Ժողովուրդը պետք է ցույց տա` հայրենասե՞ր է, թե՞ դավաճան
Արդեն 4 տարուց ավելի է՝ ականատեսն ենք, թե ինչպես են սուվերեն Հայաստան պետության հողերը մաս-մաս հանձնվում մեր մեծագույն թշնամուն՝ Ադրբեջանին, դրանով ճանապարհ հարթելով դեպի ամբողջական Հայաստանի հանձնում: Հստակ տեսանք, թե տարբեր մանիպուլյացիաների արդյունքում ինչպես Արցախի Հանրապետությունը հայաթափվեց եւ հանձնվեց Ադրբեջանին: Շարունակության դեպքում նույնը սպասվում է նաեւ Հայաստանին։
Պետք չէ հեծանիվ հնարել, գոյություն ունի այս հարցի լուծման 2 տարբերակ. կա՛մ պետք է հայ ժողովուրդը միասնական ուժերով պայքարի ու փրկի Հայաստանը, կա՛մ այն ամբողջապես հանձնի Ադրբեջանին: Այս 4 տարիներին համոզվեցինք, որ Հայաստանի իշխանությունները հակված չեն առաջնորդելու հայ ժողովրդի պայքարը, ուստի մնում է, որ ժողովուրդն ինքը իշխանություններին ստիպի գնալ այդ տարբերակին: Այսինքն՝ Հայաստանի փրկության խնդիրը կարող է լուծել միմիայն հայ ժողովուրդը, որը փաստացի այս 4 տարիներին նիրհի մեջ է եղել եւ այս ուղղությամբ գրեթե մատը մատին չի խփել: Այս ընթացքում, իհարկե, որոշ փորձեր արվել են «Հայաստան» դաշինքի եւ այլ ուժերի կողմից, որոնք, ցավոք, ցանկալի արդյունք չեն գրանցել եւ մարել են:
Տավուշի մարզի 4 գյուղերի հանձնման հանգամանքով պայմանավորված, սկիզբ առավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը հույսեր արթնացրեց հանրության մեջ: Իսկ ընթացքը բոլորիս աչքի առաջ էր: Մայիսի 9-ին շարժումը հասավ Երեւան եւ բավականին մեծ զանգված ընդգրկեց՝ երբեմն 100 հազար մարդ հավաքելով իր շուրջը: Սակայն, ըստ իս, հունիսի 12-ին կայացած հանրահավաքի ժամանակ նաեւ շարժման թույլ տված որոշակի ռազմավարական եւ մարտավարական սխալների հետեւանքով տեղի ունեցան ոստիկանության հետ լուրջ բախումներ, որի արդյունքում եղավ այն, ինչ երազում էր իշխանությունը։
Եղան բազմաթիվ ձերբակալություններ, գրանցվեցին վնասվածքներ ու վիրավորումներ, մեծ թվով անձանց տեղափոխեցին տարբեր բուժհաստատություններ, նրանց մի մասը լրջագույն վնասվածքներ է կրել: Հարուցվեցին բազմաթիվ քրեական վարույթներ: Այսինքն՝ փաստացի, իշխանությունները հասան իրենց ուզածին, եւ շարժումը՝ մեծաթիվ վիրավորներով ու քրեական վարույթներով, ժամանակավորապես դադարեցրեց ակտիվ ընթացքը, պասիվացավ։
Այժմ փաստացի շարժումը կանգնած է ճակատագրական ճամփաբաժանի առջեւ եւ հաջողություն գրանցելու համար պետք է ոսկերչական ճշտությամբ հաշվարկ անի, թե ինչպիսի շարունակություն ընտրի, որպեսզի այս ընթացքում ձեռք բերված հաջողությունը ջուրը չընկնի: Չէ՞ որ սա վերջին մի քանի տարիների ընթացքում մեր ժողովրդի պայքարի եզակի հաջողությունն է, որը պետք է ճշգրիտ ու հաշվարկված շարունակել: Շարժման ցանկացած սխալից իշխանությունը դարձյալ փորձելու է օգտվել եւ հերթական անգամ ջարդել շարժման ողնաշարն ու այն տանել վերջնական մարման: Շարժման առաջնորդները չպետք է շտապեն եւ չափազանց լուրջ աշխատանք պետք է տանեն՝ մեծաթիվ ժողովուրդ ոտքի հանելու գործում: Հենց սա է որոշելու շարժման հետագա ճակատագիրը։ Եթե բոլոր ուժերը ճիշտ աշխատեցին՝ հնարավորինս շատ ժողովուրդ ոտքի հանելու հարցում, որի թիվը պետք է լինի 100 հազարից ոչ պակաս, այդ դեպքում հետագա շարունակությունն էլ, ճիշտ կազմակերպելու դեպքում, հաջողություն կարձանագրի, հակառակ պարագայում այս շարժումն էլ կպարտվի ու կմարի։
Իհարկե, ԱԺ-ում կատարվող իրադարձություններն էլ չափազանց կարեւոր են, սակայն ամեն ինչ տեղի է ունենալու դրսում: Ստեղծվել է մի իրավիճակ, որ կողմերից յուրաքանչյուրի ե՛ւ հաղթելու, ե՛ւ պարտվելու հավանականությունը հավասար է 50 տոկոսի, ու կհաղթի նա, ով կգտնի ճիշտ շարունակությունը: Եվ հաղթանակը կախված կլինի միմիայն մեր ժողովրդի հավաքական կամքից, իրավիճակը փոխելու նրա վճռականությունից եւ իր երկիրը պաշտպանելու ցանկությունից։
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Կարծիքներ