Ինչ նյուանսներ պետք է իմանալ իրանական էլիտաների վերաբերյալ

Ինչ նյուանսներ պետք է իմանալ իրանական էլիտաների վերաբերյալ

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի եւ նրան ուղեկցող բարձրաստիճան այլ անձանց՝ ավիաաղետից զոհվելու հետեւանքով իրանական թեմատիկան վերստին դառնում է արդիական նաեւ հայկական մեդիա-փորձագիտական դաշտում։ Այս համատեքստում, ի մի հավաքելով ռուսական եւ օտարալեզու տարբեր հարթակներում եղած կարծիքներն ու տեսակետները, փորձենք հնարավորինս ամփոփ ներկայացնել մի քանի նյուանս, որոնք կօգնեն հասկանալու իրանական քաղաքական կյանքի գունապնակը եւ իրանական էլիտաների բնույթը։

Եվ այսպես․ առաջիկա 50 օրերի ընթացքում Իրանի նախագահի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Մոհամմադ Մոհբերը։ Ո՞վ է նա։ 70 տարեկան այս անձը ոչնչով աչքի չի ընկել քաղաքական առումով։ Կարելի է ասել, որ քաղաքական առաջնորդության որեւէ ամբիցիա չունի։ Տիպիկ ֆունկցիոներ է։ Տարիներ շարունակ հսկել է Իրանի կրոնապետ, այաթոլլա Ալի Խամենեիի անհաշվելի հարստությունները` վերջինիս տարատեսակ իսլամական հիմնադրամներում։ Մոհբերը համարվում է, այսպես ասած, «մեշխեդյան կլանի» ներկայացուցիչ, Ռաիսիի թիմակից եւ, ինչպես այդ թիմի մյուս ներկայացուցիչները, ունի հատուկ ջերմ վերաբերմունք Ռուսաստանի հանդեպ, ինչը ոչ այնքան հուզական դրսեւորում է, որքան պրագմատիկ հաշվարկի վրա հիմնված վերաբերմունք, քանի որ խաղատախտակին, ինչպես ասում են, «Հյուսիս-Հարավ» միջանցքն է, միլիարդավոր դոլարների ներդրումները, սանկցիաների շրջանցման հնարավորությունները, ռազմական մատակարարումները եւ այլն։

Կպահպանվե՞ն, օրինակ, դրական հարաբերությունները Ռուսաստանի հետ այն մակարդակի վրա, որպիսին այժմ են: Թե՛ Թեհրանում, թե՛ Մոսկվայում, փորձագիտական մակարդակում, այս հարցում լիահույս են։ Սակայն քանի որ թիվ մեկ բորտերն ամեն օր չեն կործանվում, ապա կարելի է ասել, որ նոր նախագահը, ամենայն հավանականությամբ, որոշակի սրբագրումներ կկատարի։ Հատկապես որ շատ փորձագետներ վերջինիս փորձում են որոնել, ինչպես nezigar ալիքն է գրում, այսպես ասած, ԻՀՊԿ-ական տեխնոկրատների խմբակցությունից, որի առաջամարտիկներից կարելի էր համարել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադին եւ նախկին ՆԳ նախարար Սադեք Մոխսուլիին։ Վերջիններս իրենց հերթին բավական լավ հարաբերություններ ունեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին ղեկավար Ջաֆարիի հետ, ում թեկնածու Սայիդ Մոհամմադը նախորդ նախագահական ընտրություններում գրանցվել էր՝ պայքարելու նախագահի աթոռի համար։ Սակայն ասել, թե այս խմբակցությունն է միանշանակ «եղանակ թելադրելու», նշանակում է կարեւոր հանգամանքներ աչքաթող անել, որքան էլ որ նրանց հետ «բարեւ- բարի լույս» ունենան այնպիսի հինգվարդիական «հուր ու ջուր տեսած» ԻՀՊԿ-ականներ, ինչպիսիք են Ղալիբաֆն ու գեներալ Ռըզային։

Ռաիսիի մահից հետո պարզ դարձավ, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ժառանգորդ եւ իրավահաջորդ լինելու է նրա որդին՝ Մոջթաբը։ Վերջինս բավականին գործունյա մարդ է եւ վերջերս կարողացել է ընդհանուր լեզու գտնել իրանական մեկ այլ կարեւորագույն կլանի հետ, որը ղեկավարում է Հասան Խոմեյնին՝ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի թոռը։ Վերջինս համարվում է բարեփոխիչների թեւի «կնքահայրը»՝ փոխարինելով սեփական լողավազանում ջրահեղձ եղած Ռասանջանիին, ում անվանում էին «իրանական Չերչիլ»։

Հատկապես ռուսական մեդիա-փորձագիտական տիրույթում առկա է տեսակետ, որ Իրանի հաջորդ նախագահը կլինի այն անձը, ում շուրջ տեղի ունեցած «քաղաքական առեւտրի» արդյունքում ընդհանուր հայտարարի կգան այս երկու կլանները։ Իրանի նախագահ դառնալու հավանականություն ունի նախկին ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով Իրանին բերեց հայտնի միջուկային գործարքի համաձայնագիրը` Օբամայի օրոք։ Զարիֆն ուսանել է Միացյալ Նահանգներում, եղել է ՄԱԿ-ում իրանական դեսպան, Ահմադինեջադի նախագահության օրոք, ում նախագահ է դարձրել ոչ այլ ոք, քան Մոջթաբ Խամենեին՝ այաթոլլա Ալի Խամենեիի որդին։

Այստեղ պետք է նկատի ունենալ հաջորդ նյուանսը։ Մոսկվան խաղադրույք էր կատարել Ռաիսիի վրա։ Լոնդոնը ժամանակին օգնում էր Ռոհանիին, իսկ ներկայում էլ խաղադրույք է կատարել ծովակալ Շամխանիի վրա։ Մոջթաբի համար այլ բան չէր մնում, քան օտարերկրյա աջակցություն որոնել Վաշինգտոնում։ Սկսած 2021 թվականի աշնանից՝ նախկին նախագահ Ահմադինեջադը շփումներ է ունեցել ամերիկյան կողմի հետ։ Նա, ի դեպ, իրանական էլիտաներում ընկալվում է որպես Մոջթաբ Խամենեիի անձնական ԱԳ նախարարը։ Իսկ ուկրաինական պատերազմի առաջին իսկ օրվանից, ըստ շրջանառվող տեսակետների, Ահմադինեջադը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը պայմանավորվածություն ունեն Ուկրաինայի մասնատման հարցի շուրջ։

Արդեն իսկ խոսվում է, որ Իրանի ԱԳ նոր նախարար կդառնա հենց Ալի Բաղերի Քանին, ով այաթոլլա Ալի Խամենեիի սիրելի դստեր ամուսնու եղբայրն է։ Նա է Վիեննայում բանակցություններ վարել միջուկային գործարքի շուրջ եւ ոչ թե նախարար Աբդոլահիանը։ Խամենեին, ով արդեն 85 տարեկան է, եւ կասկածամտությունը նրա մոտ հասել է գրեթե հոգեխանգարմունքի մակարդակի, վստահում է միայն իր կլանի կամ ընտանիքի անդամներին։ Շամխանիի ձեռքից Խամենեին կարողացել է խլել գրեթե բոլոր լծակները։ Ի դեպ, Շամխանին էլ հայտնի էր որպես Պատրուշեւի հետ ընկերական հարաբերություններ ունեցող գործիչ։

Ահա՝ այսպիսին է իրանական բարդ ու խճճված ներքաղաքական դաշտը, ու նաեւ այստեղ տեղի ունեցող իրադարձություններից է կախված տարածաշրջանում եւ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների ընթացքը: