Ո՞վ է սպառնում ՄԻՊ Անահիտ Մանասյանին

Ո՞վ է սպառնում ՄԻՊ Անահիտ Մանասյանին

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) լուրջ մտահոգություն է հայտնում առ այն, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը (Հայաստանի ՄԻՊ), նրա ղեկավար կազմն ու աշխատակազմը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացվող գործունեության պատճառով ենթարկվում են քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների։ Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցը վերահաստատում է իր աջակցությունը Մարդու իրավունքների պաշտպանին՝ Հայաստանում մարդու բոլոր իրավունքները խթանելու և պաշտպանելու իր աշխատանքում:

Իսկ ո՞վ կամ ովքե՞ր են սպառնում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, այս հարցի պատասխանը որևէ կերպ չկարողացանք ստանալ: Այսինքն՝ այն բոլոր օբյեկտիվ դժգոհությունները, որոնք հնչում են ՄԻՊ-ի աշխատանքի մասին, այն, որ նա պաշտպանում է ոչ թե հանրության, այլ իշխանության իրավունքները, մինչ դեռ օմբուդսմենը ոչ թե իշխանությանը պաշտպանելու, այլ իշխանությունից պաշտպանելու համար է կյանքի կոչված, Անահիտ Մանասյանն ընկալում է իբրև որպես սպառնալիք և միջազգային գործընկերներից օգնություն է հայցում:

Փաստաբան Միհրան Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ համացանցում հաճախ է նկատում, որ մարդիկ ՄԻՊ Անահիտ Մանասյանի կերպարին, արտաքին տեսքին են անդրադառնում՝ վատ իմաստով, ինչն ամեն դեպքում չի կարելի դիտարկել որպես սպառնալիք: Փաստաբանի կարծիքով՝ Մանասյանի հանդեպ ոչ դրական վերաբերմունքը հանրության մոտ պայմանավորված է նրանով, որ հասարակությունը դժգոհ է Մանասյանի աշխատանքից. «Ավելի շատ այստեղ խոսքը հեյթսպիչի մասին է, ինչը դրսևորվում է որոշակի գենդերային խտրականությամբ և այլն: Իրականում ես ինքս էլ նկատել եմ, որ համացանցում այդ բնույթի խոսույթ կա՝ Մանասյանի արտաքինի հետ կապված, ինչն իհարկե դուրեկան չէ, սակայն պետք է հասկանալ այդ ամենի դրդապատճառները, պետք է հասկանալ, ինչից է առաջացել այդ խնդիրը: Մի շարք հանգամանքներում, երբ ՄԻՊ-ի կողմից իր պարտականությունները՝ օրենքով սահմանված պատշաճ չեն կատարվել, այստեղ առաջացել է քննադատություն, ուղղորդում գուցե, որ ՄԻՊ-ը ավելի շատ խնդիրներ կոծկելով է զբաղված, այլ ոչ թե կոնկրետ գործառույթներ իրականցնելով: Այս ամենի վերաբերյալ քննադատությունն ընկալվել է որպես սպառնալիք, ինչը տեղին չէ: Ունեինք իրավիճակ, երբ ՄԻՊ Արման Թաթոյանը ռեալ աշխատանք էր կատարում, արձանագրում էր, թե ինչ խախտումներ են տեղի ունենում, ինչի արդյունքում վերջինիս սկսեցին այլևս Կառավարություն չհրավիրել, որովհետև նա իշխանության քիմքին հաճո աշխատանք չէր կատարում, այլ անում էր իր կոնկրետ պարտականությունները, դրանից հետո փոխվեց ՄԻՊ-ը և այս կառույցն էլ սկսեցին թիմ-թիմ անել: Հանրային դժգոհությունն առաջանում է հենց այս ամենից, երբ ՄԻՊ-ը ռեալ խնդիրներին ուշադրություն չի դարձնում: Բայց ի վերջո նա ի պաշտոնե պարտավոր է իր ուշադրության կենտրոնում պահել մարդու իրավունքների խախտման բոլոր դեպքերը: Մի քանի օր առաջ խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների վրա նռնակներ նետեցին, քաղաքացին կորցրեց իր ձեռքը, դրանից առաջ էլ Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքը տեղի ունեցավ, ինչի մասին մի անհասցե հայտարարություն տարածվեց ընդամենը, ոչինչ չասող հայտարարություն: Այստեղից էլ պարզ դարձավ, որ Անահիտ Մանասյանը զբաղված է ոչ թե քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ, այլ՝ պետական իշխանության, այս պարագայում՝ մարդ ծեծողի իրավունքների պաշտպանությամբ: Այս բոլոր դժգոհությունները նա ընկալում է որպես սպառնալիք, բայց այդտեղ չկա ոչ մի սպառնալիք, ստեղծվել է իրավիճակ, երբ հանրությունն է մատնանշում, թե որն է ՄԻՊ-ի ֆունկցիան: Տպավորություն է, որ Մանասյանն այսքան ժամանակ ֆեյսբուքում ստատուս գրելու և հանգամանքներ լղոզելու համար է ՄԻՊ աշխատում: Անդամահատված քաղաքացի ունենք, դաստակը կորցրել է ոստիկանության բիրտ ուժի արդյունքում: Ավելի քան հինգ օր նրան տուժող չէին ճանաչում, այդ մասին ոչ մի գործառույց ՄԻՊ-ը չի կատարել: Տպավորություն է, որ նա միայն հանգամանքներ լղոզելով է զբաղված ուրիշ ոչինչ», - նշեց Պողոսյանը: