Մեր հեծանիվն ու աշխարհը

Մեր հեծանիվն ու աշխարհը

Երբ աշխարհը խաղաղ չէ եւ պատերազմների բովում տապակվում է, ոչ մի երկրի քաղաքացի չի կարող իրեն ապահով ու հանգիստ զգալ, նույնիսկ եթե սեփական երկրում պատերազմ ու վտանգ չկա: Որովհետեւ աշխարհն այնքան միասնական է դարձել ու անպաշտպան, որ այդ արհավիրքները կարող են ցանկացած պահի քո տուն մտնել, էլ չեմ ասում, որ մարդիկ ճամփորդում են, լրատվամիջոցներով են հետեւում այդ իրադարձություններին, եւ դրանք չնկատել, դրանց անտարբեր մնալ՝ ուղղակի չի ստացվի:

Եթե շարքային մարդիկ այդքան ներքաշված են այս թոհուբոհի մեջ, պատկերացրեք` ինչքան բարդ է իշխանության մեջ գտնվողների վիճակը, որոնք նաեւ ստիպված են որոշումներ կայացնել, իրենց երկրները վտանգներից զերծ պահել, թույլ չտալ, որ ներքաշեն դրանց մեջ, միջազգային կառույցներին եւ կոլեգիալ որոշումներին մասնակցելիս էլ ճիշտ կողմնորոշվել: Դա է պատճառը, որ աշխարհի ոչ մի երկրի ղեկավարի հայացքն այս շրջանում խաղաղ չէ, ոչ մեկը չի ձեւացնում, թե ինքը հմուտ ղեկավար է, իր երկիրը ճիշտ է կառավարում, մարդիկ էլ երջանիկ են ու ապահով:

Նորմալ ղեկավարներից ոչ մեկը հեծանիվ չի վարում, խոտերին պառկած չի նկարվում, թե վաստակած հանգիստս եմ վայելում: Ոչ մեկը լայնաժպիտ ու անվրդով դեմքով ցույց չի տալիս, թե բոլորին «փաթթած ունի»: Ոչ մեկը չի հարձակվում իր երկրի ընդդիմության վրա ամբիոններից, կեղծ քրեական գործերով չի լռեցնում ընդդիմախոսներին: Չի փորձում ստել ու խաբել իր հանրությանը` իրականությունը շրջելով եւ հող հանձնելուն «սահմանազատում ու ինքնիշխանության հաստատում» անունը տալով: Աշխարհի նորմալ պետությունների ղեկավարները հասկանում են, որ պետություն ղեկավարելը լուրջ եւ պատասխանատու գործ է` մանիպուլյացիաներով հանրությանը խաբելու հետ ոչ մի կապ չունի: Եվ, առավել եւս` վայելք չէ: