Կլիներ քաղաքական ինքնասպանություն 

Կլիներ քաղաքական ինքնասպանություն 

Կիրանցով սկսված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ինձ համար ասոցացվում է Բագրատ սրբազանի անվան հետ: Ասոցացվում է առաջին հերթին, երկրորդ հերթին և ընդհանրապես: Եթե շարժմանը չմիանար սրբազանը, ապա այն շատ արագ կմարեր՝ մնալով զուտ որպես տեղական խնդրից առաջացած արձագանք: Ինչին նպաստելու էր հայկական աննորմալ մտածողությունը՝ երբ որևէ բնակավայրի բնակիչների համար հարևան բնակավայրի խնդիրները չեն համարվում սեփականը: Հատկապես որ դրան գումարվելու էր Երևանից ուղղորդված հրահանգը, որի նպատակը հենց այդ մտայնությունն ամրապնդելն էր՝ ձեր ինչ գործն է, թե ինչ է կատարվում Կիրանցում կամ Ոսկեպարում: Դա հայաստանցիներին պառակտելու՝ գործող իշխանության քաղաքաղականության դրսևորումն է: Դրան գումարվելու էր նաև նախկինների թեման՝ եթե որևէ ընդդիմադիր գործիչ՝ լիներ պատգամավոր կամ ոչ այդպիսին, խառնվեր այդ գործընթացին: 

Սակայն սրբազանը՝ որպես Տավուշի (մարզային) թեմի առաջնորդ, դուրս էր պառակտիչ այդ մտայնությունից: Դա՝ մեկ: Երկրորդ՝ սրբազանը ո՛չ նախկին էր և ո՛չ էլ նիկոլական: Բազմիցս եմ ասել՝ սրբազանի հայտնվելը թալեբյան հենց այն «սև կարապի» ֆենոմենն էր, որը պետք է շողուլի բերեր իրադարձությունների ընթացքը: Իհարկե, ՀՀ վարչապետի աթոռից կառչած՝ խայտառակ պարտության խորհրդանիշ անձը Նիկոլ չէր լինի, եթե չփորձեր կեղծիքներ կախել սրբազանի վզից: Այն է՝ անօրինական զավակ ունենալն ու գործարարությամբ զբաղվելը: Բայց քանի որ սրբազանը վերը նշված գործոններից բացի նաև մաքրամաքուր անձնավորություն էր՝ այդ փուչիկը ևս պայթեց: 
Եվ երբ շարժման սկզբից՝ որպես համահիմնադիր, հայտնի դարձավ գրագետ և ամբիցիոզ մի երիտասարդ Պետրոսյան Սուրեն անուն-ազգանունով, մտքումս ողջունեցի դա: Վիքիպեդիայում ծանոթանալով Սուրենի կենսագրությանը՝ ենթադրեցի, որ երիտասարդական ավյունով լի անձի ներառվածությունը շարժման մեջ կնպաստի թե՛ իր և թե՛ շարժման առաջխաղացմանը: Սակայն շարժման ընթացքում այնպես ստացվեց, որ սրբազանի տարիքով մեծ լինելը, նրա կարգավիճակը և դրանցով պայմանավորված՝ ավելի մեծ կենսափորձը նրան մղեցին առաջին պլան: Ինչն էլ պատճառ դարձավ, որպեսզի Սուրենն աչքաթող արվեր վերլուծաբանների կողմից: Ինչ ասեմ, այդպիսին է ժողովրդական շարժման տրամաբանությունը. այն ընդունում է միայն մեկ առաջնորդի առկայությունը: Հիշե՛նք Սանասարյանի բարձր հեղինակությունը 2018-ի գարնանն ու նրա տապալումը: Չնայած պայմանները տարբեր են, բայց երևույթը նույնն է: 

Ինչևէ, վերադառնալով Սուրենին՝ ասեմ, որ նրա անհայտանալը ոնց որ թե տրամաբանական ավարտն էր ամբիցիոզ անձի՝ երկրորդ պլան մղվելու գործընթացի: Եվ այնուհետև իր անվան շուրջը լրատվական հոսք ապահովելը: Այդ ամենը, ենթադրաբար, իր կողմից պլանավորված նախաձեռնություն է եղել: Բայց քանի որ սրբազանն, ինչպես ասվեց, մաքուր անձնավորություն է՝ վերջինս, ըստ իր խոսքերի, հավատաց Սուրենի սկզբնական բացատրությանը և չփորձեց փորփրել հարցը: Եվ ինձ թվում է, որ դա վերաբերմունքի միակ ճիշտ տարբերակն էր: Անկեղծ ասած, ես էլ չէի փորձի հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, եթե մամուլում չհայտնվեր հետևյալ տեղեկատվությունը: «Ես հասկանում եմ, որ երբ Շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են, ուստի ես վաղը ասուլիս եմ հրավիրելու և մանրամասն բոլոր հարցերին պատասխանեմ» (Սուրեն Պետրոսյան):

Ստացվում է, որ շարժումն, ըստ Սուրենի, մարում է («անհաջողություն» բառն ունի նույն իմաստը), որն էլ առաջ է բերում մեղավորների, նաև հակահերոսների փնտրտուք: Սակայն ինքը ո՛չ մեղավոր է և ո՛չ էլ հակահերոս, և դա կապացուցի մամուլի ասուլիսով: Սակայն, որքան ես եմ հետևել լրահոսին, մամուլում խոսվել է ոչ թե այդ առումով, այլ ընդամենը շարժման խիստ ակտիվ անդամի բացակայության մասին: Ինչի համատեքստում մեղավոր կամ հակահերոս «փնտրելն» ընդամենը օբյեկտիվ իրականության սուբյեկտիվ ընկալման խնդիր էր: Դա՝ մեկ, և երկրորդ՝ չեմ կարծում, թե շարժումը մարում է, քանի որ մարող շարժումն անհանգստություն չէր պատճառի Նիկոլին և նրա բազմաթիվ խամաճիկներին: Կարծում եմ, որ, ի տարբերություն Սուրենի, Նիկոլն արդեն գիտակցել է, որ շարժումը դուրս է եկել սովորական ընթացքի տրամաբանությունից: Ինչն առկա էր բոլոր նախկին հականիկոլական շարժումների դեպքում: Ինչն էլ անհնար է դարձնում այն վերահսկելն ու թուլացնելը: Իսկ դա հենց «սև կարապի» ֆենոմենն է գործողության մեջ:

Հ. Գ. Ասում են, թե Սուրենը ներդրված է եղել, բայց դրան չեմ հավատում, քանի որ սկզբում նախաձեռնություն, իսկ հետո կուսակցություն հիմնադրած գրագետ երիտասարդը չէր գնա քաղաքական ինքնասպանության: Իսկ շարժման մեջ ներդրվելուն համաձայնելը կլիներ հենց քաղաքական ինքնասպանություն: