Դա բութ, լկտի ու ցինիկ սուտ է, բայց իշխանության համար դա գլխավորը չէ

Դա բութ, լկտի ու ցինիկ սուտ է, բայց իշխանության համար դա գլխավորը չէ

Եվ այսպես, Ապշերոնի «մազութոթ» ափերից Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի շուրթերով երեկ ուղիղ հրահանգ կամ հրաման է հնչել Հայաստանի թավշյա իշխանություններին՝ փոխել մեր երկրի Սահմանադրությունը։

Ընդ որում, այդ հրահանգ/հրամանը հնչել է որպես  է կեղծ «խաղաղության պայմանագրի» ստորագրման նախապայման։ 

Բայրամովի այս լկտի հայտարարության վերաբերյալ հայկական կողմի արձագանքը դեռ չի հնչել, բայց կարող եմ կանխատեսել, որ ներկայիս հայաստանյան  իշխանությունը հերթական անգամ  թատերականորեն խրոխտ ձայնով կասի՝ «Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է, և ոչ ոք իրավունք չունի միջամտել ներհայաստանյան գործերին», և դրանից հետո արագ կվազի Բաքվի հերթական հրամանը կատարելու։ 

Ավելի ճիշտ՝ ադրբեջանական հրամանների հլու-հնազանդ կատարումն արդեն իսկ դարձել է այս իբր, ամենասուվերեն, անկախ, խելացի, ուժեղ իշխանությունների այցեքարտը։ Բայց Հայաստանի Հանրապետության հիմնարար փաստաթուղթը (Սահմանադրությունը) ոչնչացնելու մասին  ադրբեջանական հրամանը կատարելիս իշխանությունները երկու խնդիր ունեն. 

1. Ինչպես գրավել մարդկանց, որ մասնակցեն ֆիզիկապես Սահմանադրության փոփոխելու հանրաքվեին:

2. Ինչպես անել , որ մարդիկ կողմ քվեարկեն իրենց երկրի հիմնարար փաստաթղթի փոփոխությանը` համաձայն թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին։ Փաստորեն ինչպես անել, որ հայերը զանգվածաբար դավաճանեն իրենց Հայրենիքը:

Չէ՞ որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն այն տեսքով, որով թավշյա իշխանություններին հրամայել է Ադրբեջանը, ուղղակի դավաճանություն է Հայրենիքի նկատմամբ, և դրա հետ հնարավոր չէ վիճել (ինչը, ի դեպ, հասկանում է ժողովրդի ճնշող մեծամասնությունը)։
Այնուամենայնիվ ի՞նչ պետք է անեն թավշյա իշխանությունները, որ ավարտին հասցնեն այդ հրեշավոր նախագիծը։ 

Ճիշտ է` Հայրենիքի դավաճանության դիմաց «հպարտ քաղաքացիներին» առաջարկել ինչ-որ կարևոր «մի բան» և զուգահեռաբար սկսել ժողովրդի մեջ վախը սրելու գործընթացի հերթական գեներացումը։ 
Այսինքն՝ մեզ կասեն, որ եթե Սահմանադրությունը չփոխենք, ապա Ադրբեջանը պատերազմ կսկսի։
Սակայն պատերազմով վախեցնելը հայ հասարակության վրա այլևս այն ազդեցությունը չունի, ինչ նախկինում էր, առավել ևս նվաստացած հայ հասարակությունն այլևս չի կարող վախի մեջ ապրել և «սարսափի» էֆեկտն այլևս արդյունավետ չի գործում:

Եվ ահա իշխանությունը որոշեց գնալ իր համար ամենահաջողված ու փորձված ճանապարհով.... այո, այո, դուք կռահեցիք, հայկական իշխանությունը կրկին ստելու է մարդկանց։
Բայց  ստերին սովոր հայ հասարակությանը պետք է ոչ թե հերթական սուտ, այլ առաջին կարգի, բարձրագոչ, տպավորիչ և աննորմալ սուտ։ 

Եվ իշխանությունը որոշեց, որ նման սուտ պետք է լինի ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեման։
Այսինքն՝ սուտը պետք է լինի այնքան խելահեղ ու ցնցող, որ մարդիկ շոկահարված կարող է և հավատան, որ, օրինակ, Հայաստանի՝ ԵՄ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելով, մարդիկ իսկույն կհայտվեն Փարիզում կամ Բեռլինում։

Չզարմանաք` հենց դա են ուզում անել իշխանությունները։

Այսինքն՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության, Հայաստանի հերթական տարածքները ադրբեջանցիներին հանձնելու հանրաքվեներ անցկացնել և Հայաստանի՝ իբր ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել միաժամանակ։

Մարդկանց կասեն, որ իրենց երկրին, մշակույթին, պատմությանը և ազգին դավաճանելու մեջ ոչ մի վատ բան չկա, չէ՞ որ երկրի դավաճանության դիմաց նրանք շանս կստանան ԵՄ մտնելու և կկարողանան խուսափել պատերազմից։
Իհարկե, վերը նշվածը բութ, լկտի ու ցինիկ սուտ է, բայց իշխանության համար դա գլխավորը չէ, կարևորը մարդկանց քարշ տալն է ընտրատեղամասեր և ստիպել քվեարկել երկրի դավաճանության օգտին:

Ի դեպ՝ թավշյա իշխանությունը ևս մեկ խնդիր է լուծում, այն է` հայ ժողովրդին դարձնում է Հայաստանի ոչնչացման մեղսակից։ 

Ահա թե ինչ են նախատեսում անել իշխանությունները Բաքվի հրամանների կատարման շրջանակներում։

Արման Աբովյան