Պատրաստ ենք ամբողջովին վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները. Միրզոյան

Պատրաստ ենք ամբողջովին վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները. Միրզոյան

Ժամանակն է կյանքի կոչել Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին Տալլինում էստոնացի գործընկերոջ` Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա իր գործընկերոջը ներկայացրել է Հարավային Կովկասի վերջին իրադարձությունները և ՀՀ հարաբերությունները հարևանների հետ։

«Թուրքիայի հետ Հայաստանը պատրաստ է ամբողջովին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, բացել սահմանները և կարգավորել հարաբերությունները։ Մենք արդեն կոնկրետ համաձայնություններ ունենք՝ բացելու ՀՀ-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և ՀՀ–ի ու Թուրքիայի դիվանագիտական անձնագրերով քաղաքացիների համար։ Կարծում եմ՝ ժամանակն է կյանքի կոչել այդ համաձայնությունները»,– հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Այս տարվա մարտին նախարարները բանակցություններ էին վարել Անթալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակում։