Վաֆլի հավաքողները

Վաֆլի հավաքողները

Պատմվածք՝ բանտից

Առաջին անգամ Ապրիլյան պատերազմի ժամանակ էր, երբ նա որոշեց, որ պետք է օգնել հաղթանակին: Ակնհայտ էր, որ անձամբ նրա կողմից ինչ-որ գործողություն պետք է արվեր՝ ռազմական հաղթանակը մոտեցնելու համար: Զինվորները, իհարկե, մարտի դաշտում կռվում էին, բայց դա մի տեսակ հերիք չէր: Հաղթանակի համար ինչ-որ կարեւոր բան պակասում էր…

Այդ օրը նա այդպես էլ գրեց ֆեյսբուքյան իր էջում. «Այլեւս անհնար է ձեռքներս ծալած, անտարբեր նստել տներում: Գործելու ժամանակն է!!!!!!!»: Գրառման վերջում յոթ բացականչական նշանները խոսում էին նրա բարկության եւ վճռականության մասին: Գուցե այդ յոթ բացականչական նշաններն էին պատճառը, գուցե գրառման կոչն էր այդ ծանր պահին մարդկանց սրտամոտ. ինչեւէ, 20 րոպեում այդ գրառումը հավանեց 300 մարդ:

300 հավանումն արդեն կատակ չէր: 300 «լայքն» արդեն ծանրակշիռ փաստարկ էր: Մի փոքր մտածելուց հետո նա վերցրեց հեռախոսը եւ տնից դուրս եկավ: Պրոսպեկտի բանուկ հատվածում հեռախոսով սելֆի արեց եւ անհապաղ այն տեղադրեց Ֆեյսբուքում՝ հետեւյալ գրառմամբ. «Սիրելի իրական հայրենասերներ, եթե ցանկանում եք օգնել սահմանում կռվող զինվորին, եկեք այստեղ՝ ձեզ հետ բերելով քաղցրավենիք, որը մենք կուղարկենք մեր հերոս զինվորներին»:
Այս գրառման «լայքերը» նախորդից էլ ավելի շատ էին, իսկ գրառման ներքո թեժ քննարկում էր սկսվել: Մարդիկ միմյանց կոչ էին անում՝ անտարբեր չգտնվել եւ հայրենիքը միայնակ չթողնել այս ծանր պահին: Օգտատերերից մեկն առաջարկեց վերացական «քաղցրավենիք» բառը փոխարինել կոնկրետ «վաֆլի» բառով, քանի որ վաֆլու պահպանումը եւ տեղափոխումը դեպի առաջնագիծ լոգիստիկ առումով շատ ավելի հեշտ էր:

Վերջին գրառումից նույնիսկ մեկ ժամ դեռ չէր անցել, երբ նրան մոտեցան մի քանի մարդ եւ հայրենանվեր գործին զոհաբերեցին, ընդհանուր առմամբ, երկու արկղ վաֆլի: Սկզբի համար վատ չէր: Մարդիկ վաֆլիները հանձնելուց անպայման լուսանկարվում էին եւ լուսանկարները հրապարակում տարբեր սոցցանցերում՝ նմանատիպ գրառումներով. «Միացեք, վաղը կարող է հայրենիք չունենանք», «Վերջապես հայտնվեց մեկը, ով համախմբում է ողջ ազգին», «Այս վաֆլիներն իմ փոքրիկ ներդրումն են մեր մեծ հաղթանակների գործին»…

Այդ գրառումների ներքո հիացական մեկնաբանությունների տարափ սկսվեց: Մարդիկ ցանկանում էին անպայման իրենց վաֆլիները եւս հասցնել Պրոսպեկտ, լուսանկարվել նրա հետ եւ սոցցանցերում գրառումներով մուննաթ գալ ուրիշների վրա:

Վաֆլիների աննախադեպ հոսք սկսվեց: Նա Պրոսպեկտում փոքրիկ սեղան ու աթոռ տեղադրեց եւ վաֆլի բերողներին արդեն ընդունում էր նստած՝ անպայման գրավոր գրանցելով նրանց անուն-ազգանունները եւ այլ տվյալներ: Օրվա ավարտին Ֆեյսբուքում տեղադրում էր իր հոգնատանջ դեմքով լուսանկարը եւ վաֆլի բերած հերոսների անունները: Մարդիկ մեկնաբանություններում օրհնում էին վաֆլի բերողներին եւ, իհարկե, նրան:

Սփյուռքից եւս ցանկություն հայտնեցին մասնակցել հայրենանվեր այդ ձեռնարկին, սակայն, քանի որ ֆիզիկապես չէին կարող գալ Պրոսպեկտում տեղադրված սեղանի մոտ եւ նրան առձեռն հանձնել վաֆլիները, պատրաստակամություն հայտնեցին գումար հավաքել եւ փոխանցել` միայն այն պայմանով, որ գտնվեր այնպիսի վստահելի մեկը, ով հաստատապես հավաքված գումարով ոչ թե այլ բաներ՝ զենք, հեռադիտակ, այլ միայն վաֆլի կգներ:
Ֆեյսբուքում օգտատերերից մեկը գրեց, թե նա հայրենիքի համար այնքան կարեւոր գործ է անում, որ գուցե շուտով թշնամին նրա համար գլխագին նշանակի: Այդ մեկնաբանությունը մի քանի հարյուր «լայք» հավաքեց… Ափսոս, Ապրիլյան պատերազմն ընդամենը 4 օր տեւեց: Դեռ որքա՜ն բան կարելի էր անել…
Հետո տավուշյան մարտերն էին. նա կրկին վաֆլի էր հավաքում: 44-օրյա պատերազմն էր. նա նորից վաֆլի էր հավաքում:

Արցախից գաղթը սկսվեց. նա վերստին վաֆլի էր հավաքում:

Կիրանցի մի մասը հանձնեցին. նա շարունակում էր վաֆլի հավաքել:

Նույնիսկ երբ Ալավերդիում հեղեղի պատճառով կամուրջը փլվեց, նա համառորեն դուրս էր գալիս փողոց եւ վաֆլի էր հավաքում: Արդեն կամավորների խումբ ու քաղաքի կենտրոնում գրասենյակ ուներ, որտեղ հավաքվում եւ որտեղից բաշխվում էր հավաքվող վաֆլին: Նա ամեն օրվա վերջում Ֆեյսբուքում տեղադրում էր լուսանկարներ, որոնք վկայում էին, թե ինչ ծանր, բայց միեւնույն ժամանակ կարեւոր գործ են անում իրենց կամավորների խմբով:
Ֆեյսբուքում շարունակում էին գրել․ «Երնեկ բոլորը քո չափ հայրենիքը սիրեին»: Իհարկե, հիմնականում լատինատառ էին գրում, բայց մի՞թե դա էական էր: Նրան շատ էին սիրում հիսունին մոտ կանայք: Չէ՞ որ նա մի քիչ գեյ էր ու մի քիչ էլ՝ խրոխտ եւ այնքան կարեւոր գործ էր անում, որ թշնամին նրա համար նույնիսկ գլխագին էր նշանակել:

Նա սկզբում շատ էր ոգեւորվում իրեն փառաբանող գրառումներից, հետո սկսեց մտածել՝ իրոք, որքան լավ կլիներ մեր երկրում ամեն ինչ, եթե բոլորը գոնե իր կեսի չափ հայրենասեր լինեին: Նույնիսկ մարտի դաշտում այդ ամբողջ ընթացքում թշնամու դեմ կռվող զինվորները, որոնց անունից, ըստ էության, հավաքվում էր այդ վաֆլին, այլեւս այդքան հայրենասեր չէին թվում՝ ի համեմատություն իր արածի: Ի վերջո, զինվորի գործը կռվելն է, իսկ ինքը վաֆլի է հավաքում հասարակական-կամավոր հիմունքներով: Դա է իսկական հայրենասիրությունը:

Ու այսպես, նա շարունակում էր իր հայրենանվեր գործը՝ բոլոր աղետների ու պատերազմների ժամանակ հավաքելով թուրքական, ուկրաինական, երբեմն նաեւ ռուսական ու հայկական արտադրության վաֆլիներ: Վաֆլիների մեջ նա աշխարհաքաղաքական տարբերակում չէր դնում: Նրան հաճախ կարելի էր տեսնել փողոցներում՝ վաֆլիներով բարձված մեքենաների կողքին: Նա մի քիչ գեյ էր, մի քիչ՝ խրոխտ, մի քիչ ազգայնական էր, մի քիչ՝ կոսմոպոլիտ, սակայն մի բան հաստատ էր՝ երկրի համար բոլոր դժվարին պահերին կարող էիր մտնել նրա ֆեյսբուքյան էջը եւ տեսնել, որ նա վաֆլի էր հավաքում…

Նարեկ Մալյան