Հող հանձնելու հանրաքվե՞

Հող հանձնելու հանրաքվե՞

Հանրաքվեն, ինչի մասին խոսում է Փաշինյանը եւ, բնականաբար, իրեն է համարում այդ միջոցառման քավորը, ոչ այլ ինչ է, եթե ոչ էշի հարսանիք: Դա այն չէ, որ էշին պսակում են, այլ այն, որ մարդիկ մասնակցում են մի միջոցառման, այս դեպքում՝ քվեարկության, որի ելքն էս գլխից հայտնի է: Դու գնալու ես ասես՝ «ոչ», իսկ արդյունքը լինելու է «այո»: Այո՝ այսինքն այնպես, ինչպես ուզում է Փաշինյանը: Թվերն էլ նկարելու է ԿԸՀ-ի Վահագն Հովակիմյանը: Կպարզվի, որ հարցմանը (հանրաքվեին) մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընդամենը 51,5 տոկոսը, որի ճնշող մեծամասնությունն «այո» է ասել, ենթադրենք, Շինուհայրն Ադրբեջանին հանձնելու «փայլուն գաղափարին»: Այսինքն՝ իսկական էշի հարսանիք: Մեզ վրա ուղղակի կղժժան մոլորակի բնակիչները: Մարդկության պատմության մեջ դեռ նման բան տեղի չի ունեցել, որ մի ողջ ժողովուրդ հանրաքվեով իր երկրի տարածքը հանձնի թշնամուն: Դա կարող էր մտածել միայն Նիկոլը, որ ինքնագլուխ կերպով տարածքներ ու գյուղեր հանձնելուց հետո է միայն հասկացել, որ ինքը, շատ ներողություն, գլոբալ ք.քի մեջ է հայտնվել, մեջ եւ ոչ թե վրան:

Խորամանկ աղվեսը հասկացել է, որ նույնիսկ ամենաթանկ բանի՝ խաղաղության համար չի կարելի հրաժարվել հայրենիքի (եթե կուզեք՝ պետության) մեկ թիզ հողից անգամ: Դրա համար իրեն կդատեն, կուղարկեն դժոխք, եռման ջրում կխաշեն այնքան, որ միսը ոսկորից թափվի: Եվ նա արդեն խոսում է ՀՀ սուվերեն տարածքներն ու գյուղերը հանրաքվեով հանձնելու մասին: Ի՞նչ կա որ, Աստծո դատաստանի ժամանակ կթափահարի ԿԸՀ-ի արդյունքներն ու կասի՝ ես թիվ մեկ մեղավորը չեմ, խնդրեմ, ժողովուրդն է այդպես ցանկացել: Դե եկ, Արարիչ, ու հայերից գլուխ հանիր: Բոլորով մասնակցել են էշի հարսանիքին ու սեփական երկիրը տվել թշնամուն: Ում պատմես՝ չի հավատա:
Մեր օրենսդրությունը, եւ ոչ միայն մերը, ենթադրում է սահմանների ողջամիտ փոփոխություն՝ պայմանով, սակայն, որ դա տեղի ունենա համապետական հանրաքվեի միջոցով, այսինքն՝ մեծամասնության հավանությամբ:

Երկու պետություններ կարող են իրար մեջ որոշել, որ սահմանն անցնի, օրինակ, բնական բաժանարարներով՝ գետեր, լեռնաշղթաներ, ձորեր եւ այլն: Իսկ եթե դրանց ափին կամ պռնկին բնակավայրեր ու վարելահողեր կան, կարելի է սահմանը նաեւ ծռմռել այնպես, որ այդ բնակավայրերում ապրող ու այդ հողերում արարող մարդկանց իրավունքները չխախտվեն, մայր երկրի հետ կապող ճանապարհները չփակվեն, մնացած կոմունիկացիաները չխաթարվեն եւ այլն: Խոսքն այստեղ երկուստեք համաձայնությունների մասին է, ո՛չ հայը, ո՛չ ադրբեջանցին չպետք է տուժեն սահմանազատումից ու սահմանագծումից: Իսկ ի՞նչ համաձայնություններ կան այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների (առաջնորդների) միջեւ: Դատելով Նիկոլ Փաշինյանի վաղեմի հայտարարություններից՝ համաձայնություններ կան, բայց դրանք բանավոր համաձայնություններ են՝ ձեռք բերված 44-օրյա պատերազմի վերջին օրերին կամ դրանից անմիջապես հետո: Ի՞նչ է պայմանավորվել Փաշինյանը՝ չգիտենք: Ջերմուկի, Սեւ լճի, Տավուշի, Վարդենիսի դեպքերը ցույց են տալիս, որ ոչ մի պայմանավորվածություն էլ չկա: Ալիեւը որ գյուղի կամ հողակտորի վրա դնում է մատը, Նիկոլն իսկույն տալիս է: Էն Մհեր Գրիգորյանն էլ իր հանձնաժողովով յա՛ կա, յա՛ չկա: Ալիեւը մատը որտեղ դնում է, բերում, գերազանցիկ աշակերտի նման բետոնե սյուն է տնկում: Էլ չեն նայում՝ եկեղեցի կա այդտեղ, խաչքար կա, սրբատեղի կա, գյուղ կա, տուն կա, անասնագոմ կա, հայ կա՝ վերջապես: Ճանապարհի մասին ընդհանրապես խոսք չկա՝ ոնց ուզում եք, գնացեք, եկեք, էս մերն ա, եւ վերջ: Այ, սրա համար Ալիեւին դժոխք չեն տանի, ավելին, նա գուցե ամենակարճ ճանապարհով կհայտնվի դրախտում, իսկ Նիկոլ Փաշինյանը, ինչպես արդեն ասացի, հայտնվել է գլոբալ ք.քի մեջ, որ միեւնույն ժամանակ անքննարկելի կապիտուլյացիայի վերջին փուլն է: Էլ տեղ չկա ավելի խորը խրվելու:

Հիմա էլ ուշացումով խելքի է եկել, գնահատել է իր իրական վիճակը եւ խոսում է հանրաքվեից: Պլստալու ձեւ է գտել իր արեւին: Այնքան էլ զգուշավոր է խոսում հանրաքվեից, որ լսողին կթվա, թե այդ մարդն ուզում է սահմանազատումն ու սահմանագծումն օրենքի շրջանակներում անել: Հանրաքվեն, ինչի մասին այսպես վախվխելով խոսում է Փաշինյանը, չի կարող տեղի ունենալ: Աստված մի արասցե, բայց եթե Փաշինյանն ու Վահագն Հովակիմյանը չկարողանան «այո» նկարել, պատերազմ կսկսվի: Ալիեւի տանձին չի, հասկանո՞ւմ եք, թե իր հանրաքվեով ինչ կասի հայ ժողովուրդը: Էս սարն իմն է, էս ծառն իմն է, էս ո՞վ է եկել տիրացել թաքուն… Ու Ալիեւն այնքան փող ունի, որ թփի տակ թաքցված գանձերով նրան չես խաբի: Նա իր երկրի եւ ոչ մի սանտիմետր հող չի տա մեզ այն ամենի դիմաց, ինչ որոշել է կորզել մեզնից: Փաշինյանը Սյունիքում ինչ-որ երազել է, թե հնարավոր են տարածքային փոխանակումներ: Փչոց է: Ինքն ինչքան ուժ ունի՝ պարտված է ու նաեւ այդ պատճառով է հիշել հանրաքվեի մասին:

Փաշինյանը մի բան ունի անելու այսօր՝ հրաժարական տալ ու գնալ ԱԱԾ պադվալ: Վահագն Հովակիմյանին էլ կարող է իր հետ տանել, նաեւ՝ իր ողջ թիմին, որի հետ սկսել է արագ-արագ ժողովներ անել: Մհեր Գրիգորյանի կապիտուլյանտ շեֆը պետք է հեռանա, ընդ որում՝ այնքան անաղմուկ ու արագ, որ Ադրբեջանն ու Թուրքիան չհասցնեն ուշքի գալ: 2020 թվականի նոյեմբերից ասում ենք, որ մեզ նոր բանակցող է պետք: Այդ հասարակ բանը Նիկոլի ու նրա թիմի գլուխը չմտավ: Այսօր ՀՀ իշխանական խունտան հայտնվել է գլոբալ ձախողման ճիրաններում, եւ ոչ մի փրփուր նրանց այլեւս չի փրկի: Նույնիսկ՝ հանրաքվեն, եթե այն պետք է անցկացնեն Նիկոլն ու նրա թիմը: