Հայաստանը հրաժարվում է բոլոր այն պարտականություններից, որոնք որպես ՄԱԿ-ի անդամ պետություն ստանձնել է

Հունիսի 20-ին աշխարհում նշում են Փախստականների համաշխարհային օրը: Ցավոք, սեպտեմբերից հետո Հայաստանում փախստականների թիվն ավելացավ 120 հազարով: 90-ականներին Բաքվից, Սումգայիթից ու Կիրովաբադից մոտ 500 հազար փախստականներին միացան նաեւ Արցախից բռնի տեղահանված մեր 120 հազար հայրենակիցները, որոնց մի մասն արդեն Հայաստանից էլ է արտագաղթել` ապրելու պայմանների բացակայության պատճառով:
Եվ չնայած արցախահայերի բազմաթիվ չլուծված խնդիրներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այսօր հանդես են եկել անհասցե ու անորոշ ուղերձներով: Մինչդեռ մեր պետությունը պետք է ամեն օր խոսեր այս մասին եւ միջազգային կառույցներին ներկայացներ, թե Ադրբեջանն ինչ վայրագրությունների է դիմել, ինչպես է մարդկանց իրենց տունուտեղից, իրենց հարյուրամյակների օրրանից վռնդել:
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն, ով երկար տարիներ զբաղվել է նաև փախստականների հարցերով «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ բռնի տեղահանված արցախցիներն այսօր ունեն բազմաթիվ չլուծված խնդիրներ, ինչ վերաբերում է իշխանություններին, ապա նրանք չեն էլ փորձում այս մարդկանց խնդիրները լուծել, փոխարենն անում են անհասկանալի հայտարարություններ, փորձելով հանրության աչքին թոզ փչել.
«Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունները, նախորդ տարվա հոկտեմբերին` համաշխարհային պրակտիկայի մակարդակով կատարեցին աննախադեպ մի գործողություն արեցին, այն է` քաղաքացիություն զրկեցին ավելի քան 150 հազար արցախցու: Չկա աշխարհում մի այլ պետություն, որն այդպիսի քայլի դիմեր, Հայաստանն առաջինն էր այս հարցում: Այս հարցում չկա որևէ հիմք, իսկ այն բացատրությունները, որ տարածում են Հայաստանի իշխանությունները, բացարձակ անհիմն են և ոչ մի կապ չունեն իրականության հետ: Այսօր տեղեկություն ստացա, որ Եվրամիությունը Հայաստանին պատրաստվում է փախստականների խնդիրները լուծելու համար տրամադրել 15 միլիոն եվրո: Անհասկանալի է, թե ինչու է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նման անհասցե հայտարարություններ անում, այդպես էլ չհասկացա, թե նա ինչու է այս հարցին անդրադառնում: Մարդու իրավունքների պաշտպանի պարագայում հասկանալի է, հասկանալի կլիներ նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հայտարարությունը, ինչու ոչ` Առողջապահության և ԿԳՄՍ նախարարները կարող էին հայտարարություն անել, սակայն ոչ Վահե Ղազարյանը: Արցախից Հայաստան տեղահանված մարդիկ այսօր ունեն, թե հրատապ-առաջնային և թե միջնաժամկետ կարիքներ: Իշխանությունները արցախցի փախստականների հարցը առաջին պլան այդպես էլ չեն բերում, չեն դարձնում կարևոր հարց` իրենց համար:
Արցախահայության հազարամյա պատմությանն ընդամենը մի քանի ժամում վերջ է դրվել: Ոչ միայն միջազգային հանրությունից պետք է օգնություն հայցել, այլև առաջնահերթ քաղաքական հարց պետք է դարձնել Ադրբեջանի կողմից արված ցեղասպանական պրոցեսները: Իշխանության համար սա օրակարգային խնդիր չէ, իսկ եթե տվյալ պետության համար տվյալ հարցն օրակարգային չէ, չի կարող այն կարևորվել միջազգային հանրության կողմից: Ցանկացած ցեղասպանություն մարդկության դեմ արվող հանցագործություն է: Այսպիսով Հայաստանն այսօր հրաժարվում է իր բոլոր այն պարտականություններից, որոնք որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, կարող են կանխել Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները: Նշեմ նաև, որ Եվրամիության կողմից հատկացված այդ գումարների որևէ մոնիթորինգ չի արվում, չի վերահսկվում, թե այդ գումարներն ինչպես են ծախսում, ինչի վրա: Շահագրգիռ կողմերը` Արցախի ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունները պետք է իմանան, թե այդ գումարներն ինչի վրա են ծախսում: Սա էլ է աննախադեպ երևույթ: Ի դեպ, Հայաստանը միշտ էլ ունեցել է փախստականներ և մշտապես դրսից գումարներ է ստացել փախստականների կարիքները հոգալու համար, սակայն այն ժամանակվա չինովնիկները եղել են անհամեմատ ավելի բարեխիղճ և ապահովել են տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայությունն այդ պրոցեսներին: Սա ոչ թե կոռուպցիայի վտանգ է, այլ` բացեիբաց կոռուպցիոն դրսևորում է», - նշում է Ալավերդյանը:
Կարծիքներ