Ես ավելի վատ տարբերակ էլ եմ պատկերացնում` տարածքը լինի, մենք չլինենք

Ես ավելի վատ տարբերակ էլ եմ պատկերացնում` տարածքը լինի, մենք չլինենք

 «Հրապարակի» զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը: 

-Դուք հայտարարել էիք, որ Բագրատ սրբազանը պետք է փոխի շարժման մեջ ներգրավված քաղաքական թիմերին և նոր օրակարգ մտցնի: Բայց եթե Սրբազանը հրաժարվի այդ քաղաքական թիմերից, չի՞ զրկվի արդյոք նաև եղած ռեսուրսներից: 

-Մայիսի 18-ին Սրբազանի հրավիրած մշակույթի գործիչների հետ հանդիպմանը իմ կարճ ելույթում ասել եմ, որ իմ դիտարկումներով իշխանափոխությունը քիչ հավանական է։ Իշխանափոխության համար պիտի երկու պայման բավարարվեր. առաջինը՝ անհրաժեշտ թվով մարդիկ դուրս գային փողոց, որը չափելի լիներ իշխանությունների ուժային դիմակայությանը, և երկրորդ, արտաքին հզոր ուժերի անհրաժեշտ աջակցություն։ Այս երկուսից ոչ մեկը չեղավ, ինչն ինձ համար սպասելի էր` լավ իմանալով մեր ժողովրդի պաթոլոգիկ վիճակում գտնվելու հանգամանքը և աշխարհի խառը լինելը։ Նույն հանդիպման ժամանակ հայտարարել եմ, որ շարժումը հարկադրված է լինելու գործել տևական ժամանակ և ասել եմ, որ այդ դեպքի համար առաջարկներ ունեմ։ Ցավոք, առաջարկս անուշադրության մատնվեց, ու հիմա շարժումը կանգնած է երկրորդ փուլի առջև` իմ կարծիքով պատրաստ չլինելով դրան։ 

-Եվ, ըստ Ձեզ, ի՞նչ է անհրաժեշտ անել այս նոր փուլում: 

-Այս փուլում անհրաժեշտ է իրականացնել շարժման կառուցվածքայնացում, հիմա կարիք է զգացվելու ոչ թե մարդկային քանակական ռեսուրսի, այլ իրականության ճանաչման կարողության, համակարգային մտածողության, գործուն կառույցների ստեղծման կարողության, մարաթոնյան հոգեկերտվածքի։ Մեր քաղաքական ուժերը խստորեն թերանում են այս հարցում և քիչ օգտակար կլինեն Սրբազանին։ Սրբազանը պիտի հրավիրի նշածս պահանջները բավարարող մարդկանց, նրանց հետ կազմի գործողությունների ծրագիր, իսկ քաղաքական ուժերը կներգրավվեն այն չափով, որ չափով օգտակար կլինեն ծրագրի իրագործմանը։ 

-Ի՞նչ նոր օրակարգով պետք է հանդես գա Սրբազանը, կարո՞ղ եք կետերով ներկայացնել։ 

-Օրակարգի իմ առաջարկն ունեմ, որը ներկայացված է «Ազգային վերելքի ուղին» խորագրով չորս ժամանոց տեսանյութում, հետաքրքրվողները կարող են դրան ծանոթանալ այս հղումով` https://youtu.be/8TL_1QLwkwg?si=npJCrs9Wzhm41yzO ։ Եթե սեղմ ասեմ, ապա աշխատանքներ պետք է տարվեն հետևյալ ուղղություններով` պաթոլոգիկ վիճակում գտնվող ժողովրդի ապաքինում, շարժման կառուցվածքայնացում և ազգակիր հատվածի ինքնակազմակերպում, ապագա պետության փոքր տարբերակի կառուցում։ 

- Ձեր դիտարկումներով, այն, ինչ տեղի է ունենում հիմա, ո՞ւր է տանելու շարժումը։

-Կամ արվում է այն, ինչը պահանջում է իրականությունը, իսկ իմ առաջարկը, կարծում եմ, բխել է այդ պահանջից, կամ` շարժումն արժանանում է նախորդների ճակատագրին։ 

-Ովքե՞ր են խանգարում Սրբազանին։ 

-Շարժման առաջին փուլը կարիք էր զգում որոշակի որակի մարդկանց, իսկ երկրորդ փուլի պահանջներն այլ են։ Եվ «հները» հիմա կաշկանդողի դերում եմ։ Գումարած ամբիցիաները, խանդը։ 

-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը կուղեկցվի նաև հանրաքվեով, դրա հնարավորությունը չբացառեց: Ինչ կարծիքի եք`մենք հատե՞լ ենք արդյոք անդառնալիության կետը, թե՞ հնարավոր է խուսափել ոչ միայն պետականության կորստից, այլև նորից ոտքի կանգնել: Թե մեզ սպառնում է Հայաստան՝ էրմենիստանի բովանդակությամբ։ 

-Ես ավելի վատ տարբերակ էլ եմ պատկերացնում` լինում է այս տարածքը, իսկ մենք չենք լինում։ Արտաքին ուժերի նպատակները, մեր քաղաքական մտքի ներկա մակարդակը և ժողովրդի պաթոլոգիկ վիճակը հաշվի առնելով` սա ամենահավանական տարբերակն է։ Դրանից խուսափելու, հնարավոր նվազագույն կորուստներով երկիրն ու ժողովրդին դուրս բերելու քայլերի համակարգ առաջարկում եմ վերոհիշյալ չորս ժամանոց տեսանյութում։ Մնում է ընկալում լինի։