«Հրապարակ». Չի կարող լինել խաղաղություն, երբ Ադրբեջանում ապօրինաբար այդքան հայ է պահվում

«Հրապարակ». Չի կարող լինել խաղաղություն, երբ Ադրբեջանում ապօրինաբար այդքան հայ է պահվում

«Հրապարակի» զրուցակիցը ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է:

- Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ խաղաղության պայմանագիր ասվածը կապ չունի Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ: Գրիգորյանի խոսքն այն կոնտեքստում էր, որ ռազմագերիներն իբրեւ թե կարող են վերադառնալ ավելի վաղ, քան կարող է խաղաղության պայմանագիրը կնքվել, սակայն այս հայտարարությունը կարող ենք ընկալել նաեւ հակառակ տրամաբանության մեջ: Ի դեպ, Ռուսաստանն ու Ուկրաինան, գտնվելով թեժ պատերազմի մեջ, մայիսի 25-ին գերիների փոխանակություն են արել, սակայն խաղաղության եւ Ադրբեջանի հետ համերաշխության մասին ողջ օրը խոսող հայաստանյան իշխանությունը ոչինչ չի անում` չի կարողանում կամ չի ցանկանում գերիների հարց լուծել: Ի՞նչ տպավորություն ունեք Դուք:

- Ինձ համար այդ հայտարարությունն ավելի ընդունելի եւ ողջունելի է: Ինչպես գիտեք` մենք կառավարությանը քննադատում էինք այն բանի համար, որ ինքնուրույն չեն բանակցում` գերիների վերադարձի մասով, կախվածության մեջ դնելով պայմանագրի ստորագրումը, դրա բոլոր կետերը կատարելը, մինչդեռ մարդասիրական, առավել հրատապ լուծում է պահանջում այս հարցը, ուստի պետք է առանձին քաղաքական, դիվանագիտական աշխատանք տարվի այս ուղղությամբ: Անկախ խաղաղության պայմանագրից եւ դրա կետերից, գերիները պետք է օր առաջ վերադառնան Հայաստան: Եթե այս բոլոր հարցերը կապենք քաղաքականության հետ, ապա կվերահաստատենք, որ նրանք պատանդներ են եւ չեն վերադառնալու այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը նրանց միջոցով չի ստացել իր համար կարեւոր բոլոր օգուտները: Մեր կոչն էր` կատարել ինքնուրույն աշխատանք, հենց մարդասիրական խնդիրների լուծմանը միտված: Մնում է, որ այս հայտարարությունը կյանքի կոչվի: Ադրբեջանի կողմից տեսնում ենք միտում՝ գերիների գործոնը հավելյալ լծակ օգտագործելու համար, որպեսզի ՀՀ իշխանությունների վրա ճնշումը լինի ավելի մեծ: Մենք պահանջում ենք միջազգային մեր գործընկերներից խնդրին մոտենալ ինքնուրույն: Այս հարցի լուծումը կարող է նպաստել խաղաղությանը, ինչու, որովհետեւ մարդասիրական խնդիրների լուծումը հասարակությունների շրջանում փոխադարձ վստահություն է ձեւավորում, ինչը կարող է խաղաղությանը նպաստող գործոն դառնալ: Առանց նման նախապայմանների ձեւավորման, նույնիսկ փաստաթղթեր ստորագրելուց հետո, չկա վստահություն, որ դրական առումով կարող է ինչ-որ բան փոխվել, քանի որ չի կարող լինել խաղաղություն` այն դեպքում, երբ Ադրբեջանում ապօրինաբար այդքան հայ է պահվում:

- Ունե՞ք հստակ տեղեկություն, թե Կարմիր խաչն օրեր առաջ քանի ռազմագերու է տեսակցել: Գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների մեջ կա՞ն մարդիկ, որոնց այցելել Կարմիր խաչին չի հաջողվել:

- Մեր տեղեկություններով` անխտիր բոլորի հետ եղել են հանդիպումներ, ոչ միայն բարձրաստիճան անձանց հետ, այլեւ մյուս ռազմագերիների: Փոխանցվող տեղեկությունների բնույթը, իհարկե, տարբեր է, բայց մենք չունենք տեղեկություն, որ ինչ-որ անձանց չի հաջողվել հանդիպել:

- Այսինքն` գոնե տեղյակ ենք, որ բոլորը ողջ-առողջ են:

- Կարմիր խաչը կարողացել է տեսակցել բոլորին, անձանց հոգեբանական վիճակը, պահման պայմանները, առողջական վիճակը նույնական չեն, եւ չեմ կարող ասել, որ գտնվում են լավ վիճակում:

- Ինչի՞ց եք այդ եզրահանգման եկել:

- Ընտանիքների կողմից ստացված տեղեկություններից:

- Իսկ ավելի կոնկրե՞տ:

- Ավելի կոնկրետ չեմ կարող ասել, քանի որ այս տեղեկությունը բացառապես պետք է նրանց ընտանիքների անդամներին, փաստաբաններին հասանելի լինի: Իրավական գործընթացների շրջանակներում նաեւ հաղորդագրություններ են տարածվում, ինչպես եղավ Ռուբեն Վարդանյանի պարագայում:

- Ի՞նչ ընթացքի մեջ են Արցախի բարձրաստիճան ղեկավարների քրեական գործերը: Տեղեկացանք, որ գործերն ուղարկվել են դատարան: Դատական պրոցեսները ե՞րբ տեղի կունենան:

- Անազատության մեջ պահվող 23 հայ ունենք Ադրբեջանում, բոլոր անձինք, ովքեր գերեվարվել կամ ձերբակալվել են նախքան 2023-ի սեպտեմբերյան պրոցեսները, նրանց գործերը դատարանում են, ճնշող մեծամասնության դեպքում ավարտված են, որոշների դեպքում վճիռը փոփոխման ենթակա չէ: Ինչ վերաբերում է սեպտեմբերյան դեպքերի ժամանակ գերեվարված անձանց, ապա դեռ նոր է հայտարարվել նախաքննության ավարտի մասին, դատական լսումներ դեռեւս չեն եղել: Դատական նիստերի օրերը դեռ հայտնի չեն, չենք բացառում, որ դրանք կարող են դանդաղ ընթանալ, առնվազն ոչ մոտակա շաբաթների ընթացքում:

- Եթե դատական պրոցեսները դանդաղորեն են առաջ շարժվում, դրանից հայկական կողմը շահո՞ւմ է, թե՞ տուժում:

- Կարծում եմ` բովանդակային առումով բախվելու ենք նույն խնդիրներին, երբեմն ազատ արձակումը հնարավոր է լինում դատական ակտերի գոյության պարագայում, երբ անձն ազատազրկման է ենթարկվում, դրանից հետո կարող է հայրենադարձվել: Եթե միակ խոչընդոտող գործողությունը, որ անձինք ազատ արձակվեն, դատական պրոցեսներն են, ապա դրանից հետո նրանք պետք է ազատ արձակվեն: Հայկական կողմն այստեղ անելիք ունի, պետք է դատական պրոցեսները վիճարկվեն միջազգայնորեն, որպեսզի ակտերը չճանաչվեն միջազգային դատարանների կողմից, արձանագրվեն ազատ իրավունքի սահմանափակումները եւ այլն: Ոչ մի դատական նիստ մինչ օրս չի եղել, գործի նյութերին ծանոթանալու համար ժամանակ է տրված` ձեւական բնույթի:

- Միջազգային կառույցների կողմից այս առումով կա՞ որեւէ արձագանք, տեղաշարժ:

- Խնդիրը պահում են իրենց ուշադրության ներքո, անհապաղ ազատ արձակման կոչեր են արվում, խոշտանգումների, ոչ մարդկային վերաբերմունքի մասով կան խիստ դատապարտումներ: Օրինակ` մայիսին հրապարակվեց խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոմիտեի կողմից խիստ գնահատականներ պարունակող հայտարարություն: Արձանագրված են, որ հանցագործություն կատարող անձինք Ադրբեջանում մնում են անպատիժ, ավելին՝ երբեմն խրախուսվում են: