Առանց ֆինանսական աջակցության չափազանց դժվար կլիներ իրականացնել հեղափոխությունը

Առանց ֆինանսական աջակցության չափազանց դժվար կլիներ իրականացնել հեղափոխությունը

2019 թվականի փետրվարին խորհրդարանում ներկայացնելով իր նոր կառավարության ծրագիրը՝ Նիկոլ Փաշինյանը խոսում էր տնտեսական հեղափոխության մեկնարկից, նկարագրում, թե ինչ վարդագույն ապագա է սպասվում Հայաստանին։ Ոչ ոք այդ ժամանակ չգիտեր, թե ինչ աղետներ է նա հետագայում բերելու Հայաստանի գլխին եւ ինչպես է մեր ժողովրդի 30-ամյա պատմության բոլոր ձեռքբերումները 5 տարվա ընթացքում ջուրը նետելու։

Այդ ժամանակ դեռ 2018-ի հեղափոխության էյֆորիան չէր մարել, եւ շատերը դեռ չէին հաղթահարել իշխանափոխության պատճառած բերկրանքը։ Եվ ինքը՝ Փաշինյանն էլ չէր դադարում հիանալ իր արածով ու հպարտանալ, որ անարյուն հեղափոխություն է իրականացրել երկրում։ Նա ոչ միայն գովերգում էր իր ղեկավարած պայքարն ու հայ ժողովրդին, այլեւ խոստումներ էր տալիս, որ այլեւս երբեք երկրում բռնություն չի կիրառվելու, ՀՀ հպարտ քաղաքացիներն ազատորեն արտահայտելու են իրենց տեսակետը եւ այլն։ Այսօր՝ վերջին տարիներին հանրային ընդվզումների եւ քաղաքական ընդդիմախոսների դեմ կիրառված բիրտ մեթոդների պայմաններում, շատ տարօրինակ է կարդալ այդ մտքերը։ Առավել տարօրինակ է, երբ, ասենք, մարզից Երեւան ցույցի եկողներին բենզին տրամադրելն իրավապահները գնահատում են որպես «հանրահավաքի գնալու նյութական շահագրգռություն» եւ անգամ կանանց են մեղադրանք առաջադրում, ձերբակալում։

Եկեք տեսնենք, թե ինչպես էր 2019-ին Նիկոլ Փաշինյանը հպարտանում, որ աշխարհի բոլոր ծայրերից նյութական օժանդակություն է ստացել՝ հեղափոխություն անելու համար։ Դրանց մեծ մասը, իհարկե, առձեռն ու ոչ մի տեղ չերեւացող օգնություններ էին, մի մասն էլ՝ դրամական փոխանցումներով։ Բայց ոչ ոք այն ժամանակ նրանց չէր մեղադրում խարդախության, շորթման, մարդկանց շահագրգռելու համար։ Չէր հետեւում, թե ինչքան փող մտավ «Քաղպայմանագրի» ու «Հայկական ժամանակի» գրասենյակ, ինչի վրա ծախսվեց։

Փաշինյանն ԱԺ ամբիոնից խոստովանում էր, որ առանց ֆինանսական աջակցության հեղափոխությունը հնարավոր չէր լինի իրականացնել․ «Մեր ձեռքի տակ եղած հաջորդ տեխնոլոգիան օնլայն դրամական փոխանցումների հարթակն էր, որի միջոցով հնարավորություն ստացանք ֆինանսական աջակցություն ստանալ աշխարհով եւ Հայաստանով սփռված մեր հայրենակիցներից, եւ առանց այդ ֆինանսական աջակցության, ի վերջո, չափազանց դժվար կլիներ, որովհետեւ հեղափոխությունը սկսելու պահին մեր շարժումն ուներ ֆինանսական խնդիրներ ու անորոշություններ: Եվ, այնուամենայնիվ, ստանալով շոշափելի ֆինանսական աջակցություն՝ մեր հայրենակիցներին մենք կարողացանք համախմբել եւ իրականացնել մարդկության պատմության ամենաոչծախսատար հեղափոխությունը՝ ի հեճուկս Հայաստանում տարածված այն կարծրատիպերի, որ Հայաստանում փոփոխություններ իրականացնելու համար հարկավոր են միլիոնավոր դոլարներ, դաբրոներ եւ ազդեցիկ տնտեսական շրջանակների աջակցություն»: