Ինչ կարելի է հասկանալ ԱԺ-ում անցկացված լսումներից

Ինչ կարելի է հասկանալ ԱԺ-ում անցկացված լսումներից

Հայաստանի խորհրդարանում հունիսի 21-ին ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցան լսումներ՝ «Հայաստանի` Եվրոպական Միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով: Հայկական լրատվադաշտը լայնորեն լուսաբանեց այդ լսումները՝ գրելով, որ հանրաքվեի անցկացման առաջարկ ներկայացրել է Ժողովրդավարական ուժերի հարթակը, որի մասնակիցներն են հետեւյալ քաղաքական ուժերը՝ «Հանրապետություն» կուսակցություն (նախագահ՝ Արամ Սարգսյան), «Հանուն հանրապետության» կուսակցություն (նախագահ՝ Արման Բաբաջանյան), Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն (նախագահ՝ Լեւոն Շիրինյան) եւ Հայաստանի եվրոպական կուսակցություն (նախագահ՝ Տիգրան Խզմալյան):

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը ռուսական պարբերականներից մեկին տված մեկնաբանությունում նկատում է, որ Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունների սերտացման մասին լուրերով որեւէ մեկին այսօր այլեւս հնարավոր չէ ո՛չ զարմացնել, ո՛չ անակնկալի բերել։ Սակայն միաժամանակ նկատում է՝ նման լսումների անցկացումը որքանո՞վ կարելի է համարել լուրջ քայլ եւ որքանո՞վ՝ զուտ սիմվոլիկ իրադարձություն։ Քաղաքագետը նկատում է, որ ցանկացած նախաձեռնություն ունի իր հեղինակները, եւ այս դեպքում հեղինակներն այն քաղաքական ուժերն են, որոնց ընդունված է անվանել Հայաստանում իշխող քաղաքական մեծամասնության կրտսեր գործընկերներ։ Հայաստանում ընդունված տեսակետի համաձայն, այս ուժերի եւ հատկապես նրանց ղեկավարների օգնությամբ Փաշինյանը սովորաբար իրականացնում է, այսպես կոչված, հանրային տրամադրությունների ստուգում։ Մյուս կողմից, ըստ ռուս քաղաքագետի, այն, որ հանրաքվեի առաջարկը վերոնշյալ քաղաքական հարթակի մաս կազմող ուժերն են եւ ոչ թե ուղիղ իշխող ՔՊ-ն, նշանակում է, որ Փաշինյանը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում եւ փորձում է իրեն մանեւրելու տեղ թողնել։
Այլ է հարցը, որ, ըստ էության, օրըստօրե փոքրանում է աշխարհաքաղաքական տիրույթում մանեւրելու հնարավորությունը։ Ե՛վ Ռուսաստանը, ե՛ւ Արեւմուտքը պնդում են, որ Երեւանը որքան հնարավոր է շուտ աշխարհաքաղաքական իր վերջնական ընտրությունը կատարի՝ ակնկալելով, որ այդ ընտրությունը կլինի հօգուտ իրեն։

Բացի այդ, հանրաքվեները սովորաբար լավ պատրաստված «էքսպրոմտներ» են։ Դրանք հենց այնպես, դատարկ տեղում չեն անցկացվում։ Հայաստանի վարչապետը, ի դեպ, խոստացել էր, որ ԵՄ անդամակցության հետ կապված քննարկումներ կիրականացվեն։ Են, ամենայն հավանականությամբ, այդ քննարկումներն են սկսում թափ հավաքել։ Ու եթե հանրաքվեն անցկացվի եւ ունենա այն արդյունքները, որոնք ակնկալվում են, ապա որպես ժողովրդի կամարտահայտություն ներկայացվելով, կամրապնդեն Երեւանի՝ արտաքին քաղաքականության ոլորտում վերափոխումներ անցկացնելու քաղաքական կուրսը։ Սա կարեւոր հանգամանք է, քանի որ այլեւս ոչ մեկը չի կարողանա ասել, որ, օրինակ, Երեւանի շրջադարձը դեպի Արեւմուտք միայն տիրող քաղաքական էլիտայի կամքն է, այլ այն կհանդիսանա ժողովրդի կամքն ու ցանկությունը՝ կարծում է Սերգեյ Մարկեդոնովը։