Նո՞ր էիք ճանաչում Նիկոլ Փաշինյանին, մինչև 2021 թվականը չգիտե՞իք ով է նա

Նո՞ր էիք ճանաչում Նիկոլ Փաշինյանին, մինչև 2021 թվականը չգիտե՞իք ով է նա

«Հրապարակի» զրուցակիցը ԱԺ նախկին պատգամավոր, ԼՀԿ խմբակցության նախկին անդամ Աննա Կոստանյանն է:

- Դուք երկար տարիներ անդամակցում էիք «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, պատգամավոր դարձաք, կուսակցության հետ ճանապարհ անցաք, սակայն 2022 թվականի մարտին դուրս եկաք կուսակցությունից: Այժմ Մարուքյանի կուսակցությունը պառակտման երկրորդ ալիքն է ապրում, օրեր առաջ Մարուքյանի ամենահավատարիմ անձանցից մեկը` Անի Սամսոնյանը հեռացավ, Գեւորգ Գորգիսյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե դուրս չի եկել, բայց պասիվացել է` «կյանքն է վայելում», մյուսները լուռ են…. Ձեր կարծիքով` ինչո՞ւ «Լուսավոր Հայաստան»-ը հայտնվեց այս վիճակում:

- Կուսակցության գործունեության մասին խոսելուց առաջ նախ պետք է հիշել, թե առնվազն վերջին երկու տարվա ընթացքում կուսակցությունն ինչով է զբաղվել, ինչ է արել: Ես չեմ մտաբերում ոչ մի նման դեպք, երբ կուսակցությունն ակտիվություն դրսևորած լիներ, առանձնապես որևէ քաղաքական պրոցեսի չեն մասնակցել, իսկ ես ոչ մի տեղեկություն չունեմ, թե ինչու Անի Սամսոնյանը դուրս եկավ կուսակցությունից, կարող եմ ենթադրել, որ դա կապված է երկրում ստեղծված ճգնաժամի հետ: Ցանկություն էլ չկա այդ կուսակցությունով հետաքրքրվելու, քանի որ այն շատ վաղուց ինձ համար իր քաղաքական ճանապարհը սպառել է: Խոսել ինչ-որ բանի մասին, որը գոյություն չունի ժամանակավրեպ է, ի դեպ էլի կան նման կուսակցություններ, որոնք ուղղակի ինչ-որ մարդ են ներկայացնում, ովքեր զուտ անձնական նպատակներ են հետապնդում` կուսակցության միջոցով:

- Այդ կուսակցությունն արդեն 9 տարեկան է: Ինչպե՞ս այն զարգացավ, ի՞նչ շրջափուլեր անցավ, Մարուքյանը մեկ ընդդիմադիր էր, մեկ իշխանական: Դժվար էր գլուխ հանելը:

- Անկեղծ ասած` դեռևս նախաձեռնության փուլում և հետո կուսակցություն ձևավորվելու ընթացքում կուսակցության անդամները, նաև ես, հավատում էին որդեգրած արժեքներին, որոնց մասին պարբերաբար խոսում էին, հանրահռչակում և այլն: Բավականին ակտիվ կուսակցություն էր սկզբանական շրջանում և մարդկանց մոտ մոտեցումներ էր փոխում: Հավատ կար, որ նոր կուսակցության մշակույթ է ձևավորվում, կուսակցության ղեկավարն էլ մեծ ձգտումներով ցույց էր տալիս, որ ցանկանում է ինչ-որ բաներ փոխել: Ես արդյունավետ եմ գնահատում սկզբնական շրջանի գործունեությունը, բայց 2021-ից 2022 թվականներին հստակ ընդդիմադիր կեցվածքից հրաժարումը և իշխանության ձեռքը բռնելը այլ տեղ տարան ամեն ինչ: Գուցե միամտաբար կարծեցին, գուցե շատ լավ էլ հասկացան, թե ինչ են անում, սակայն այս իշխանությունների հետ համագործակցելով փորձեցին մեզ համոզել, որ այս իշխանության հետ հնարավոր է պետության համար ինչ-որ լավ բան անել: Հիմա էլ այլ հայտարարություններ են արվում և այստեղ մի հարց է առաջանում` նո՞ր էիք ճանաչում Նիկոլ Փաշինյանին, մինչև 2021 թվականը չգիտե՞իք, ով է նա: Առնվազն մեկ տասնամյակ Նիկոլ Փաշինայնին ու նրա գործունեությանը հետևելով շատ պարզ էր, որ նա, որպես քաղաքական ուժ, ինչ ուղղությամբ կարող է տանել երկիրը, ինչ օրակարգով և այլն: Կարծում եմ` քաղաքական կուսակցությունները ՀՀ-ում այդպես էլ չեն կարողանում իսկապես որպես կուսակցական ինստիտուտներ զարգանալ ու հենց սա է է թիվ մեկ պատճառը, որ հայաստանյան քաղաքական դաշտը նման ողբերգական վիճակում է:

- «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամ եք, նախաձեռնությունը վերջին շրջանում բավականին ակտիվ էր` փողոցային պայքարի ժամանակ: Այժմ ի՞նչ ծրագրեր կան:

- Ինստիտուցիոնալ առումով չկա անդամակցություն, որովհետև որպես կառույց այն դեռևս չկա, նախաձեռնություն է: Ես հանրային դաշտում` բոլոր նախաձեռնություններում փորձում եմ աջակցություն ցուցաբերել: Պարբերաբար կանայք հանդիպումներ են կազմակերպում, իսկ այդ համայնքում շատ-շատ հետաքրքիր, ինքնահաստատված, փոփոխություններ բերող կանայք են հավաքված: Քննարկում ենք քաղաքական իրավիճակը, մարդիկ փորձում են լուծումներ առաջարկել, ինչպես նաև փողոցային պայքարին փորձում են ներկայություն ապահովել` դրական փոփոխություն արձանագրելու ակնկալիքներով: