Արեւմուտքը հօգուտ Հայաստանի դիրքորոշում չի ցուցաբերում, որովհետեւ Հայաստանն իրենց դաշնակիցը չէ

Արեւմուտքը հօգուտ Հայաստանի դիրքորոշում չի ցուցաբերում, որովհետեւ Հայաստանն իրենց դաշնակիցը չէ

Իրենց արեւմտամետ համարող որոշ ուժեր առաջարկում են Հայաստանի` ԵՄ-ին անդամակցության հարցը դնել հանրաքվեի։ Զրուցել ենք Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանի հետ, ով եւս Հայաստան-ԵՄ մերձեցման կողմնակիցն է։

- Հայաստանի՝ ԵՄ անդամության հայտ ներկայացնելու խնդիրը դրվեց հատկապես Եվրախորհրդարանում վերջին ընտրություններից հետո:

- Այդ հարցը դրվել է ՀՀ-ի առջեւ ԵՄ-ի կողմից այս տարվա մարտից։ ԵԽ-ն բանաձեւ ընդունեց, որտեղ Եվրահանձնաժողովին առաջարկում էր դիտարկել Հայաստանի ԵՄ անդամակցության հարցը։ Եվրախորհրդարանի նոր կազմն այնպես էական չի փոխվել, ենթադրելու համար, որ ԵՄ ընդլայնման հարցում ԵՄ առաջատար ուժերի քաղաքականությունը կարող է փոխվել։ Ինչո՞վ է առանձնահատուկ այդ որոշումը․ դա այն է, որ ԵՄ ղեկավար մարմինները որոշեցին, որ իմաստ չունի սպասել, մինչեւ Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան կկարգավորեն իրենց տարածքային խնդիրները։ Սա է նորը ԵՄ մոտեցման մեջ։ Մինչեւ այդ սառեցված կոնֆլիկտները թվարկված պետությունների համար ԵՄ կազմ մտնելու լուրջ խոչընդոտ էին։ ԵՄ-ն որոշեց դիտարկել նրանց թեկնածությունը, դա վերաբերում է նաեւ Հայաստանին։ ԵՄ տարբեր մարմիններ Վրաստան եւ Հայաստան այցելելիս այն միտքն են հայտնում, որ Վրաստանն ու Հայաստանը միասին պետք է անցնեն այդ ճանապարհը։ Սա աշխարհաքաղաքական որոշում է` ընդլայնել ԵՄ-ն Հարավային Կովկասում 2 երկրի հաշվին, ԵՄ տարածքը հասցնել Իրանի հետ սահմանին եւ բացառել Ռուսաստանի ու Թուրքիայի ազդեցությունը Հայաստանի եւ Վրաստանի վրա։ ՀՀ-ի` վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության հարցը լուծվում է հանրաքվեով, այսինքն, ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու համար հանրաքվեն պարտադիր գործողություն է։ Բնականաբար, մինչեւ իշխող ուժի դիրքորոշումը չպարզաբանվի հանրաքվեի գաղափարի վերաբերյալ, եվրոպական ինտեգրման մասին կարելի է խոսել միայն բարի ցանկությունների մակարդակում։

- Եվրոպական օրակարգը փորձում են առաջ մղել քաղաքական դաշտի մարգինալ ուժերը` մարդ-կուսակցություններ, որոնք համագործակցում են իշխանության հետ։

- Հանրաքվեի հարցն առաջ քաշելու նախաձեռնությունը գալիս է Հայաստանում Եվրոպական հանձնաժողովից, այդ ուժերը, որոնք իրենց հռչակել են արեւմտամետ, ակտիվ շփումների մեջ են հանձնաժողովի հետ։ Այս լսումների օգուտը կլինի իշխող ուժի դիրքորոշման հստակեցումը։ Չեմ կարծում, որ Փաշինյանը եւ ՔՊ վերնախավն այնպիսի ազատություն ունեն, որ հանրաքվեի դնեն հարցը, իրենք, լավագույն դեպքում, կօգտագործեն այդ հնարավորությունն ընտրությունների ժամանակ, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանն արեց, սակայն, եթե հիշում եք, այն չդարձավ վստահության հանրաքվե Սերժ Սարգսյանի համար, այլ դարձավ բողոքական քվեարկություն` հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի։ Բայց նման միտք սնանկ վիճակում գտնվող ՔՊ-ի մոտ կարող է առաջանալ՝ ինչ-որ բանից բռնվել եւ փորձել նվազեցնել ակնհայտ թուրքամետության բեռը, որ վերցրել են իրենց ուսերին եւ առաջ են տանում՝ քարոզելով ադրբեջանաթուրքական գաղափարներ։ Դատելով սոցիոլոգիական հետազոտություններից՝ ՔՊ-ն չի կարող հաղթել ընտրություններում, եթե դրանք լինեն մոտակա կիրակի։ Իսկ Սերժ Սարգսյանի օրինակը նրանում էր, որ երբ այդպիսի եվրոպամետ ծրագիր ես առաջ քաշում ընտրություններին, հիմք է առաջանում, որ Եվրոպան աչք կփակի խախտումների վրա, ինչպես 2013թ․ ընտրություններին եղավ, երբ միջազգային դիտորդները նայեցին եւ չտեսան, թե ինչպես է Սերժ Սարգսյանը փող բաժանում ընտրողներին։ Այսպիսի պարզագույն մտքեր կարող են այսօր քննարկվել ՔՊ-ում, բայց ես չեմ տեսնում նրա մոտ եվրոպական քաղաքականություն։ Հակված եմ գնահատել ՔՊ-ն որպես թուրքամետ ուժ, որի նպատակն է՝ հասնել 3+3 բանաձեւին եւ այդպես ճոճվելով ապրել։ Այսօր կա կարծիք, որ հանրությունը եվրոպական ուղղվածության պահանջ ունի։ Թե որքանով է այդպես, լուրջ հետազոտություններ պետք է լինեն, բայց այս պահին ես չեմ տեսնում ՔՊ-ի մոտ հնարավորություն՝ նման քաղաքականություն իրականացնելու։ Իրենք հետաքրքրված չեն Հայաստանում ներդրումներն ընդլայնելով, սպասարկում են ազգային օլիգարխիայի շահերը եւ այլն։

- Ասացիք` 2013-ին եվրաասոցացման պատճառով դիտորդները աչք փակեցին ընտրախախտումների վրա, այսօր էլ Արեւմուտքը չտեսավ, թե ինչպես իշխանությունը ռումբեր նետեց խաղաղ ցուցարարների վրա։

- Այո, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն բավականին լոյալ են նայում իր քաղաքական օպոնենտների դեմ իշխանության գործողություններին։ Դա պայմանավորված է նաեւ նրանով, որ այդ օպոնենտներն իրենց դիրքավորում են որպես Ռուսաստանի բարեկամ կամ աջակից ուժեր։ Հունիսի 12-ի դեպքերի ժամանակ եւս երեւաց, որ իշխանությունն անցավ իրեն տրվող, այսպես ասած՝ լիմիտը, եւ արժանացավ Հայաստանում ԱՄՆ դեսպանի քննադատությանը, թեպետ՝ շատ փափուկ։ Հունիսի 12-ի դեպքերը ՀՀ իշխանությունն ամեն կերպ ուռճացնում է, ուզում է ցույց տալ, որ Հայաստանում պետական հեղաշրջման լուրջ վտանգ կա, եւ դրա համար իրենք ԱԺ այգում կուտակեցին բոլոր տեսակի հատուկջոկատայիններին: Դա Հայաստանում գտնվող ԱՄՆ ներկայացուցիչների համար էր, որ ցույց տան՝ ինչ մեծ վտանգ է ՀՀ-ի համար ներկայացնում Բագրատ սրբազանի շարժումը, որ մտադիր են հարձակվել, ԱԺ-ն գրավել, ինչպես եղավ 2020թ․ նոյեմբերի 9-10-ի գիշերը, եւ իրենց հարկավոր էր, որ ինչ-որ բախում լինի, նռնակներ պայթեն։ Եթե այդ ֆոնի վրա նման բան տեղի չունենար, բոլորը հարց կտային՝ ինչո՞ւ եք այդպես չափազանցնում վտանգը, մեղադրում սրբազանին, եթե ցույցերը խաղաղ են անցնում։ Դրա համար իշխանություններին եւ ոստիկանությանը հարկավոր էր, որ այդ օրը լինի առիթ՝ ցուցարարների վրա նռնակներ նետելու, բայց, իմ տպավորությամբ, այդ շոուն նպատակին չհասավ, որովհետեւ վարկածը, որ պետական հեղաշրջման վտանգ կա, չաշխատեց։ Բայց այսպիսի մեթոդներով Փաշինյանին հաջողվում է վիժեցնել Արեւմուտքի հետ հարաբերությունները՝ անընդհատ մատնացույց անելով ՌԴ-ին, 5-րդ շարասյանը, որ նրանք են խանգարում իրեն, ուզում են իշխանափոխություն անել, ու դրա համար Հայաստանն Արեւմուտքի հետ հարաբերություններում զսպվածություն է ցուցաբերում:

- Կարծում եք՝ Արեւմուտքն ազնի՞վ է մեր նկատմամբ: ԱՄՆ-ն ողջունում է խաղաղության համաձայնագրի կնքումը, Բորելն ասում է, որ ագրեսորը չի կարող պայման թելադրել, բայց միայն՝ Ուկրաինայի դեպքում, իսկ Արցախում էթնիկ զտման վրա աչք փակեցին:

- Ես չէի ասի, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ ԵՄ-ն հովանավորում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը։ Իհարկե, կա նաեւ Թուրքիայի գործոնը, որն ԱՄՆ-ի գործընկերն է եւ փորձում է ադրբեջանական օրակարգն առաջ մղել, բայց որ ԵՄ-ն փայփայում է Ալիեւին, իրականում չկա, եւ դա երեւում է նաեւ Ալիեւի ելույթներից․ նա քննադատում է ԵՄ-ին, ԱՄՆ-ին, ուղիղ հայհոյում Ֆրանսիային։ Ասել, որ Ադրբեջանն ունի այնպիսի հարաբերություններ Արեւմուտքի հետ, որն ազդում է, օրինակ, Արցախի հարցի վրա, այդպիսի բան չկա։ Մեծ ազդեցություն բոլոր հարցերի վրա ունի Հայաստանում թուրքամետ իշխանությունը եւ ռուսամետ ընդդիմությունը։ Արեւմուտքն իրականում Հայաստանում հենարան չունի: Եվրոնիկոլիզմով զինված կուսակցությունները գործնականում հենարան չեն ո՛չ եվրոպական օրակարգի, ո՛չ ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերությունների համար, եւ ԵՄ-ն, ԱՄՆ-ն գլխավորապես աշխատում են կառավարության կամ խորհրդարանական ընդդիմության հետ: Հայաստանի վերաբերյալ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ԵՄ դիրքորոշումները չեն կարող հակասել ՀՀ իշխանությունների կամ խորհրդարանական ուժերի դիրքորոշումներին։ Պարզ ասած՝ ԱՄՆ-ի կողմից անիմաստ կլինի քննադատել Ադրբեջանին, եթե Հայաստանի ուժերը խնդրում են դա չանել եւ տարածաշրջանային հարցերում սպասարկում են ռուս-թուրքական շահերը։ Սա իրողություն է, որը շատ վատ տպավորություն է թողնում մեր հանրության վրա, նա տեսնում է, որ Պուտինի նկատմամբ Արեւմուտքի կողմից կա հստակ վերաբերմունք, իսկ Ալիեւը, որը ոչ պակաս հանցագործ է, կարողանում է պլստալ, բայց դա պայմանավորված է Հայաստանի ռուսամետ եւ թուրքամետ ուժերի քաղաքական դասավորվածությամբ։ ՀՀ կառավարության քաղաքականությունը հետեւյալն է՝ էթնիկ զտումը խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար: Ռուսամետ ուժերն էլ չեն կարող գնահատական տալ ՌԴ-ի դերակատարմանն այդ հարցում, որն էթնիկ զտման համակարգողն էր, եւ առաջանում է այս իրավիճակը։ Եվ շնորհիվ մեր քաղաքական ուժերի, Արցախի ապագան ամբողջությամբ հանձնված է ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին, իրենք են որոշում՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրել՝ հայերի հետվերադարձի պայմաններ ստեղծելու համար: Եվ դա կապ ունի ՀՀ պահվածքի հետ. որքանով Հայաստանը կմնա Ռուսաստանի ազդեցության գոտում, այնքանով հեռու կլինի այն, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կոշտ դիրքորոշում կցուցաբերեն Ադրբեջանի նկատմամբ` հայերի իրավունքները խախտելու համար։ Պահպանելով Հայաստանը Ռուսաստանի եւ Թուրքիայի ազդեցության տակ, փակվում են Արեւմուտքից Արցախին օգնություն ակնկալելու հնարավորությունները։ Այն, որ Հայաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները բավականին զուսպ էին զարգանում մինչեւ Արցախի դեմ ագրեսիան, պայմանավորված էր առաջին հերթին հենց Փաշինյանի կառավարության պահվածքով։ Պատերազմից հետո էլ ակնհայտ էր, որ թուրքամետ քաղաքական ուժը բոլոր ջանքերը պետք է ուղղեր Ադրբեջանին եւ Թուրքիային պատասխանատվությունից խուսափելու ուղղությամբ։ Այդ դրվագներին ականատես եղանք ՄԱԿ-ի ԱԽ-ում, երբ արցախահայերի բռնի տեղահանության հարցն էր քննարկվում, եւ Փաշինյանը հայտարարեց, որ նրանց ոչինչ չի սպառնում։ Այս ամբողջը քաղաքականություն է եւ գալիս է Հայաստանից։ Ֆրանսիայի Սենատի, ԵՄ բանաձեւերը, ԱՄՆ-ի՝ Հայաստանի հետ համագործակցության ռազմավարությունը կյանքի չեն կոչվում ՀՀ կառավարության պատճառով: Նա է այդ ամենը զրոյացնում։ Եթե Հայաստանի քաղաքական համակարգը դիտենք` թուրքամետ իշխող ուժն է խորհրդարանում եւ ռուսամետ ընդդիմությունը։ Այսինքն՝ ողջ քաղաքական համակարգը ստեղծված է այնպես, որ դիմադրի Արեւմուտքի քաղաքականությանը Հայաստանի նկատմամբ։ Դա հաջողվում է այն առումով, որ Հայաստանին ուղղվող ծրագրերը ներկայացվում են, հետո ինչ-որ պատճառներով վիժեցվում։ Այստեղ հարցն այն է, թե որքան երկար կարող է Փաշինյանը մի քանի տախտակի վրա զուգահեռ խաղալ՝ սպասարկելով ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ռուսաստանի շահերը, ե՛ւ չմերժելով ԱՄՆ-ին ու Ֆրանսիային։ Ինչ-որ մի կետում, իհարկե, այդ հակասությունը բացահայտ դրսեւորվելու է Արեւմուտքի եւ Նիկոլ Փաշինյանի կառավարության միջեւ։ 

- Այսինքն, Հայաստանի քաղաքական ուժերո՞վ են պայմանավորված եվրոպական արժեքներն ու մարդու իրավունքները: 

- ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Օ՛Բրայենն Արցախում հայերի էթնիկ զտման վերաբերյալ հարցին պատասխանեց, որ իրենք հետաքննություն են անում, զբաղվում են դրանով։ Սա խոսում է այն մասին, որ ե՛ւ ԵՄ-ն, ե՛ւ ԱՄՆ-ն արձանագրել են Ադրբեջանի կողմից Արցախում մարդու իրավունքների կոպիտ խախտումները, բայց որպես ճնշման գործիք կկիրառեն այն ժամանակ, երբ կհամարեն, որ դա աշխարհաքաղաքական իմաստով իրենց օգուտ է տալիս: Ակնկալել, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ողջ գործիքակազմը կկիրառեն Ադրբեջանի դեմ, երբ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության գոտում, չենք կարող։ Հօգուտ Հայաստանի դիրքորոշումներ չեն ցուցաբերում, որովհետեւ Հայաստանն իրենց դաշնակիցը չէ, շարունակում է մնալ Ռուսաստանի դաշնակիցը։