Հարցազրույց

Արցախի առաջնորդներին փակի տակ պահելը պարզապես վրեժ է` ինչ-որ ծես

Արցախի առաջնորդներին փակի տակ պահելը պարզապես վրեժ է` ինչ-որ ծես

Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների` Ռուբեն Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի և Լևոն Մնացականյանի կալանքները 5 ամսով երկարաձգվել են: Ի՞նչ խնդիր է լուծում Փաշինյանի գործընկեր Իլհամ Ալիևը, ինչպես ազատել մեր ղեկավարներին ադրբեջանական խոշտանգումներից։

«Հրապարակը» զրուցել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ:

- Մինչ պատերազմ տանուլ տված ու հողեր հանձնող իշխանություններն ապրում են Ադրբեջանի բռնապետության հետ խաղաղության սին հույսերով, Արցախի ղեկավարները եւ 44-օրյայի ռազմագերիներ շարունակում են խոշտանգվել Բաքվի բանտերում: Չկա՞ այս իրավիճակից ելք: Հայաստանն իսկապե՞ս չի կարող ազատել իր քաղաքացիներին:

- Հայաստանը բոլոր հնարավոր ու անհնար միջազգային հարթակները պետք է օգտագործի այս հարցում, այդ թվում` սփյուռքի պոտենցիալը, միջազգային ԶԼՄ-ները և այլն: Հայկական կողմը պետք է անվերջ ահազանգի, այդ թվում միջազգային կառույցներին, որպեսզի խնդրին իսկապես ուշադրություն դարձվի: Հայաստանն ու ՀՀ պատկան մարմիններն այսօր բացարձակ լռություն են պահպանում, առհասարակ չբարձրաձայնելով գերիների հարցը, իսկ միջազգային հանրությունը մեր փոխարեն պարտավոր չէ անվերջ խոսել հայ ռազմագերիների մասին և զբաղվել նրանցով: Հայկական կողմը պետք է լինի նախաձեռնողն այս հարցում: Միջազգային հարթակներում ելույթներ ունենալիս մենք չենք տեսնում, որ հայ բարձրաստիճան պաշտոնյաները ռազմագերիների խնդրին առաջնահերթություն տան: Ակնառու է դա: Խոսում են գոյություն չունեցող երևույթների մասին, ինչպիսին օրինակ` Հայաստանի ժողովրդավարությունն է, թեպետ 2023-ի միջազգային բոլոր զեկույցներում նշվում է, որ Հայաստանում ժողովրդավարությունն անկում է ապրում: Այս իշխանության համար միֆական երևույթներից խոսելն է կարևոր, իսկ գերիների մասին չեն էլ մտածում:

- Բայց պնդում են, որ զբաղվում են հայ ռազմագերիների հարցով:

- Դա պետք է տեսանելի լինի` միջազգային հարթակներում: 

- Օրինակ` ի՞նչը կարող է սաստել Ադրբեջանին:

- Որոշ գործողություններ կարող են սաստել` եթե նրանց միջազգային գործընկերները ճնշումներ գործադրեն: Դա վաղ թե ուշ կբերի նրան, որ ադրբեջանական կողմը ճնշումների ներքո գուցե տասն անգամ մտածի, նոր մի բան անի, դա կարող է ազդել նրանց հեղինակության, իմիջի վրա, բայց եթե նման քայլեր, գործողություններ չեն արվում, իսկ հայկական կողմն այդ հարցերին չի տալիս առաջնահերթություն, Ադրբեջանն էլ անհանգիստ չէ ու անում է այն, ինչ ցանկանում է: «Կարմիր խաչ»-ից ու Ռուբեն Վարդանյանի ընտանիքից բացի գրեթե ոչ մեկի կողմից որևէ հայտարարություն չենք լսում: Պետական ապարատի կողմից էլ ոչ մի արձագանք չկա, օրինակ, նույն Ռուբեն Վարդանյանի ընտանիքի ահազանգերի մասով: Դուք տեսե՞լ եք որևէ արձագանք իշխանության կողմից, ես չեմ տեսել: Մարդը հացադուլ է սկսել` իմանում ենք նրա ընտանիքից: Դա ևս մեկ անգամ փաստում է, որ հայկական կողմն, առնվազն պաշտոնական մակարդակում, հանրության համար տեսանելի գործողությունների չի դիմում: Անվերջ կարելի է ասել, որ զբաղվում են գերիների հարցերով, բայց ո՞րն է արդյունքը, արդյունք չկա: Իրավիճակն էլ գնալով բարդանում է:

- Իսկ կոնկրետ ո՞ր միջազգային կառույցները, ատյանները կարող են ազդել:

- Ադրբեջանցի մի ակտիվիստ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բոլոր միջազգային կազմակերպություններին, ԵՄ-ին, բոլոր բոլորին զեկույց է ներկայացրել, իսկ այս կազմակերպություններն աշխատում են շատ արագ ու որոշ ժամանակ անց նույն Ադրբեջանի քաղբանտարկյալներն ազատ են արձակվել: Խափանման միջոց են փոխում, արդարացման վճիռներ են կայացվում, պրակտիկան բազմազան է: Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում գործադրելը շատ հնարավոր է: Դեպքեր կան, երբ եվրոպացի գործընկերներն են միջամտում գործին, հետագայում այդ մարդկանց տանելով երկրից: Կամք, ցանկություն է պետք: Հայաստանի կառավարությունն ու ԱԳ նախարարությունը` դիվանագիտական կորպուսը, ինչու չէ` նաև սփյուռքը, ունեն դրա ադմինիստրատիվ ռեսուրսները։

- Այսինքն` կարո՞ղ ենք ասել, որ այս իշխանություններին ձեռնտու է, երբ իրենց քաղաքական հակառակորդներին գերության մեջ են պահում։

- Փաստացի իրենց լռությունն ու անգործությունն այդպիսի տպավորություն են թողնում: Դա վկայում է այն մասին, որ այս իշխանություններին լրիվ միևնույն է հայ ռազմագերիների հարցը: Մեր երկրի իշխանություններն անտարբերության ուղերձ են հղում նաև ՀՀ բոլոր քաղաքացիներին, որ եթե ձեզ հետ էլ նման մի բան պատահի, մենք ոչ ձեր անվտանգությունն ենք ապահովելու, ոչ էլ փորձ ենք անելու ձեզ վերադարձնել: Այսինքն` հայ ժողովրդի թիկունքում պետություն գոյություն չունի:

- Փաստացի եթե այս իշխանությունները մնացին, այս մարդկանց ճակատագիրը մնալու է անորոշ, սառույցի վրա գրված:

- Վստահ եմ, որ եթե հայկական կողմը շարունակեց այս ոճով աշխատել, ապա գերիները կարող են դատապարտվել ու տասնյակ տարիներով մնալ Բաքվի բանտերում: Իսկ պատճառն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է իր ժողովրդին ցույց տալ, որ հաղթանակը շարունակական է: Դրանով իսկ փորձ անելով նոր շահարկումներ անել: Որպեսզի ադրբեջանցի ժողովուրդը սոցիալական խնդիրներն ասպարեզ չբերի, Ալիևին նման փոքրիկ հաղթանակներ են պետք: Գերիներին պահելով Ադրբեջանը նաև հայ հասարակության մեջ փորձում է վախ ներարկել:

- Իսկ քաղաքական ի՞նչ խնդիր են լուծում` հոգեբանական ճշումից ու սեփական ժողովրդին հաճոյանալուց զատ:

- Ռազմաքաղաքական էլիտային փակի տակ պահելը պարզապես վրեժ է, ժողովրդի վրա հաղթողի տպավորություն թողնելու համար: Սա էլ ինչ-որ մի ծես է նրանց համար, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի ընդվզել Ադրբեջանի դեմ, այդ թվում տեղի ազգային փոքրամասնություններին: Հայ հասարակությանը տալիս են այլ մեսիջ ևս, որ իրենք ուժեղ են ու անպարտելի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image