Հատուկ տրիբունալ՝ Պուտինին դատելու համար. ԵԽԽՎ-ն անցնում է լուրջ գործողությունների

Հատուկ տրիբունալ՝ Պուտինին դատելու համար. ԵԽԽՎ-ն անցնում է լուրջ գործողությունների

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հավանություն է տվել Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուսական ռազմական հրամանատարության համար հատուկ տրիբունալ ստեղծելու մասին բանաձեւին։

«Ստրասբուրգում համատեղ քննարկումից հետո այսօր ընդունված երեք բանաձևերում ԵԽԽՎ-ն նախանշել է Վլադիմիր Պուտինին և նրա գեներալներին Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար պատասխանատվության ենթարկելու, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելու և ուկրաինական մշակութային ինքնությունը ջնջելու նրա փորձերին հակազդելու ծրագրերը», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: 

Նշվում է, որ հատուկ տրիբունալի ստեղծումը «իրավական հիմքի և քաղաքական լեգիտիմության տեսանկյունից լավագույն հնարավոր տարբերակն էր»՝ հանցագործությունների համար Ռուսաստանի ղեկավարությանը քրեական պատասխանատվության ենթարկելու համար: 

Հատուկ տրիբունալը կստեղծվի Եվրոպայի խորհրդի և Ուկրաինայի միջև համաձայնագրի հիման վրա։ Նիդերլանդների ներկայացուցիչներն առաջարկել են նման տրիբունալ անցկացնել Հաագայում։ Բացի այդ, ԵԽԽՎ-ն կրկին կոչ է արել բռնագրավել ռուսական ակտիվները և դրանք փոխանցել Ուկրաինայի փոխհատուցման միջազգային հիմնադրամին։
Առանձին բանաձևով Խորհրդարանական վեհաժողովը առաջարկել է Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների «բացերն ու սողացնքները» փակելու ուղիներ, մասնավորապես՝ ցուցակագրել և արգելել «ստվերային նավատորմի» նավերը, ուժեղացնել արտահանման վերահսկողությունը և մայր ընկերություններին պատասխանատվության ենթարկել իրենց դուստր ձեռնարկությունների գործողությունների համար:

Երրորդ բանաձեւում ԵԽԽՎ-ն դատապարտել է Ռուսաստանի համակարգված ջանքերը՝ ուղղված ուկրաինական մշակութային ինքնությունը «ջնջելուն», ինչպես օրինակ՝ պատմության դասագրքերի վերաշարադրումը, մշակութային ժառանգության ոչնչացումը և երեխաների «ռուսականացումը»:

Հիշեցնենք, որ 2023 թ. մարտին Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի մասով: