Որ կազմակերպություններն ու հեղինակներն են հաղթող ճանաչվել դասագրքերի մրցույթում

Որ կազմակերպություններն ու հեղինակներն են հաղթող ճանաչվել դասագրքերի մրցույթում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթության պետական նոր չափորոշիչով» պայմանավորված՝ 5-րդ, 7-րդ, 8-րդ եւ 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցութային հանձնաժողովի ընդունած որոշումը:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության մրցութային հանձնաժողովի նիստի արձանագրությունից, 5 հոգանոց հանձնաժողովի նախագահը եղել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, հանձնաժողովի անդամների թվում են եղել նաեւ Թամարա Սարգսյանը (ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ/(հանձնաժողովի անդամ, գնահատող), Ստալ Սարդարյանը (ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության հանրակրթական եւ արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ/հանձնաժողովի անդամ, բացող), Թամարա Գյոզալյանը (ԿԳՄՍՆ ֆինանսաբյուջետային վարչության կրթական ծրագրերի ֆինանսավորման բաժնի պետ /հանձնաժողովի անդամ, գնահատող), Կարինե Բաբայանը (ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության փորձագետ /հանձնաժողովի անդամ, բացող)։

Համաձայն հայտարարված մրցույթի արդյունքների, 5-րդ դասարանի 4 անուն դասագրքերի համար ներկայացվել է 7 օրինակ դասագիրք: Այսպես, օրինակ․ «Կերպարվեստ 5» առարկայի դասագրքի ստեղծման հայտ է ներկայացրել երկու կազմակերպություն՝ «Զանգակ-97» ՍՊԸ-ն եւ «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ն, որից «Զանգակ-97» ՍՊԸ-ի ներկայացրած դասագիրքը հաղթահարել է դասագրքի գնահատման համար սահմանված անցողիկ շեմը, իսկ «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ի ներկայացրած դասագիրքը` ոչ: «Զանգակ-97» ՍՊԸ-ի ներկայացրած դասագիրքը սահմանված կարգով ուղարկվել է լրամշակման: Նախարարությանն է ներկայացվել վերոնշյալ դասագրքի լրամշակված տարբերակը։ «Ռուսաց լեզու 5», «Իմ հայրենիքը 5» առարկաների դասագրքերը փորձաքննության փուլում են, որոնց անդրադարձ կլինի փորձաքննության արդյունքները ստանալուց հետո, եւ կներկայացվեն նախարարի հաստատմանը:

7-րդ դասարանի 6 անուն դասագրքերի համար ներկայացվել է 5 օրինակ դասագիրք: Ըստ այդմ․
«Գերմաներեն 7» առարկայի դասագրքի ստեղծման հայտ է ներկայացրել 2 կազմակերպություն՝ «Արեւիկ» ՓԲԸ-ն եւ «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամը: Ներկայացված 2 դասագրքերն էլ հաղթահարել են դասագրքի գնահատման համար սահմանված անցողիկ շեմը, որոնք սահմանված կարգով ուղարկվել են լրամշակման: Նախարարություն են ներկայացվել վերոնշյալ դասագրքերի լրամշակված տարբերակները:

8-րդ դասարանի 20 անուն դասագրքերի համար ներկայացվել է 40 օրինակ դասագիրք: Այսպես, օրինակ․ «Գրականություն 8» առարկայի դասագրքի ստեղծման հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն՝ «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ն, «Անտարես», «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ները եւ «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամը: Ներկայացված բոլոր դասագրքերը հաղթահարել են սահմանված անցողիկ շեմը, սակայն, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման նպատակով հայտարարված դրամաշնորհի հատկացման մրցույթի հրավերի պահանջների, բարձր միավորներ ստացել են «Անտարես» ՍՊԸ-ի եւ «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված դասագրքերը, որոնք սահմանված կարգով ուղարկվել են լրամշակման: Նախարարություն են ներկայացվել վերոնշյալ դասագրքերի լրամշակված տարբերակները:

10-րդ դասարանի 11 անուն դասագրքերի համար ներկայացվել է 8 օրինակ դասագիրք: Այսպես․ «Հայոց լեզու 10» առարկայի դասագրքի ստեղծման հայտ է ներկայացրել երկու կազմակերպություն՝ «Զանգակ-97» եւ «Աստղիկ գրատուն» ՍՊԸ-ները: Ներկայացված 2 դասագրքերն էլ հաղթահարել են դասագրքի գնահատման համար սահմանված շեմը, որոնք սահմանված կարգով ուղարկվել են լրամշակման: Նախարարություն են ներկայացվել վերոնշյալ դասագրքերի լրամշակված տարբերակները: «Գերմաներեն 10» առարկայի դասագրքի ստեղծման հայտ է ներկայացրել մեկ կազմակերպություն՝ «Զանգակ-97» ՍՊԸ-ն: Ներկայացված դասագիրքը հաղթահարել է դասագրքի գնահատման համար սահմանված անցողիկ շեմը, որը սահմանված կարգով ուղարկվել է լրամշակման: Նախարարություն է ներկայացվել վերոնշյալ դասագրքի լրամշակված տարբերակը: