Ինչո՞ւ Գյումրու քաղաքապետն աշխատանքի չի գնում․ քաղաքապետին փոխո՞ւմ են

Ինչո՞ւ Գյումրու քաղաքապետն աշխատանքի չի գնում․ քաղաքապետին փոխո՞ւմ են

Տևական ժամանակ է՝ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը խոշոր միջոցառումներին, քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին չի մասնակցում: Փոխարենն առաջին պլանում են «Բալասանյան դաշինք»-ով փոխքաղաքապետեր ընտրված Լուսինե Սանոյանն ու Սուրեն Ջանոյանը: Սանոյանը մշակութային միջոցառումներից է անպակաս, շարունակ հյուրեր է ընդունում, իսկ Ջանոյանը նախօրեին  Գյումրիում տեղակայված սահմանապահ ջոկատի կազմավորման 100-ամյակին հատուկ ելույթով հանդես եկավ : Ուշագրավ է, որ այս ֆոնին ակտիվացել են խոսակցությունները, թե «Բալասանյան դաշինք»-ով քաղաքապետ ընտրված Վարդգես Սամսոնյանին հնարավոր է՝ շուտով փոխարինի փոխքաղաքապետերից մեկը, օրինակ, Լուսինե Սանոյանը, որը նախկին փոխքաղաքապետի դուստրն է, ավելին, նախկին քաղաքապետի՝ Սամվել Բալասանյանի քրոջ դուստրը: 

Որքանո՞վ են լուրերն իրատեսական՝ hraparak.am-ը փորձեց ճշտել Բալասանյան դաշինքի ավագանու խմբակցության ղեկավար Տիգրան Հովհաննիսյանից: Արդյո՞ք դաշինքի ներսում քաղաքապետին փոխարինելու հարց քննարկվում է:

«Նման բան չկա, չի քննարկվում, չի էլ կարող քննարկվել, քաղաքապետը բուլետենի մեջ է, շուտով աշխատանքի կգա»,-մեր հարցմանն ի պատասխան՝ ասաց դաշինքի ղեկավարը:

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Վարդգես Սամսոնյանը ջրծաղիկ է վարակվել  եւ մոտ երկու շաբաթ է՝ մեկուսացած է: