Բելառուսը մեծ երկիր է՝ փոքր ղեկավարով

Բելառուսը մեծ երկիր է՝ փոքր ղեկավարով

Բելառուս չայցելելու Փաշինյանի որոշումը միանգամայն արդարացված է: Ես էլ նույնը կանեի Ադրբեջանում այս տարվա մայիսին Լուկաշենկոյի արած հայտարարություններից հետո: Նա բառացի ասել էր. «Հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրինք, որ պատերազմում կարելի է հաղթել», փորձելով տեղավորվել Ալիեւի մարմնի ամենաանհարմար տեղում: 1 ամիս անց Փաշինյանն արձագանքեց. «Բելառուս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»: Բռավո… Եթե հաշվի առնենք նաեւ այն, որ Մինսկը համարվում է ԱՊՀ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ երկրների ոչ պաշտոնական մայրաքաղաքը, ապա պարզ կդառնա, թե ինչ ապտակ հասցրեց Փաշինյանն այդ կազմակերպություններին միաժամանակ:

Չեմ բացառում, որ Բաքվում արած հայտարարություններից հետո Լուկաշենկոյին առաջինը հանդիմանել է Պուտինը, ով հիշյալ կազմակերպությունների աշխատանքի թիվ մեկ համակարգողն է: Ենթադրում եմ՝ ասած կլինի՝ батька, это уже слишком бля… Այսինքն՝ հոպար, դու արդեն չափն անցնում ես… Հայաստանը, ի վերջո, ՀԱՊԿ անդամ է, ԱՊՀ եւ ԵԱՏՄ անդամ, ինչպե՞ս կարելի է: Պակաս աննրբանկատ չէր նաեւ Լուկաշենկոյի պատասխանը Փաշինյանին: Զգացվեց, որ ոչ այնքան Փաշինյանի՝ Մինսկ չայցելելու հայտարարությունից է նեղված, որքան Պուտինի այդ ենթադրյալ անսպասելի զանգից: Ինչքան էլ Լուկաշենկոն չսպասեր նման զանգ, այն, միեւնույն է, պետք է լիներ: Այդպիսի զանգեր միշտ լինում են կիսաանկախ երկրների առաջնորդների կյանքում: Այլապես սա ի՞նչ բան է, քո կիսաանկախ հալով գնացել ես Բաքու՝ բավական չէ, մի բան էլ գլխիցդ մեծ հայտարարություններ ես անում: Բա որ հիմա Փաշինյանը հարց բարձրացնի բոլոր հետխորհրդային կառույցներից, որոնցում ներկայացված է քո կիսաանկախ երկիրը, դուրս գալու մասին, ի՞նչ ես անելու, հը՞… Լուկաշենկոյի պատասխանում Պուտինի անվան հիշատակումը հենց վկայում է ասածիս ճշմարտացիությունը: «Բա որ էդ Փաշինյանը գիշերով զանգել էր ինձ ու խնդրում էր, որ իրեն հաշտեցնեմ Պուտինի հետ, էդ ո՞նց էր»,- ասել է նա: Եղբայր, քեզ ընդամենը հարց են տվել՝ չե՞ս պատրաստվում ներողություն խնդրել Փաշինյանից եւ հայ ժողովրդից՝ Բաքվում արած հայտարարությանդ համար, ինչո՞ւ ես Պուտինին խառնում այս գործին: Չլինի՞ թե Պուտինն է գրում քո հիմար հայտարարությունները:

Թե բա՝ Պուտինն ինձ ասել ա․ «Вы бы знали, Александр Григорьевич, как же этот Пашинян заколебал», եւ «заколебал» բառն էլ, իբր, ուրիշ կերպ ա ասել: Նորից նույն հարցը տամ՝ Պուտինն ի՞նչ կապ ունի Փաշինյանի՝ Մինսկ չայցելելու որոշման հետ: Քո սեփական ուժերով դուրս արի Փաշինյանի ասածների տակից:

Փաշինյանն ասել էր նաեւ, որ ՀԱՊԿ անդամ 2 երկիր կա, որոնց ղեկավարները բացահայտ աջակցություն են հայտնել Ադրբեջանին՝ Արցախի եւ Հայաստանի դեմ պատերազմում: Նա անուններ չէր տվել: Այսօր արդեն պարզ է, որ այդ երկրներից մեկը Բելառուսն է: Ո՞րն է երկրորդը: Շուտով դա էլ կպարզվի: Թեկնածուները մի քանիսն են, որոնց մեջ առանձնանում է, իհարկե, Ղազախստանը, որի հարցերը Փաշինյանը գեղական կարգով լուծեց՝ ՀԱՊԿ-ի ուժերի գլուխն անցած: Արդ՝ Լուկաշենկոն պետք է իմանա, որ եթե մի գեղեցիկ օր մեզ հայտնի կանաչ կոֆտայով կինը կրկին խժդժություններ առաջացնի Բելառուսում, Փաշինյանը, որպես ՀԱՊԿ-ի ամենավճռական գործիչ, կարող է այդ կազմակերպության զորքերով հայտնվել Մինսկում եւ «վերականգնել» սահմանադրական կարգը:

ՀԳ. Ալեքսանդր Լուկաշենկոն Բաքվում արած իր հայտարարությամբ, ապա նաեւ Նիկոլ Փաշինյանից ու հայ ժողովրդից ներողություն չխնդրելով, առաջին հերթին հարվածի տակ դրեց Հայաստանում իր լավ բարեկամներին ու նրանց բիզնեսները, որոնց մի մասը «հայ-բելառուսական» է կոչվում: Այս մարդիկ հայտնվել են վատ դրության մեջ: Տեսնես՝ նրանք կկարողանա՞ն Փաշինյանին հաշտեցնել Լուկաշենկոյի հետ: Մյուս կողմից էլ՝ իսկ Հայաստանին պե՞տք է, որ հաշտեցնեն:

ՀԳ1․ Այս հոդվածից հետո խնդրում եմ ինձ նիկոլական չհամարեք: Ես համոզված եմ, որ իր վարած արտաքին քաղաքականությամբ Փաշինյանն է լեզու դրել բոլոր արժան-անարժանների բերանում, Հայաստանը դարձրել որբի գլուխ, որ հասնող-չհասնող այդ գլխի վրա դալլաքություն անի: