Ադրբեջանական երգեր ու կրքեր՝ Իրանի նախագահի թեկնածուի հանրահավաքում

Ադրբեջանական երգեր ու կրքեր՝ Իրանի նախագահի թեկնածուի հանրահավաքում

Հայտնի է, որ մեր հարևան ու բարեկամ երկրում՝ Իրանում նախագահական ընտրությունները նախատեսված են հունիսի 28-ին։ 

Վերջին տվյալներով, ԻԻՀ նախագահի պաշտոնի համար պայքարում էր վեց թեկնածու, սակայն այսօր հայտնի դարձավ, որ Իրանի փոխնախագահ, պահպանողական գործիչ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին դուրս է եկել նախագահական ընտրապայքարից։ 

Ավելի վաղ հայտնել ենք, որ իրանական մի շարք առաջատար կազմակերպությունների անցկացրած հարցման արդյունքներով Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարող թեկնածուների մեջ առաջատարն ադրբեջանական ընտանիքում ծնված Մասուդ Փեզեշկիանն է: Այլ կերպ ասած՝ նրա հաղթանակին հավատում են ավելի շատ մարդիկ, քան մյուս թեկնածությունների դեպքում: 

Քաղաքական գործիչը բազմիցս, այդ թվում՝ նախընտրական ելույթներում հայտարարել է, որ հպարտ է իր ադրբեջանական ծագմամբ: Ինչպես նշում են ադրբեջանական կայքերը, Փեզեշկիանի՝ Թավրիզում կայացած նախընտրական հանրահավաքում հնչել են ադրբեջանական երգեր։ Բացի այդ, հավաքվածները պահանջել են ադրբեջանական դպրոց բացել նահանգում:

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը մեծ համայնք ունի Իրանում և այնտեղ ապրող ադրբեջանցիներն ամեն ինչ կանեն, որ երկրի բարձրագույն, առանցքային պաշտոններից մեկը վստահվի իրենց հայրենակցին. և՛ իրենց շահերից է բխում և պաշտոնական Բաքվի՝ հատկապես ՀՀ-ի հետ հարաբերությունների համատեքստում: