Գյումրիում կրպակներն ապամոնտաժում են, իսկ ավագանու անդամին պատկանող կրպակը տեղում է

Գյումրիում կրպակներն ապամոնտաժում են, իսկ ավագանու անդամին պատկանող կրպակը տեղում է

Գյումրու քաղաքապետարանն արդեն մի քանի ամիս է՝ ջանասիրաբար ապամոնտաժում է                                              պողոտաների կրպակները՝ փորձելով քաղաքը տեսքի բերել։Մինչ նախաձեռնությունը շատերին ոգևորել է , թե քաղաքը մաքրվում է ավելորդ աղբից,  կրպակների տերերը դառնացած են՝ օրավուր հացից են զրկվում :

Շատերն էլ դրանք ուղղակի վարձակալել էին եւ դրսում առևտուր անելու փոխարեն՝ հարմարեցրել իրենց գործունեությանը: «Ինչ տարբերություն, եթե կրպակների մեջ ապրանք դնելու փոխարեն հիմա քարերի վրա են շարել ու նստել, նորից նույն աղետալի վիճակը»,-նշում է քաղաքացիներից մեկը, մյուսը՝ նկատում․ «Լավ կենեն՝ կհիմնանորոգեն,  ըբը ընչի փողոցը փոքրցրին, մայթը մեծացրին, թե էլի ջինդարի նման խանութների ապրանքները բդի լցեն  մայթերին, դուք կպատկերացնեք՝ ավտոներն,  որ կայանեցին,  երկու ավտո իրար կողք չեն կարա երթևեկեն, էդ ով է էս խելացի գծագրողը,  ինքը վաբշե էդ փողոցով անցած կա կյանքում»:            

Երեկ հերթական կրպակն է  ապամոնտաժվել հիմնանորոգվող Հաղթանակի պողոտայից, մինչդեռ  Hrparak.am-ին դիմած քաղաքացիները պնդում են, որ համայնքապետարանը դրանք ապամոնտաժում է կամայականորեն։Եթե կրպակի տերը ազդեցիկ մեկն է, անգամ մատով չեն դիպչում ։ Որպես օրինակ մատնացույց են անում թիվ 9 հիմնական դպրոցի բակին հարակից տեղադրված կրպակը, որը, ըստ քաղաքացիների պատկանում է Գյումրի համայնքի ավագանու անդամներից մեկին :

Մեզ հաջողվեց պարզել, որ այն պատկանում է « Բալասանյան   դաշինք»-ի  ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյանին, եւ  վարձակալությամբ է տրված, որտեղ ավիատոմսեր են վաճառում: Թեև ավագանու անդամի հետ մեզ զրուցել չհաջողվեց, պարզեցինք, որ կրպակը նա ձեռք է բերել դեռ 2010թ-ին եւ այս պահին ապամոնտաժման  ենթակա չէ:  Իսկ թե առհասարակ ինչ հերթականությամբ եւ սկզբունքով է համայնքապետարանն իրականացնում կրպակների ապամոնտաժման գործընթացը, տեղեկանալու  համար մենք գրավոր հարցում ենք ուղարկել համայնքապետարան, որի պատասխանն ստանալուն պես կհրապարակենք: