Կոնյակի սպիրտի արտահանումը կստանա պետական աջակցություն. մանրամասներ

Կոնյակի սպիրտի արտահանումը կստանա պետական աջակցություն. մանրամասներ

Գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Նիստի օրակարգում է ընդգրկված 52 հարց, որից 49-ը չեն զեկուցվում, ևս երեք հարց էլ գաղտնի է հանդիսանում։ Քիչ առաջ կառավարությունը որոշում է ընդունել, որի համաձայն, մինչև 2024 թ. դեկտեմբերի 30–ը կոնյակի սպիրտների արտահանողներին կտրամադրվի պետական աջակցություն` յուրաքանչյուր լիտրի համար 100 դրամի չափով։

Դա հնարավորություն կտա նվազեցնելու թողարկվող արտադրանքի ինքնարժեքը, իրացման շուկաներում ներկայացնելու ավելի մրցունակ գներով արտադրանք, ավելացնելու իրացման ծավալները, ինչպես նաև ապահովելու 2024 թ. խաղողի մթերումների գործընթացը։

Ակնկալվում է, որ աջակցության տրամադրման դեպքում ընդհանուր առմամբ կարտահանվի շուրջ 7 մլն լիտր կոնյակի սպիրտ, որի արդյունքում կունենանք շուրջ 80 հազար տոննա խաղողի մթերման համար անհրաժեշտ լրացուցիչ ազատ տարողություն, որը կազմում է 2023 թ. մթերված խաղողի շուրջ 50 տոկոսը։