Բագրատ Սրբազանի առնչությունը Երուսաղեմի պատրիարքարանին

Բագրատ Սրբազանի առնչությունը Երուսաղեմի պատրիարքարանին

Ազնվորեն որոշել էի, որ ոչինչ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասին չեմ գրի՝ մինչեւ շարժման ավարտը։ Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, ովքեր գնահատում են սրբազանի ծառայությունը եւ առաջնորդությունը, գնահատում են ձեւավորված շարժումը, քանի որ այն ՔՊ-ին հրաշալի դաս էր։ Սրբազանի ձեւավորած շարժումը ամբոխավարության ալիքի վրա իշխանություն զավթած ՔՊ-ական ուսապարկերին ցույց տվեց իրենց տեղը։ Ուսապարկերին չթվա, թե միայն իրենք են կարողացել 2018-ին 30-35 հազար մարդ հավաքել 22-23 000 քմ տարածք ունեցող Հանրապետության հրապարակում (ովքեր ավելի մեծ թվեր են նշում, ուղղակի ստում են, որովհետեւ 1 քմ-ի վրա 1,5 անձն այն առավելագույն խտությունն է, որով հնարավոր է, որ մարդիկ ժամերով մի վայրում կանգնեն, թող 2018-ին մի 5-10 000 հոգի էլ կողքի փողոցներում կանգնած լինեին)։ Սակայն ՔՊ-ին իր տեղը ցույց տալու դաստիարակչական գործառույթից այն կողմ, շարժումը դեռ Երեւան չհասած, ես վստահ եմ եղել, որ այն չի կարող ո՛չ սահմանագծման-սահմանազատման գործընթացի վրա ազդել, ո՛չ էլ իշխանափոխության հանգեցնել։ Ինչու եմ վստահ, կգրեմ, երբ շարժման ավարտի մասին հայտարարվի։ 

Այդուհանդերձ, հաստատուն որոշում ունենալով, որ շարժման ընթացքում ոչինչ այդ թեմայով չեմ գրի, ոչ այնքան շարժմանը, որքան Բագրատ սրբազանի կենսագրության՝ տասնամյա վաղեմության մի դրվագի մասին գրելը դարձավ անհրաժեշտ։ Սկսվեց ամեն ինչ այնտեղից, որ շաբաթվա սկզբից իմ ընկերներից ոմանք՝ Հայաստանից, ոմանք՝ նույնիսկ սփյուռքից սկսեցին հարցնել, այլոք` «տեսնո՞ւմ ես ինչե՜ր են պարզվում․․․» տոնայնությամբ ասել, թե Բագրատ սրբազանը 2012-13-ին փորձել է դառնալ Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց Միաբանության անդամ եւ պատրիարքական թեկնածու՝ դրա համար պատրաստ լինելով հրաժարվել Էջմիածնի միաբանությունից։ Իշխանության կողմից շրջանառության մեջ դրված այդ տեղեկության եւ թեզի իմաստը, ըստ իս, ցույց տալն է, թե Բագրատ սրբազանը տառապում է կարիերիզմով, այնքան, որ անցյալում էլ մտքով անցել է Կանադայից գալ եւ հընթացս Երուսաղեմի հայոց պատրիարք դառնալ։ 

Երբ սկսեցի հարցնել, թե ով է նման անմտություն ասել, թե Բագրատ սրբազանը Երուսաղեմի հայոց պատրիարք դառնալու հավակնություն է ունեցել, պարզվեց, որ այդ թեմայով խոսք ասած անձանցից մեկը (ինձ զանգած մարդիկ հենց նրան էլ լսել էին) իմ ընկերներից է։ Այդ ընկերս բոլորովին եկեղեցական հարցերի գիտակ չէ, այնպես որ՝ հաստատ ինքը չէր տեղեկության աղբյուրը, փոխարենը կարող էր ոչ ճիշտ ենթադրություններ անել։ Զանգեցի նրան։ Ասաց, որ ինքն ասել է, թե Բագրատ սրբազանը 2013-ին, երբ Թորգոմ պատրիարքը վախճանվել էր, եւ պատրիարքական ընտրություններ էին կայանալու, դիմել է Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց միաբան դառնալու համար, դրա համար Էջմիածնի միաբանությունից է պատրաստ եղել հրաժարվել, եւ արդեն, որպես ենթադրություն՝ մոտիվացիան եղել է պատրիարքական թեկնածու առաջադրվելը։ Ընդ որում, ընկերս ասաց, որ շնորհակալ կլինի, եթե առաջին երկու հանգամանքը կարողանամ ճշտել, քանի որ դրանք փաստերի են վերաբերում, եւ եթե ինքը սխալվել է, դրանից հետեւություն կանի, երրորդը՝ պատրիարքական հավակնությունների մասով ենթադրություն է։ 
Խնդրով հետաքրքրվեցի, եւ պարզվեց երեք փաստ․ առաջին՝ Բագրատ սրբազանը 2012-13-ին իսկապես դիմել է Սրբոց Յակոբեանց Միաբանությանն անդամագրվելու համար․ դա փաստ է։

Երկրորդ․ Էջմիածնի միաբանությունից հրաժարվել-չհրաժարվելու խնդիր գոյություն չի ունեցել։ 
Բագրատ սրբազանը եպիսկոպոս ձեռնադրվել է Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ, հետեւաբար, նա կարող էր Կ․ Պոլսի կամ Երուսաղեմի մեր միաբանություններին անդամագրվել՝ մնալով Էջմիածնի միաբանության անդամ։ Վարդապետները միայն մեկ միաբանությունում կարող են լինել, Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ձեռնադրված եպիսկոպոսները՝ մեկից ավելի։ 

Երրորդ փաստն այն է, որ Բագրատ սրբազանը Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց Միաբանության շարքերը չի ընդունվել։ 

Այս երեք փաստերն արձանագրելուց հետո մնում է թեմայի մասով երկու ենթադրություն՝ ինչո՞ւ է Բագրատ սրբազանը դիմել Սրբոց Յակոբեանց Միաբանությանը միանալու համար եւ ինչո՞ւ չի միացել։ Կարող եմ կրկնել, որ հաշվարկը, թե Բագրատ սրբազանը դիմել է Սրբոց Յակոբեանց միաբան դառնալու համար, որպեսզի կարողանա նույն՝ 2013-ին պատրիարքական թեկնածու առաջադրվել, ուղղակի անմտություն է։ 2013-ից դեռ տարիներ առաջ, Թորգոմ պատրիարքի ողջության օրոք, արդեն հայտնի էր, որ Երուսաղեմի հայոց պատրիարքի մի թեկնածուն Նուրհան սրբազանն է, ով այդ ժամանակ պատրիարքարանի Լուսարարապետն էր, մյուս թեկնածուն էլ՝ Արիս սրբազանը։ Դեռ Թորգոմ պատրիարքի ողջության օրոք թեկնածուներն ու ճամբարները ձեւավորված էին, հետեւաբար, Բագրատ սրբազանը եթե նույնիսկ միաբան դառնար եւ առաջադրվեր, ո՞վ նրան կընտրեր։ 

Այստեղ առավել հավանական մոտիվացիան այն է, որ, ինչպես այդ ընկերոջս էլ ասացի, հավանաբար, 2012-13-ին Բագրատ սրբազանի ծառայության շրջանը Կանադայում ավարտվել է, ինքն էլ, երիտասարդ լինելով, դեռ ցանկացել է շրջագայել, դրսում ապրել, սփյուռքի թեմերում ծառայել։ Երուսաղեմի Միաբանությանն անդամագրվելն այդքանը հաստատապես երաշխավորում էր։ Թերեւս ուղղակի երկու տարեթվերը՝ Կանադայում սրբազանի ծառայության ավարտի եւ Երուսաղեմի հայոց պատրիարքի ընտրության, համընկել են։ Ի դեպ, հետո Մայր Աթոռի կայքում նայեցի՝ իսկապես էլ Բագրատ սրբազանի ծառայությունը Կանադայում 2013-ին ավարտվել է (2003-2013): 

Վերջապես՝ ինչո՞ւ Բագրատ սրբազանը Սրբոց Յակոբեանց Միաբանություն չի ընդունվել։ Այ, սա ամենաինտրիգային հարցն է։ Որքան ինձ հաջողվել է պարզել, դեմ է եղել եւ խոչընդոտել է շատ կոնկրետ սրբազան Երուսաղեմում, ով՝ ինքը, եղել է պատրիարքական թեկնածու։ Այդ սրբազանը հետո պատրիարք է ընտրվել ընդամենը մեկ ձայնի առավելությամբ։ Բագրատ սրբազանը միաբանության անդամ լիներ, մեծ հավանականությամբ՝ այդ մեկ ավել ձայնը այդ թեկնածուն չէր ստանա եւ պատրիարք էլ չէր ընտրվի։ Պրոէջմիածնական թեկնածուն այդ ընտրություններում Արիս սրբազանն էր, եւ պարզ է, որ Բագրատ սրբազանի ձայնը գնալու էր այդ թեկնածուին։ Դրա համար էլ մրցակից թեկնածուն՝ Նուրհան սրբազանը, սկզբից եւեթ միջամտել եւ չեզոքացրել է իր համար ուրվագծվող այդ վտանգը։
Ահա եւ ամենը, ըստ իս։