15 տարեկան անչափահաս աղջիկը կրիստալի հետեւանքով հայտնվել է հոգեբուժարանում

15 տարեկան անչափահաս աղջիկը կրիստալի հետեւանքով հայտնվել է հոգեբուժարանում

Հունիսի 26-ը Թմրանյութերի չարաշահման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Վերջին տարիներին Հայաստանում թմրանյութերի օգտագործումը խիստ աճել է, եւ այն մեծացել է հատկապես երիտասարդների եւ անգամ դպրոցականների շրջանում։ Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ թմրամիջոցների գործածմամբ հաշվառված է ընդհանուր թվով 7 հազար 772 անձ, որից 4 հազար 538-ը՝ կաննաբինոիդների, 2 հազար 949-ը՝ օփիոիդների, 12-ը կոկաինի եւ 273-ը՝ այլ հոգեներգործուն նյութերի (այդ թվում՝ հոգեխթանիչների) գործածման հետեւանքով: Կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ կենտրոն դիմողներն արդեն կախվածության համախտանիշ ունեցողներն են, իսկ այդ իրավիճակում թմրամիջոցներից ձերբազատվելը գրեթե անհնար է։

Իհարկե, անասելի մեծ թիվ են կազմում բժշկի չդիմողները, որոնք խուսափում են հաշվառումից, բացահայտվելուց, ուստիեւ բուժում չեն ստանում: Վերջին տարիներին, ըստ Սուրեն Նազինյանի, թմրանյութերից կախվածության աճ ու երիտասարդացում է նկատվում։ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն այս տարի դիմած ամենաերիտասարդ պացիենտը եղել է 15 տարեկան անչափահաս աղջիկ։ Հոգեախտաբանական խնդիրներ ունենալու պատճառով դեռահասին ուղեգրել են Ավան հոգեկան առողջության կենտրոնի մանկական բաժանմունք։ 
«Օգտագործում էր մեթամֆետամին (կրիստալ): Թմրանյութի այս տեսակը մեր երկրին բնորոշ չէ, աղջիկների շրջանում երբեք տարածված չի եղել, սակայն վերջին շրջանում նաեւ կանանց մոտ է թմրամիջոցների գործածումը մեծացել»,- նշում է նա։ Ասում է՝ թմրամիջոցների տարածման օրինակներից մեկն այն է, երբ ընկերներից մեկն առաջարկում է մյուսին՝ «փորձը փորձանք չի բերում» սկզբունքով։ Բայց իրականում հետո հակառակն է տեղի ունենում` հենց այդ մեկանգամյա օգտագործումից էլ ամեն ինչ սկսվում է։ Նազինյանի խոսքով՝ մեր տարածաշրջանում նախկինում տարածված է եղել 2 տեսակի թմրամիջոց՝ օփիոիդները կամ քնաբեր կակաչից ստացվող թմրամիջոցները, որի հիմնական մատակարարն աշխարհին Աֆղանստանն է։ «Վերջին տասը տարիների ընթացքում սկսեցին շատ մեծ քանակությամբ սինթետիկ թմրամիջոցներ արտադրվել ամբողջ աշխարհում, դրանք հոգեխթանիչ հանդիսացող նյութեր են, որոնցից ամենահայտնին մեթամֆետամինն է»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում պացիենտի բուժման 2 մոտեցում կա։ Մեկը դետոքսիֆիկացիոն բուժումն է, երբ անմիջապես դադարեցվում է տվյալ թմրանյութի օգտագործումը, պացիենտի հետ աշխատում են նաեւ հոգեբաններ՝ վիճակի բարելավումից հետո։ Բուժման երկրորդ եղանակի դեպքում օփիոնային կախվածություն ունեցող պացիենտին դեղորայք է տրամադրվում։ «Սա բուժման այն եղանակն է, երբ մարդն այլեւս որեւէ կերպ չի կարողանում դադարեցնել թմրամիջոցի օգտագործումը, եւ անարդյունք են բոլոր այլ միջոցները։ Առաջարկվում է պահպանողական բուժում, բժշկի հսկողությամբ տրամադրվում է մեթադոն տեսակի դեղահաբ»,- ասում է Նազինյանը։ Բժիշկը շեշտում է, որ մեթադոնի տրամադրումը դրական հետեւանքներ է ունենում, օրինակ, պացիենտը հանցագործություններ չի անում, տնից գումար չի գողանում՝ թմրամիջոց գնում, առողջությունը սկսում է վերականգնվել, երբ դադարում է թմրամիջոց ընդունել։ Փոխարինող բուժման դեպքում, ըստ Նազինյանի, նվազում է նաեւ արյան միջոցով վարակների տարածումը։ Սակայն աշխարհում շատ ուսումնասիրություններ կան, որոնք վկայում են մեթադոնի բացասական հետեւանքների մասին, եւ որոշ երկրներում կախվածություն ունեցող պացիենտներին արգելված է դրա տրամադրումը:

Մեթադոնի դեղահաբեր են տրամադրում նաեւ դատապարտյալներին։ Սուրեն Նազինյանի խոսքով՝ ինքն առաջին բժիշկն է եղել, որ 2010-ից քրեակատարողականների համար նշանակել է այս դեղահաբը։ «Մեզ մոտ փոխարինող բուժում ստացող պացիենտներից մեկը կալանավորվեց, եւ մենք, ՔԿ-ի հետ համագործակցելով, այդ պացիենտին մեթադոն տրամադրեցինք։ ՔԿ-ում հետո ստեղծվեց փոխարինող բուժման ծրագիր։ Այս պահին փոխարինող բուժում ստացող 200-ից ավելի պացիենտ կա ՔԿՀ-ներում, որը շատ բարձր ցուցիչ է»,- նշում է նա։ Հավելենք, որ դեղատներում մեթադոն տեսակի դեղամիջոցի վաճառքն արգելված է։ 

Բայց մենք նաեւ տեղեկություններ ունենք, որ որոշ ՔԿՀ-ներում չարաշահում են այս դեղամիջոցի գործածումը` տրամադրելով ոչ միայն մշտական կախվածություն եւ բուժման կարիք ունեցողներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր հայտարարում են, որ թմրանյութերից կախվածություն ունեն եւ կարիք ունեն մեթադոնի: Մեզ հասած տեղեկություններով, այս դեղամիջոցն օգտագործող կալանավորները հենց կալանավայրերում են կախվածություն ձեռք բերում, քանի որ հաճախ չի էլ ստուգվում՝ նրանք նման բուժման կարիք ունե՞ն, թե՞ ոչ, ուղղակի բանավոր հայտարարությունների հիման վրա նրանց մեթադոն են տրամադրում: