Ռազմական հեղաշրջման փորձ՝ Բոլիվիայում. Մադուրոն մեղադրել է

Ռազմական հեղաշրջման փորձ՝ Բոլիվիայում. Մադուրոն մեղադրել է

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Բոլիվիայում հեղաշրջման փորձ կատարած զինվորականներին դավաճան է անվանել և կարծում է, որ նման զարգացումը ձեռնտու է ֆաշիստներին և ծայրահեղականներին։
«Մենք Վենեսուելայից դատապարտում ենք Բոլիվիայի ժողովրդավարության դեմ հեղաշրջումը:

Պետությանը տված հավատարմության երդումը դավաճանելով՝ գրավել են նախագահական պալատը Լա Պասում: Սա այն ճանապարհն է, որը ցանկանում են ֆաշիստներն ու ծայրահեղականները՝ պետական ​​հեղաշրջումներ, ապակայունացում, ավերածություններ, քաոս»,- երկրի ղեկավարի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Բոլիվիայի կառավարության նստավայր մայրաքաղաք Լա-Պասում զինվորականները հավաքվել են կառավարության շենքի առջև։ Երկրի բանակի նախկին հրամանատար Խուան Խոսե Սունյիգան հայտարարել է «հայրենիքը վերադարձնելու» մտադրության մասին։ Նա պաշտոնից ազատվել է այն բանից հետո, երբ պատրաստակամություն է հայտնել ձերբակալել Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին։ Վերջինս հայտարարությունից հետո հրամանատարին մեղադրել է պետական հեղաշրջման փորձի համար և քաղաքացիական համախմբման կոչ է արել՝ «ժողովրդավարությունը պաշտպանելու» համար, ապա հայտարարել է գործադուլ և ճանապարհների փակում։

Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն հայտարարել է «բանակի որոշ ստորաբաժանումների տարօրինակ շարժերի» մասին և կոչ արել հարգել ժողովրդավարությունը։ Երկրի կառավարությունը միջազգային հանրությանը դիմել է կոչով, այն է՝ աջակցել երկրի գործող օրինական իշխանություններին՝ հեղաշրջման փորձերի մասին հաղորդագրությունների համատեքստում։