Մեկ ընդհանրություն, 3 տարբեր ներկայացում

Մեկ ընդհանրություն, 3 տարբեր ներկայացում

«Ոսկոր», «Սգացող կանայք», «Խալի»․ Երեւանի մնջախաղի պետական թատրոնը միանգամից հանդես կգա 3 առաջնախաղով։ Պրեմիերան կկայանա հուլիսի 1-ին՝ Կ․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում։
Միմյանց հետ սյուժետային կապ չունեցող ներկայացումներ, որոնք, սակայն, ունեն մեկ ընդհանրություն՝ կինը։ Բեմադրող խորեոգրաֆը ներկայացումների հիմքում դրել է կնոջ կերպարը՝ բացահայտելով նրան տարբեր իրավիճակներում։

Բեմադրող խորեոգրաֆ, Պարարվեստի զարգացման կրթամշակութային հիմնադրամի հիմնադիր տնօրեն Ռիմա Պիպոյանը նշեց, որ ներկայացումներում ընդգրկված են երիտասարդ պարողներ։

Երեւանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանը նշեց, որ իրենց դերասաններից մասնակցություն չունեն այս ներկայացումներին։ Սա համագործակցություն է, որի նպատակն է մնջախաղի թատրոնն այլ գույներով ներկայացնելը։

«Չկենտրոնանանք միայն մնջախաղի վրա, այլ օգտագործենք մարմնի լեզվի բոլոր տեսակները։ Ես երազանք ունեմ, որ մեր թատրոնը լինի համաշխարհային մակարդակով մրցունակ, եւ կարծում եմ, որ այս համագործակցությունը կտա իր համաշխարհային պտուղները։ Արդեն տալիս է, որովհետեւ Փարիզից կա հրավեր՝ այնտեղ կայանալիք փառատոնին այս ներկայացումներով հանդես գալու համար»,- ասաց Մանվել Խաչատրյանը։

Երեւանի մնջախաղի պետական թատրոնն այս տարվա ընթացքում հանդիսատեսի համար եւս ունենալու է անակնկալներ։ Աշնանը թատրոնը հանդես կգա 2 նոր ներկայացմամբ։ Հանդիսատեսի դատին կհանձնի «Կոմիտաս» ներկայացումը, որի հեղինակն ու ռեժիսորն Արսեն Խաչատրյանն է։ Կոմիտասի կերպարը մարմնավորելու է թատրոնի առաջատար դերասան Կարեն Խաչատրյանը։
Թատրոնը հանրության դատին կհանձնի նաեւ «Փարաջանով» ներկայացումը։ Մանվել Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս ներկայացումը խաղալու են հենց Սերգեյ Փարաջանովի թանգարանում։ Երկու ներկայացումների փորձերն ընթացքի մեջ են, նախապատրաստական աշխատանքներն ակտիվ փուլում են։