ՌԴ-ում միգրացիոն «բեսպրեդել» է հասունանում. հայերն ապահովագրված չեն

ՌԴ-ում միգրացիոն «բեսպրեդել» է հասունանում. հայերն ապահովագրված չեն

Հայտնի է, որ վերջին շրջանում ՌԴ-ում խստացվել է միգրացիոն քաղաքականությունը՝ կացության թույլտվությունից մինչև աշխատանքային իրավունքներ, ռուսաց լեզվի ու երկրի օրենքների իմացություն, վարորդական վկայականների տրամադրում և այլն: Հաշվի առնելով, որ Ռուսաստան են մեկնում, ինչպես նաև այնտեղ ապրում և աշխատում են մեր բազմաթիվ հայրենակիցներ, խնդիրն առավել մտահոգիչ է դառնում: Ինչպես ասում են, հայերի ու հատկապես հայ խոպանչիների կյանքը վերածվել է իսկական մղձավանջի:

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը հայտարարել է, որ ՌԴ-ում գտնվող անօրինական միգրանտները լավ տեղավորվել են։ Այս մասին հաղորդում է «Պառլամենտսկայա գազետա»-ն՝ հղում անելով Ռուսաստանի ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևին պատգամավորի կողմից ուղարկված նախաձեռնությանը։

Միլոնովի խոսքով, միգրանտները Ռուսաստանում ապրում են այնպես, ինչպես ցանկանում են և կրկին չեն հարգում երկրի սովորույթները, իսկ եթե միգրացիոն օրենսդրությունը խախտվում է, օտարերկրացիները պարզապես արտաքսվում են և նրանցից փոխհատուցում չեն պահանջում իրենց ստացած եկամտի համար: Պատգամավորի կարծիքով՝ նրանք պետք է վարձահատույց լինեն կամ փոխհատուցեն, դիցուք՝ անվճար աշխատանքով։

«Եթե ապացուցվի այն փաստը, որ միգրացիոն ռեժիմը խախտողը օգտվում է հայրենական սոցիալական համակարգերից, ապա մինչև արտաքսումը նա պարտավոր կլինի վճարել դրանց շուկայական գինը Ռուսաստանի բյուջե կամ անցնել աշխատանքային վերապատրաստում աշխատանքային ռեզերվների կարիք ունեցող մարզերում»,-նշել է Միլոնովը։ Նա հավելել է, որ նման տարածաշրջան կարող է լինել Դոնբասը։