Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը գրեթե պատրաստ է. Միրզոյան

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը գրեթե պատրաստ է. Միրզոյան

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը գրեթե պատրաստ է։Այս մասին Տալլինում իր էստոնացի գործընկեր Մագնուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, մենք շարունակում ենք բանակցային գործընթացը։ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստը գրեթե պատրաստ է։ Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ վերջնական տեսքի բերել տեքստը և խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»,- հավելեց Միրզոյանը։

Նրա խոսքով, «Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչմանը և այս հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակմանը»։

«Ժամանակն է փակել Հարավային Կովկասի հակամարտության էջը և խաղաղություն հաստատել այս տարածաշրջանում։ Մենք հստակ հավատում ենք, որ այս խաղաղությունը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների և երկրների համար։

Իհարկե, մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ, և ակնկալում ենք մեր գործընկերների ամուր աջակցությունը, որոնք շահագրգռված են հարավկովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությամբ և կայունությամբ»,- ասել է Միրզոյանը։