Բաքվի վերջնական նպատակը Հայաստանի պետականության վերացումն է` Անկարայի դրդմամբ

Բաքվի վերջնական նպատակը Հայաստանի պետականության վերացումն է` Անկարայի դրդմամբ

Էրդողանը հայտարարել էր, որ մոտակա ժամանակներս Աստանայում հանդիպելու է Վլադիմիր Պուտինին: Այն, որ այդ մասին առաջինը հայտարարում է Էրդողանը, ինքնին խոսում է այն մասին, որ ամենայն հավանականությամբ, թուրքական կողմին է ավելի շատ անհրաժեշտ այդ հանդիպումը: 

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Աստանայում Ռուսաստանն ու Թուրքիան միասնական ֆորմատ ունեն Իրանի հետ` Սիրիայի հարցը քննարկելու, բայց քանի որ օրակարգը լայնանում է, այնտեղ բազմաթիվ հարցեր կարող են քննարկվել:

Հարցին, արդյո՞ք Հայաստանի ու Արցախի հարցն այնտեղ քննարկվելու է, քաղաքագետն ասաց, անշուշտ կարող է և հավանաբար քննարկվելու է:

«Կարո՞ղ է արդյոք այնտեղ քննարկվել Թուրքիայի՝ ԲՐԻՔՍ-ում անդամակցության հարցը, ինչի մասին Թուրքիան արդեն պաշտոնապես սկսեց խոսել՝ հնարավոր է: Այնտեղ կարող են քննարկվել նաև Իրանի շուրջ իրադարձություններն ու Պաղեստին-Իսրայել իրադարձությունները, Արևմուտքի հետ հարաբերությունները, նաև Ուկրաինայի պատերազմը»,- ասաց Միքայելյանը։

Ռուսական կողմը հայտարարել էր, որ Իրանի հետ նոր ռազմավարական պայմանագիր են շուտով ստորագրելու: Իրանի հետ հարաբերությունների խորացման մասին մեր հարցին, Միքայելյանն ասաց, որ ռուս-իրանական համապարփակ համագործակցության պայմանագիրն ավելի քան հավանական է:

«Այդ ուղղությամբ քաղաքականությունը դասավորվում է շատ դանդաղ, շատ երկարատև, շատ արագացավ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի սկզբից հետո և հիմա Ռուսաստանի այս ներկայիս իրավիճակում Ռուսաստանը ստիպված է նույնիսկ ավելի լայնացնել հարաբերություններն Իրանի հետ: Իրանն էլ գտնվելով պատժամիջոցների ռեժիմում, փորձում է Ռուսաստանի հետ բարելավել հարաբերությունները, ու իրականում, եթե ՌԴ-ն, Չինաստանը, Իրանը, և այլ երկրներ, որոնք Արևմուտքի ճնշման տակ են գտնվում, միավորվեն, ապա կստացվի, որ արդեն այդ ճնշումը գոյություն չունի: Որովհետև այնպես չի, որ Արևմուտքը կարող է այս աշխարհում ամեն ինչ որոշել՝ նման բան չկա: Երկու երկրի համար այս հարաբերություններն ունեն կարևորագույն և կենսական նշանակություն»,- ասաց Միքայելյանը:

Հարցին, արդյոք ՀՀ ներկա իշխանությունների վարած քաղաքականության պատճառով այս երկու երկրների միավորումը կարող է ի վերջո հակահայկական դառնալ, քաղաքագետն ասաց, որ օբյեկտիվորեն դիտարկելով, պետք է հասկանալ, որ այս միավորումն իր չափով մեծ է, իսկ Հայաստանը՝ փոքր: Այսպիսով, Հայաստանն է դրսևորում իր քաղաքականությունն այս միավորման նկատմամբ և ոչ թե հակառակը: Եվ ներկա կառավարության քաղաքականությունն այս միավորման նկատմամբ արդեն արտահայտվել է թեկուզ իրենց մեդիաքաղաքականությամբ, շանհայյան համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ժամանակ ՝ 2022 թվականին, երբ որ կտրուկ հակառուսական, նաև հակաիրանական ուղերձներ տարածվեցին։

«Այսպիսով, այո, Հայաստանի ներկայիս կառավարության քաղաքականությունը լինելու է միտված այս երկու պետությունների դեմ, իսկ նրանց համագործակցության պարագայում Թուրքիայի հետ, կստացվի, որ Հայաստանն ամբողջությամբ մեկուսացված է տարածաշրջանային գերտերություններից, որոնք են Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան: Թուրքիայի հետ օբյեկտիվորեն Հայաստանը ինչքան էլ ուզենա ներկայիս կառավարությունը հարաբերություններ լավացնել՝ չի կարող, որովհետև օբյեկտիվորեն Հայաստանի շահերը Թուրքիայի դեմ են և այս կառավարության շահերը թեև Թուրքիայի հետ համընկնում են, բայց երկարատև լինել չի կարող»,-ասաց Միքայելյանը:
Որքան էլ Հայաստանը գնա դեպի Արևմուտք, այն, միևնույն է` լինելու է մեկուսացված տարածաշրջանում, որովհետև դեպի Արևմուտք շահերը չի կարող սպասարկվել միայն Վրաստանով, որը այս պահին Արևմուտքին հետ ոչ լիարժեք հարաբերություն ունի։

Նախիջևանում Ալիևը կազմակերպել է, այսպես կոչված, «վերադարձ դեպի Իրևան» փառատոնը և մեր հարցին, թե Ալիևն ինչ ներքաղաքական հարց է սրանով լուծում Ադրբեջանում, ասաց, որ իրականում ոչ մի հարց չի լուծում․․․

«Եկեք լուրջ մտածենք ու լուրջ վերաբերվենք վտանգներին, Ադրբեջանի օրակարգը հայկական պետականության վերացումն է՝ ոչ մի խաղաղություն չի փոխելու այս հանգամանքը, ոչ մի խաղաղ օրակարգ դա չի փոխելու և այսպիսով Ադրբեջանի վերջնական նպատակը Հայաստանի պետականության վերացումն է… Արդյունքում թիրախավորվում է հենց Երևանը, այս քաղաքականությունը դրդվում է Անկարայի կողմից՝ իրականացվում է Ադրբեջանի կողմից, բայց Անկարայի լիարժեք աջակցությամբ: Այսպիսով, պետք է գիտակցենք, սա այս քաղաքականության փոքրիկ դրսևորումն է, իսկ այդ դրսևորումները շատ շատ են»,-եզրափակեց Միքայելյանը։