռուբեն Մելիքյան կամ՝ մի պարեկի պատմություն

Հարգելի Ռուբեն Մելիքյան կամ՝ մի պարեկի պատմություն

Ծանոթներիցս մեկը բուհի հոգեբանության ֆակուլտետն ավարտելուց անմիջապես հետո որոշեց պարեկ դառնալ: Թեթեւացած շունչ քաշեցի, քանի որ հետը շփվելով՝ անկեղծորեն մտահոգվում էի նրա ապագա «պացիենտներով»: Տակտի, նրբանկատության լիակատար բացակայություն, իսկ մասնագիտական գիտելիքների մասին խոսք անգամ լինել չէր կարող․ բոլոր քննությունները՝ «մուծվելով» (նրա սիրած բառն է): Մասնակցեց պարեկների վերապատրաստման դասընթացներին, աշխատանքի անցավ Երեւանում ու սկսեց «աճել»: Հիպոթեքով բնակարան, ավտոմեքենա եւ այդ ամենից բխած մեծ ինքնավստահություն: Ե՛վ դպրոցում, ե՛ւ բուհում երբեք ընկեր չի ունեցել, միջավայրում էլ, մեղմ ասած, ոչ ոք լուրջ չէր վերաբերվում նրան (բայց ստոր մարդ չէ, դա՝ անկասկած): Յուրաքանչյուր հաջողության մասին անմիջապես կգրեր: Հավանաբար, միակ մարդն եմ, որ լսում էր նրան: Հասկանում էի, որ փորձում է «ինքնառեաբիլիտացվել», ցույց տալ, որ ինքն ինչ-որ բան է ներկայացնում իրենից, որ բոլորն իր հարցում սխալվել են, ու իրականում խղճում էի: Բայց շփումը պահպանում էի ոչ միայն խղճահարությունից դրդված: 

Մենք տարբեր ճամբարներում էինք արդեն, եւ մտածում էի, որ անելիք ունեմ: Հատկապես վերջին շրջանի դեպքերի ընթացքում, երբ իրենք էլ «կարգուկանոն» են պահպանում կարմիր բերետավորների հետ, խոսակցության թեմաներն ընդլայնվեցին: Ինքնուրույն, վերլուծական դատողությունների ունակ չէր, կրկնում էր բացառապես իշխանական քարոզչամեքենայի թեզերը, հղումներն էլ նիկոլական քարոզիչներից էին ու ֆեյք կայքերից: Ակնհայտ էր նաեւ, թե գաղափարական ինչ «մշակման» են ենթարկվում նրանք ամեն օր ու․․․ սարսափում էի Հայաստանի ապագայի, ներկա եւ սպասվելիք աղետների ընթացքում հայրենակիցներիս սպասվող «ոստիկանական պատի» ու նետվող լուսաձայնային նռնակների համար: Բայց յուրաքանչյուր խոսակցությունից հետո անպայման որեւէ հրապարակում էի ուղարկում՝ սթափ, հայրենասեր, օբյեկտիվ վերլուծաբանի ինչ-որ նյութ՝ որպես «մանանեխի հատիկ»: Մտածելով՝ գուցե ծիլ տա, վերջապես սկսի գիտակցել մեզ պատուհասած աղետի ողջ սարսափը, գուցե այդ «ծիլը» գործողություն դառնա, որը վարակիչ կլինի․․․ Վերջիվերջո, ստոր մարդ չէ նա, հանցագործ չէ, այլ ընդամենը միջին վիճակագրական մի պարեկ: 
Հունիսի 12-ի խաղաղ անհնազանդության ցույցերի ընթացքում, երբ արդեն բավականին շատ հայրենասերներ էին հավաքվել Բաղրամյան պողոտայում, մարդկանց հոսքն էլ անընդհատ աճում էր, մեծ էին սպասելիքները, որ պահը բեկումնային կլինի: Դեռեւս լուսաձայնային նռնակներ չէին նետվել խաղաղ ցուցարարների վրա, ու հայը հային չէր պատուհասել, հաղորդագրություն եմ ստանում պարեկից․ «Այսօր շատ երջանիկ եմ»: Ուրախացա՝ մտածելով, թե «մանանեխի հատիկը» ծլարձակել է, վերջապես իրենք էլ կգիտակցեն, որ աղետը կանխել է պետք․․․
Ամեն դեպքում հարցնում եմ՝ ինչո՞ւ: Պատասխանում է՝ հենց նոր պարգեւավճար ստացա․․․

Կես ժամ հետո սկսվեց հարձակումն անզեն, խաղաղ, իրենց հայրենիքն ու իրավունքները պաշտպանել ցանկացող ժողովրդի վրա․․․

ՀԳ․ Մտովի զրուցում եմ իմ կողմից շատ հարգված իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման սկզբում, երբ իմպիչմենթի հարց էր բարձրացվել, եթերներից մեկի ընթացքում, ի պատասխան զրուցակցի այն հարցին, թե արդյո՞ք պահի լրջությունը գիտակցելով, ՔՊ-ական պատգամավորներից կմիանան գործընթացին, պարոն Մելիքյանը հիշեցրեց «Ուրիշների կյանքը» ֆիլմը: Այստեղ «բացասական» հերոսը, ում հանձնարարված էր ամեն գնով կործանել, ասպարեզից հանել գլխավոր հերոսին, հետեւելով նրա մաքուր, գաղափարապես ազնիվ կյանքին, վերջիվերջո, լիովին վերափոխվում է ու փրկում իր իսկ զոհին: Այսինքն՝ բարոյական բարձր սկզբունքներ ունեցող հերոսների կյանքը ստիպում է համակարգին կուրորեն ենթարկված, դրան ստրկամտորեն ծառայող անձին՝ այլ հայացքով նայել իրերին՝ «փոխելով բանակը»: 

Հարգելի պարոն Մելիքյան, մինչեւ «Ուրիշների կյանքը» ֆիլմը հասկանալու, գնահատելու մակարդակին հասնելը, սրանք պետք է գոնե մի հեքիաթ, մի առակ կարդացած լինեին, «Թմկաբերդի առումը» կամ «Մխիթար Սպարապետ» հասկացած լինեին, «Նամուս» ֆիլմը դիտած լինեին: Վստահ եմ՝ երբ իրենց հիշեցնում են Մելիք Ֆրանգյուլի անփառունակ վախճանի մասին, սրանք նույնիսկ ԱԺ-ում նստած «գուգլում» են՝ հասկանալու, թե խոսքն ում մասին է, ու ապագայում իրենց ինչ է սպառնում․․. Եվ Դուք, հարգելի Ռուբեն Մելիքյան, մտածում եք՝ սրանք «Ուրիշների կյանքն» են դիտել եւ ունակ են ազդվելո՞ւ, մի բան էլ պաշտոն ու դիրք զոհեն՝ ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան փրկելո՞ւ: Լավատես եք: Ես էլ:

Նիկոլենց՝ իշխանության գալուց հետո ԿԳՄՍ նախարարությունը սկսեց դպրոցական դասագրքերը «վերաձեւել»: Մասնավորապես, գրականության դասագրքերում հայտնվեցին, մեղմ ասած, հակադաստիարակչական, մատաղ սերնդին սեռախեղող ստեղծագործություններ: Սթափ մտավորականների բողոքին ի պատասխան՝ «պալատական» մի բ․գ․թ․ սկսեց եթերներից հնչեցնել այն թեզը, որ «գրական ստեղծագործությունը չի կարող ու չպետք է ունենա դաստիարակչական արժեք, որ այդ հասկացությունը սովետից մնացած կեղծ կատեգորիա է»: Անշուշտ, իր ու իր «տերերի» առումով բանասերի հնչեցրած թեզը բացարձակ ճշմարտություն է․․․

․․․Ի դեպ, գրականության «թարմացված» ծրագրերում զետեղված էր Ռեյ Բրեդբերիի «Խատուտիկի գինի» վեպը: Ինչո՞ւ ոչ նույն գրողի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գործը, որը բոլոր ժամանակների լավագույն գրքերից է, եւ որտեղ ներկայացված է վաղուց ի վեր գրքից հրաժարված, չկարդացող մի հասարակություն, որտեղ ընթերցելը պետական մակարդակով արգելված է, եւ գիրք պահելը կարող է կյանք արժենալ: Փոխարենը՝ ԶԼՄ-ները հասարակությանը զբաղեցնում են տարաբնույթ շոուներով, խաղերով, վիկտորինաներով, էժանագին սերիալներով, որոնք ուղղակի կամ անուղղակի պետական քարոզչություն են իրականացնում՝ ձեւավորելով օգտապաշտ, մտածելու կարողությունից զուրկ ու մի կենտրոնից կառավարվող ինֆանտիլ հասարակություն: 

Սրանց պետք չէ «Ֆարենհայթ» կարդացող կամ «Ուրիշների կյանքը» դիտող հասարակություն: Որպեսզի հանկարծ ուղեղներում մանանեխի որեւէ հատիկ չծլարձակի, ու առանց վարանելու կրակեն սեփական ժողովրդի վրա:
Որպեսզի դառնան մի պարեկ, մի ոստիկան․․․

Լիլիթ Հակոբյան
Դոցենտ