Մահացել է Լալա Մնացականյանը

Մահացել է Լալա Մնացականյանը

Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը։ Այդ մասին հայտնում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից։

«Խոր ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։ Ցավակցում ենք Լալա Մնացականյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լալա Բաբկենի Մնացականյանը ծնվել է 1957թ․՝ Երևանում՝ դերասանուհու և մաթեմատիկոսի ընտանիքում։ Մայրը՝ Էլիզա Գյուլեսերյանը, եղել է բեմական խոսքի դոցենտ, հայրը՝ Բաբկեն Մնացականյանը՝ մաթեմատիկոս, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Ընտանիքում եղել է երրորդ աղջիկը։ Սովորել է Երևանի N 78 դպրոցում։ Ավարտելով այն՝ ընդունվել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է 1978 թվականին կարմիր դիպլոմով։

Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։ 140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։

1991 թվականից բեմական խոսք էր դասավանդում Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր էր։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով։

Դերասանուհին 66 տարեկան էր։