«Հրապարակ»․ Հայաստանում ԼԳԲՏ անձանց կյանքը շատ վատ է, ոչինչ չի փոխվել

«Հրապարակ»․ Հայաստանում ԼԳԲՏ անձանց կյանքը շատ վատ է, ոչինչ չի փոխվել

«Հրապարակի» զրուցակիցն «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանն է:

- Փրայդ ամսվա առիթով դեսպան Քվինը Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Նորվեգիայի եւ Շվեյցարիայի դեսպանատների իր գործընկերների հետ ընդունեց համատեղ կազմակերպված ընդունելության հյուրերին, ԼԳԲՏ+ անձանց: 2018 թվականից հետո ի՞նչ է փոխվել ԼԳԲՏ համայնքում:

- Դրական իմաստով ոչինչ չի փոխվել, բայց բացասական առումով կա փոփոխություն: 2023 թվականի օգոստոսին իր իսկ բնակարանում սպանվեց տրանսգենդեր կին, մի քանի օր առաջ նորից իր իսկ բնակարանում հարձակվել են տրանսգենդեր կնոջ վրա, մազերն են կտրել, դանակով վախեցրել են եւ այլն: Պետության պարտավորությունն է՝ ընդունել օրենքներ, որոնք կպաշտպանեն ԼԳԲՏ անձանց իրավունքները, սակայն ոչինչ չի արվում այդ առումով: Ես այժմ գտնվում եմ ՄԱԿ-ում` տարբեր քննարկումների, լսումների ժամանակ բարձրաձայնում եմ այն հարցը, որ պետությունը ոչ մի քայլ չի անում՝ ԼԳԲՏ համայնքին աջակցելու համար: Այդ անձանց կյանքը վտանգված է: Մասնավորապես, տրանսգենդեր անձինք հասարակական վայրերից չեն կարողանում լիարժեք օգտվել, կան սրճարաններ, ռեստորաններ, որտեղ առհասարակ արգելված է տրանս անձանց մուտքը, չեն կարողանում օգտվել հանրային տրանսպորտից: Ինձ համար զարմանալի է, որ այժմ լսումներ են` Եվրամիության անդամ դառնալու համար: Եթե հստակ պաշտպանող ոչ մի մեխանիզմ անգամ չկա, էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Քիչ առաջ մասնակցում էի անկախ փորձագետի ռիփորթին, ով ներկայացնում էր ԼԳԲՏ անձանց խոշտանգումների դեպքերը: Տարբեր երկրների ներկայացուցիչներ ելույթներով հանդես եկան, աջակցություն հայտնեցին, ցավոք, Հայաստանի ներկայացուցիչն այստեղ չէր, թեպետ նստած էլ լիներ` ի՞նչ պետք է ասեր, միայն պետք է նոր դաժան դեպքերի մասին խոսեր: Միակ դրական բանն այն է, որ ես Ազգային ժողովի ամբիոնից ելույթով հանդես եկա, մարդիկ պատկերացում կազմեցին, թե ինչ է նշանակում տրանսգենդեր, ովքեր են նրանք եւ այլն: Այս 6 տարիների ընթացքում ոչ մի դրական շարժ չկա ԼԳԲՏ անձանց կյանքում: Կարո՞ղ եք մեկ օրենք ասել, որ պաշտպանում է համայնքին: Լավ, եթե ոչ պաշտպանող, ապա հավասար մի օրենք, որ արգելվի խտրականությունը եւ այլն: Ես հիմա ՄԱԿ-ի շենքում նախանձով եմ լցված, թե ինչպես են մի շարք երկրներ, ընդ որում՝ ոչ միայն եվրոպական, աջակցում ԼԳԲՏ համայնքին: Պետք է վերջ դնել բոլոր տեսակի խտրականություններին: Մեր կազմակերպությունը տեւական ժամանակ է՝ բարձրաձայնում է տրանս անձանց առողջապահական հասանելիության խնդիրների մասին: Մինչեւ հիմա հորմոնաթերապիայի, սեռափոխության հարցերը լուծված չեն: Չեմ հասկանում՝ սա ի՞նչ ջայլամային քաղաքականություն է: Ի՞նչ են ուզում ասել, որ Հայաստանում չկա՞ն սեռափոխված անձինք:

- Իսկ այն քրեական վարույթները, որոնք հարուցվում են` ձեր համայնքի հետ կապված սպանությունների, բռնությունների մասով, ի՞նչ ընթացք են ստանում: Բացահայտվո՞ւմ են:

- Գիտե՞ք ինչքան գործեր կան, որոնք մերժվում են` հիմքերի բացակայության համար, նշում են, որ դրանք ատելության հիմքով չեն եղել, որ այլ պատճառներ են եղել եւ այլն, եւ այլն: Էլ չեմ խոսում ոստիկանության մասին: Ես` ինքս, տրանս եմ եւ պարբերաբար խտրականության եմ ենթարկվում ոստիկանության, դատական համակարգի ու էլի շատ տեղերի կողմից: Հայաստանն ուզում է լինել ավելի ժողովրդավար, բայց ապահովվա՞ծ է գոնե ամենամինիմալ կետերով, որ ցանկանում են անդամակցել Եվրամիությանը: Ես տարբեր մարմիններում բարձրաձայնում եմ` Հայաստանում տրանս անձանց կյանքը վտանգված է: Ինձ համար կան սրճարաններ, որոնք ԱԺ-ում տեղի ունեցած իմ ելույթից հետո փակ են: Մի քանի օր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցավ միջադեպ, այնտեղ մտնելը նման է Ավարայրի ճակատամարտին, ամենասկզբից պատերազմի մեջ ես, մինչեւ վերջին վայրկյանը: Անձնագիրը բացում են ու սկսում խտրական վերաբերմունքը, իրար ականջի փսփսում են, ծաղրում, եւ այդպես՝ ամենուր: Ինչպե՞ս կարող է միջազգային օդանավակայանում նման մակարդակ լինել:

- Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որպես լիբերալ գաղափարների կրող: Մի քանի անգամ այս թեմաներով ելույթ է ունեցել: Այսինքն` այդ ամենն իրական չէ՞:

- Ես դրա պատասխանը չունեմ, ես ասում եմ` ԼԳԲՏ անձանց կյանքը շատ վատ է, ոչինչ չի փոխվել: Գեթ մեկ օրենք չկա, որ մեր օգտին լինի, ինչի մասին խոսում են, միանգամից վիժեցվում է: Ես տարբեր դեսպանների, դիպլոմատների հետ հանդիպումներ եմ ունենում, ներկայացնում եմ, թե ինչեր են կատարվում: