«Հրապարակ». Ով է որոշում, թե ցուցարարին ինչքան ու ինչով խփել

«Հրապարակ». Ով է որոշում, թե ցուցարարին ինչքան ու ինչով խփել

Ոստիկանությունը շարունակում է Կիրանց համայնքը շրջափակված պահել: Կարծես ռադիոակտիվ զոնա են պահպանում եւ Բագրատ սրբազանին ու մյուսներին էլ արգելում են մտնել գյուղ։ Դրանից առաջ էլ առավոտ-բարի լույսով ոստիկանության զորքերը հավաքվել, իրար համբուրել-ողջագուրվել էին, ապա ծեծի ենթարկել միջպետական ճանապարհը փակած քաղաքացիներին, ապա բերման ենթարկել ոստիկանություն։ Նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանին խնդրեցինք գնահատական տալ ոստիկանության այս գործողություններին, արդյոք արդարացվա՞ծ էր այդ ծեծուջարդը, համաչա՞փ էր հետապնդած նպատակին, եւ նպատակը, որ իրենց առաջ դրել էին ոստիկանները, իրավաչա՞փ էր։

«Ճիշտ կլինի՝ դա գործողներին հարցնել, որովհետեւ ես, ցավոք սրտի, չեմ էլ նայել այդ լուրերը եւ ճշգրիտ կարծիք հայտնել չեմ կարող»,- խուսանավեց պաշտոնաթող գեներալը։

Մահտեսյանին հարցրինք՝ լավ, առհասարակ, ոստիկանները ե՞րբ են դիմում ուժային գործողության, ինչպե՞ս են գնահատում, թե ինչ չափի ուժ պետք է կիրառեն, որպեսզի համաչափ լինի հետապնդած նպատակին։ Կարճ ասած՝ ո՞վ է որոշում, թե ցուցարարին ինչքան խփել, ինչով խփել ու մարմնի որ մասին խփել, որ դա լիազորությունների վերազանցում չլինի։ «Այդտեղ պարզապես համաչափության խնդիրն է, եւ տվյալ դեպքում իրենց ստորաբաժանումների ղեկավարներն են որոշում համաչափության հարցը, որովհետեւ նրանք տիրապետում են օրենքին, տիրապետում են համաչափության խնդիրներին, իրենք որոշում են եւ իրենք էլ պատասխանում են, թե ինչպես, ոնց»,- պատասխանեց ոստիկանության գեներալը։

Հարցրինք նաեւ․ ի՞նչ է լինում, երբ, օրինակ, ստորաբաժանման ղեկավարը որոշում է, որ բիրտ ուժ չպետք է կիրառվի, սակայն ոստիկանության առանձին ծառայողներ ազարտի մեջ են ընկնում եւ առանձնակի դաժանությամբ սկսում են ինքնագլուխ ցուցարարներին ծեծել։ «Այդ դեպքում իրենք պատասխանատվության են ենթարկվում, ինչպես ցանկացած քաղաքացի, որը բռնի գործողություն է կատարում, սկսվում է պատասխանատվության գործընթաց»,- պատասխանեց Մահտեսյանը։

Նշենք, որ ոստիկանության այդ գործողություններից հետո որեւէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել, ուստի ակնհայտ է, որ ոստիկանները ցուցարարներին դաժանաբար ծեծում են ոչ թե սեփական նախաձեռնությամբ կամ պահի ազդեցության տակ, այլ իրենց վերադասի կողմից տրված հստակ առաջադրանքի հիման վրա։ Նրանց վերադասն էլ, հավանաբար, հրահանգները ստանում է իր «վերադասից»: Այլ կերպ ասած՝ ցուցարարներին ծեծելն այս պահին պետական քաղաքականություն է։