Այս շարժումը ատելության դաշտում սեր ցանելու շարժում է․․․

Տարիներ առաջ եկեղեցու սպասավորներից մեկի հետ էի զրուցում։ Հարցրի՝ դուք որևէ մեկին ատու՞մ եք։ Ասաց՝ ոչ։ Որևէ մեկը, եթե նույնիսկ ատելության արժանի է, չեմ ատում, որովհետև դա առաջին հերթին վնասում ինձ, իմ առողջությանը, քայքայում է ինձ ներսից։ Իսկ ես ինձ սիրում եմ։ Սա ինչու՞ հիշեցի։
2018-ի ատելությունը, սև ու սպիտակի բաժանումը, որ ներդրվեց, գիտակցաբար արվեց։ Դա մարդկանց առողջությունը քայքայելու, թուլացնելու, դիմադրողականությունից զրկելու համար արվեց։ Դա երկիրը թուլացնելու համար արվեց։ Դա տեխնիկա էր, որ այնպես հմտորեն ներմուծվեց դրսից, որ մտածեինք, թե թավշյա շոյանք է։ Համատարած ատելության ֆոնին երկիրը պիտի քանդվեր, ավերվեր, փոքրանար, նսեմանար այնքան, ինչին հասցրինք։ Եվ զուր չէր իմ հիշողության մեջ թարմացվել եկեղեցու սպասավորի հետ զրույցը։ Ատելությունը քայքայում է մարդուն, իսկ մարդը, եթե ընդհանրացնենք, երկիրն է, պետությունն է, որը նրա քայքայումից թուլանում է։ Ատելությունը հիվանդացնում է մարդուն, պետք է բուժել։
Ես շատ էի մտածում՝ առանց հիվանդին բուժելու, ո՞նց ենք երկիրը փրկելու․․․ Չգիտեմ, թե երբվանից է այդ հիվանդության նշանները եղել, բայց որ վերջին վեց տարիներին այն խորացվեց, հասցվեց համարյա կրիտիկականի, ակնհայտ էր։
․․․ Իսկ հիմա դուք ուզում եք երկիր փրկել։ Բարկանում եք, երբ Բագրատ Սրբազանը, սեր, հաշտություն, հայ, Հայաստան ու Աստված է քարոզում։ Բարկանում եք, երբ նա բարոյական տարրական նորմեր է սովորեցնում։ Բարկանում եք անհաշտներով, ատողներով, հիասթափվածներով ու հուսահատվածներով։ Ասում եք՝ դրա ժամանակը չէ։ Գնացքն անցնում է, երկիրը մաս- մաս հանձնվում է։ Իսկ ի՞նչ անի մարդը, երբ ընդհանրական իմաստով չեք ամբողջացել, երբ քայքայման ժանգը, որ ներմուծվել է, այսօր էլ իր սև գործն է անում․․․ Հիվանդը, ոտքի չկանգնի՞․․․ Շատ դեպքում խրախուսում, ոգևորում են նրան, որ նա հավատա իր ներքին ուժերին ու պայքարի, անհավատներն ասում են՝ ,,Սրբազանը կուտ է տալիս,, ․․․ Ես կասեի՝ այս շարժումը մարդկանց կոտրած թևերը ապաքինելու շարժում է։ Այս շարժումը տևական հյուծախտից հետո կենդանություն տալու շարժում է։ Այս շարժումը անհանգիստ հոգիներին խաղաղություն բերելու շարժում է․․․ Այս շարժումը ատելության դաշտում սեր ցանելու շարժում է․․․ Սերն իսպառ արմատախիլ է արվել երկրի վրայից, գերեզման է դարձել հողը։ Շատ սեր պիտի ցանել հայոց հողի վրա, որ երկիրը դրախտ դառնա․․․
Հայոց հողում վերջին տարիներին այնքան ատելության սերմ է ցանվել, ատելության այնպիսի քաղ է կապել, որ հնարավոր չէ առաջ գնալ։ Ատելությունը հետ է շպրտում ցանկացած լուսավոր դրսևորում։ Սեր պիտի ցանել, որ կարողանանք զորանալ։ Որովհետև ատելությունը թույլերի զենքն է, այդ զենքով պարտվում, թուլանում են։ Եվ զուր չէ ներդրվել ատելությունը, պառակտումը, թշնամանքը, որ մեզ թուլացնեն, բաժանեն, մեր ձեռքից վերցնեն մեր հողն ու թշնամուն տալ․․․ Բագրատ Սրբազանին հաջողվեց ատելության դաշտում սեր ցանել․․․ Բերքը շատ չի ուշանա, չկասկածեք։ Այդ բերքով ենք զորանալու ու դաշտը մաքրելու։
Կարծիքներ