Գոնե Ուզբեկստանի օրինակին հետեւեք

Գոնե Ուզբեկստանի օրինակին հետեւեք

Երբ ամեն ամառ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը կանգնեցվում է հերթական պլանային վերանորոգման, Հայաստանում սկսվում է էներգետիկ ճգնաժամ: Այն առավել շատ իրենց վրա զգում են մարզերի եւ հատկապես գյուղական համայնքների բնակիչները, Երեւանում էլեկտրաէներգիայի անջատումներ հաճախակի չեն անում, որ մարդիկ հանկարծ չմտածեն, որ ինչ-որ բան այն չէ: Գյուղացին ինչքան ուզում է, թող դժգոհի կամ հոսանքի տատանումներից որքան ուզում է, թող տուժի, սառնարան, հեռուստացույց, լվացքի մեքենա փչանա, գյուղացին դատարան գնացող չէ, փոխհատուցում պահանջող չէ, ինքն իր դարդի հետ հաշտ ապրում է՝ մտածելով, որ հենց այդպես էլ պետք է լինի: Հայաստանն առանց ատոմային էներգիայի դատապարտված է, էներգետիկ անկախություն չի կարող ունենալ:

Առաջին անգամ նոր ատոմակայան կառուցելու մտադրության մասին 2008 թվականի սեպտեմբերին իր առաջին ու միակ ուղերձում Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց այն ժամանակ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ասում էր, թե ինչ կարեւոր ծրագրեր է մտադիր իրականացնել իր նախագահության տարիներին, եւ խոսեց 3 մեծ նախագծերի մասին` նոր ատոմակայան, Իրան-Հայաստան երկաթգիծ, համահայկական բանկ: Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին նոր ատոմակայան չկառուցվեց, նույնիսկ հիմքերը չդրվեցին։ Կարող են ասել, որ նույն՝ 2008-ին համաշխարհային տնտեսական ճգնաժամ եղավ, Հայաստանի տնտեսությունը միանգամից 14 տոկոսը գերազանցող անկում ունեցավ, հետո՝ քառօրյա պատերազմ, պատճառներ ու արդարացում՝ որքան ուզեք, փաստն այն է, որ չկառուցվեց: 

Արդեն յոթերորդ տարին Հայաստանում իշխող Փաշինյանը եւս ամեն տարի խոսում է նոր ատոմակայան կառուցելու մտադրության մասին: Բայց ընդամենը խոսում է. ատոմային էներգետիկային վերաբերող տարբեր միջազգային միջոցառումների է մասնակցում, կառավարության նիստերի ժամանակ է դրա մասին խոսում, Հայաստանում ատոմային էներգետիկայի մասնագետների հետ հանդիպումների ժամանակ է խոսում: Բայց, ինչպես հայտնի է, միայն խոսելով ոչինչ չի կառուցվում, ատոմակայան՝ առավել եւս: Փաշինյանն իբրեւ թե դեռ ուսումնասիրում է ատոմային կայանների տարբեր կոնստրուկցիաներ, ուզում է հասկանալ, թե Հայաստանին ինչպիսի ատոմակայան է պետք՝ մեկ հզոր ռեակտորո՞վ, թե՞ մի քանի մանր, դրանցից ո՞րն է անվտանգ, ո՞րն է արդյունավետ: Վերջերս էլ հանգել է այն եզրակացության, որ փոքր հզորության մոդուլային ատոմակայաններ կամ, ինչպես ինքն է ասում՝ մոդուլար կայաններ կառուցելն ավելի ճիշտ է: Թե ինչու է Փաշինյանը «մոդուլային»-ի փոխարեն օգտագործում «մոդուլար» բառը, նույնպես հետաքրքիր բացատրություն ունի: Հայերենում «մոդուլային» բառն անգլերենով թարգմանվում է modular, քանի որ Փաշինյանն օգտագործում է անգլերեն տարբերակը, նշանակում է, որ այդ բառը նա առաջին անգամ լսել եւ սովորել է ամերիկացիներից, որոնք նրան ասել են, թե պետք է նախապատվությունը տալ մոդուլային կայաններին:

Ամերիկացիները նույնիսկ խոստացել էին Հայաստանին օգնել՝ մոդուլային ատոմակայաններ կառուցել, որ Հայաստանը Ռուսաստանից էներգետիկ անկախություն ստանա: Խնդիրն այն է, որ ամերիկացիները նման տեխնոլոգիա չունեն, իրենք որեւէ մոդուլար կայան չեն կառուցել, շատ են ուզում նման կայան կառուցել, տարբեր փորձարկումներ են անում, բայց իրական, գործող կայան չկա: Ստացվում է, որ եթե Հայաստանը որոշի մոդուլային ատոմակայաններ կառուցել, պետք է սպասի այնքան, մինչեւ ամերիկյան ինժեներները, գիտնականները կարողանան նման մի բան կառուցել, որ Հայաստանն էլ հնարավորություն ունենա օգտվել նրանց գիտական նվաճումներից: Թե դա որքան կտեւի, որեւէ մեկը չի կարող կանխատեսել:

Մինչ Հայաստանի իշխանությունները սպասում են, թե ամերիկացիներին երբ կհաջողվի մոդուլային ատոմակայան կառուցել, Ուզբեկստանի իշխանությունները «Ռոսատոմի» հետ պայմանագիր են ստորագրել՝ իրենց երկրում 6 նման փոքր հզորության ատոմային ռեակտորների կառուցման մասին. յուրաքանչյուր ռեակտորի հզորությունը՝ 55 մեգավատ, վեցինը միասին՝ 230 մեգավատ: Տարբերությունը հասկանալու համար ասենք, որ 50 տարի առաջ կառուցված Հայաստանի ԱԷԿ-ի յուրաքանչյուր էներգաբլոկի հզորությունը 400 մեգավատ է: Ուզբեկները ոչ միայն ատոմային կայանների կառուցման պայմանագիր են ստորագրել, որոնց շինարարության մեկնարկը նախատեսվում է արդեն այս տարի, այլեւ դեռեւս 2019-ին Տաշքենդում բացել են Մոսկվայի ինժեներական ֆիզիկայի ինստիտուտի մասնաճյուղ, որն արդեն այս տարի տվել է առաջին բակալավրերին, ովքեր պետք է աշխատեն եւ սպասարկեն ուզբեկական փոքր հզորության ռեակտորների աշխատանքը: Ծրագիր եւ նպատակ ունեցող պետությունը հենց այսպես է լինում: Ղրղզստանի իշխանությունները եւս մտադիր են նման պայմանագիր կնքել եւ ակտիվ բանակցությունների մեջ են «Ռոսատոմի» հետ: Ի տարբերություն ամերիկացիների, Ռուսաստանն ունի փոքր ատոմակայանների կառուցման փորձ, դրանք ի սկզբանե կառուցվել են նավերի վրա, որ էներգիայով ապահովեն ենթակառուցվածքներից կտրված ռուսական Սիբիրի քաղաքներին, բայց հիմա Ռուսաստանը նաեւ ցամաքում է նման ռեակտորներ կառուցում: 

Օրերս Bloomberg գործակալությունը տեղեկություն տարածեց համաշխարհային շուկայում ուրանի գների աճի մասին: Ըստ գործակալության՝ ուրանի գինը վերջին 5 տարիներին աճել է 233 տոկոսով, ինչի պատճառը պահանջարկի եւ առաջարկի անհամաչափությունն է, ավելի ու ավելի մեծ թվով երկրներ են նախապատվությունը տալիս ատոմային էներգիային՝ որպես էներգիայի առավել հուսալի եւ էժան աղբյուրի: Գործակալության տվյալներով՝ այսօր աշխարհում կառուցվում է 60 նոր ատոմային էներգաբլոկ, եւս 90-ը գտնվում է նախագծման փուլում, իսկ 300-ի կառուցումը կարող է սկսվել առաջիկա տարիներին:

Իսկ ի՞նչն է պատճառը, որ Հայաստանը չկա այդ ցուցակներից եւ ոչ մեկում, չնայած ունի գործող ատոմակայան եւ ատոմակայանի սպասարկման համար անհրաժեշտ մասնագետներ: Պատճառը տարրական անկախության եւ ինքնիշխանության բացակայությունն է, ամերիկացիները չեն թողնում, որ Հայաստանը եւս նման կայան կառուցելու պայմանագիր ստորագրի Ռուսաստանի հետ, քանի որ դրանով կմեծանա Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: Քանի որ ԱՄՆ-ն Ռուսաստանը դիտարկում է թշնամի երկիր, նրանց տրամաբանությամբ՝ ավելի լավ է Հայաստանն էլեկտրաէներգիա չունենա, քան ունենա ռուսական կախվածությամբ էներգիա։ Դրա համար էլ թույլ չեն տալիս, որ Հայաստանը բանակցի Ռուսաստանի հետ՝ նոր ատոմակայան կառուցելու մասին, եւ խոսքից անցնի գործի: Իրական անկախությունը հենց սրա համար է պետք, որ կարողանաս առաջնորդվել սեփական շահերով եւ ոչ թե օտարների կողմից իջեցված հրահանգներով, որոնք բխում են այդ օտարների շահերից:

Ավետիս Բաբաջանյան